Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուր

Մայիս 02,2006 00:00

Ջուր ու տաք ձմեռ չեն ունեցել Բայց թե՛ մեկի, թե՛ մյուսի համար ստիպում են վճարել Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Տաք ձմեռ» ՓԲԸ-ն, որը ստեղծվել է կենտրոնացված ջեռուցման ժամանակ, գյումրեցիներին դատարանի դուռն է հասցրել: Հիշյալ կառույցը վերջերս ճանաչվել է սնանկ, ու լուծարային հանձնաժողովի մտահղացմամբ՝ բնակիչները պետք է մուծեն 2004-ի ջեռուցման պարտքերը: Քանի որ նրանք չեն կատարել որոշումը, ընկերությունը դիմել է դատարան: Դատարանում են հայտնվել շատ միայնակ ծերեր, որոնց ուղարկված սեւ թուղթը՝ դատական ծանուցագիրը, պարտադրում է վճարել 40-50 հազար դրամի չափով գումար՝ մի ծառայության դիմաց, որից չեն օգտվել: Անի թաղամասի մի խումբ բնակիչներ «Առավոտին» բողոքեցին, որ «դատի տալու լինեինք՝ մենք պտի տայինք, ջերմամատակարարման ընկերությունը սառեցման ծրագիր է իրականացրել, քանի հոգի հենց 2004-ին թոքաբորբից մեռան: Համ էլ՝ ո՞վ է իրանց հետ պայմանագիր կնքել, ինչի՞ հիման վրա են դատարան վազել՝ չենք հասկանում, թե՞ էս էլ փող կորզելու մի ձեւ է»: Հիշեցնենք, որ ջերմամատակարար կազմակերպություն-սպառող վեճերից հոգնած՝ երկրի նախագահը նախանցյալ տարի կառավարության միջոցներով գազիֆիկացրեց Անի թաղամասը, որը, մասնագետների գնահատմամբ՝ ջեռուցման համար բացարձակ պիտանի չէր, քանի որ բնակարանները չունեն համապատասխան օդափոխիչներ, եւ բնակիչները հարկադրված անտեսում են անվտանգության նորմերը՝ վառարանները տեղադրելով միջանցքներում: Ի դեպ, թաղամասում արդեն գրանցվել է գազից մահվան դեպք: Եվ սա այն դեպքում, երբ տեխնիկապես հագեցած Մայիսյանի կաթսայատունը քայքայվում, գուցեեւ թալանվում կամ մաս-մաս վաճառվում է, իսկ կաթսայատան տնօրենը, դեմ լինելով անհատական ջեռուցման ծրագրին, անընդմեջ պնդում էր, որ այն իր հզորությամբ լիարժեք հնարավորություն է տալիս կարգին ջեռուցել քաղաքի երկու մարդաշատ թաղամասերը՝ Անին ու Մուշը: Ընդհանրապես, վերջին շրջանում մարզերում հանրային ծառայություններ մատուցող ՓԲԸ-ները սկսել են «խեղճացնել» գյուղացիներին: Եթե մայրաքաղաքում բնակիչը «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ պայմանագիր է կնքում, ջրաչափ տեղադրում ու ըստ ջրաչափի ցուցիչի՝ վճարում սպառած ջրի համար, գյուղերում բոլորովին այլ սկզբունք է գործում: Շատ մարզերում, օրինակ՝ Արարատի մարզում գյուղացիները դեռ ջրաչափեր չեն տեղադրել, ուստի տեսուչներն ընդհանուր ջրագծի ցուցիչի վրա արձանագրված գումարը հավասարապես կիսում են գյուղացիների միջեւ ու հաշվում նույն սակագնով՝ ինչ ջրաչափ տեղադրած բնակչի համար: Մի կողմից՝ գյուղացիներն իսկապես օգտվում են ընդհանուր ջրամատակարարման խողովակից, բայց մյուս կողմից՝ նրանց ծորակից ջուր չի գալիս. ստիպված են լինում ոտքով հարյուրավոր մետրեր կտրել ու ջուրը տեղափոխել դույլերով: Չնայած այս դժվարություններին՝ ամեն ամիս պարտաճանաչորեն հայտնվում է ջրի տեսուչն ու «դեմ տալիս» կլորիկ գումարով անդորրագիր: Բնակիչների ներկայացմամբ՝ «նրան չի հետաքրքրում՝ դո՞ւ ես շատ օգտվել ջրից, թե՞ հարեւանդ, վախեցնում են, թե գործերը կուղարկենք դատարան»: Ոմանց հաջողվում է տեսուչների հետ լեզու գտնել ու համոզել՝ «մի քանի ամսից լոբին կծախենք՝ բիրիք կտանք»: Գյուղացիները մեզ հետ զրույցում հավաստիացնում էին, որ եթե «Երեւան ջուրը» բարեխղճորեն կատարի իր պարտականությունները, իրենք էլ նորմալ կվճարեն, բայց «Ջրմուղ-կոյուղին» ներկայումս միայն անդորրագրեր է տպում ու բաժանում. «Ձմեռը շլանգներն են սառում-տրաքում, ամառն էլ որ էդ ջրի մեջ չայի խոտ գցենք, չայի տեղ կխմվի»,- բողոքեցին գյուղացիները: Տեսուչների մեկնաբանությամբ՝ «գյուղ մտնող ջրագծերին տեղադրված ջրաչափը թիվ է ցույց տալիս, հո ֆրանսիացուն չենք էթա բերի մտցնենք տները, ասենք՝ տես, ջուր չի գալիս, քեզ փող չեմ տա»: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել