Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ն

Մայիս 02,2006 00:00

ՕԵԿ-ն էլ է պատասխանատու Ընդգծում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը – Շշուկներ են պտտվում, որ ՀՀԿ-ն նախապատրաստվում է արտահերթ համագումարի, եւ որ մի շարք ազդեցիկ քաղաքական եւ պետական գործիչներ մտադրություն ունեն անդամակցել ՀՀԿ-ին: Կխնդրեինք մեկնաբանել այս շշուկների իսկությունը: – Եթե ուշադիր ուսումնասիրեք ՀՀԿ պատմությունը, ապա կտեսնեք, որ ցանկացած համապետական ընտրություններից առաջ ՀՀԿ-ն միշտ էլ հրավիրել է արտահերթ համագումար, որտեղ հստակեցրել է ընտրություններին մասնակցելու իր մարտավարական սկզբունքները: Պարզ է, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունները բացառություն չեն եւ կարեւորվում են կուսակցության կողմից, քանի որ այդ ընտրություններին հաջորդելու է հանրապետության նախագահի ընտրությունը 2008 թվականին: Ինչ վերաբերում է մի շարք ազդեցիկ քաղաքական-պետական գործիչների՝ ՀՀԿ-ին անդամակցությանը, կարող եմ ասել, որ այս գործընթացն էլ նորություն չէ: ՀՀԿ շարքերում այժմ էլ ներգրավված են բազմաթիվ հայտնի քաղաքական-պետական գործիչներ: ՀՀԿ-ն իր 15-ամյա գործունեությամբ ցույց է տվել, որ կուսակցության համար առավել կարեւոր են ազգի եւ պետության շահերը, ունի հստակ գաղափարախոսություն եւ նաեւ մեծ դեր ու ազդեցություն քաղաքական գործընթացներում, եւ սա նաեւ կուսակցական քաղաքական գործիչների գործունեության արդյունքն է: – Իսկ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն արտահերթ համագումարի ժամանակ հայտարարի նախագահական ընտրություններում իր թեկնածուի կամ այն քաղաքական գործչի անունը, որին կսատարի ՀՀԿ-ն: – Այս հարցին բազմիցս պատասխանել ենք, որ ՀՀԿ-ն նախագահական ընտրությունների վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի միայն 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո: Ներկայումս մենք կարեւորում ենք հենց խորհրդարանական ընտրությունները: – Կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը վերջերս մի գերմանական թերթի տված հարցազրույցում ակնարկել էր, որ ՀՀ-ում տեղի ունեցած նախորդ բոլոր՝ թե՛ նախագահական եւ թե՛ խորհրդարանական ընտրությունները կեղծվել են: Ձեր գնահատականն այս հայտարարությանը: – Հայաստանյան մամուլում տրված տեղեկատվությունից կարելի էր այդպես հասկանալ, բայց ես կասկածում եմ, որ Արթուր Բաղդասարյանն ի նկատի է ունեցել 2003 թվականի համապետական ընտրությունները, քանի որ 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ն այն հիմնական կուսակցություններից էր, որ սատարում էր Ռոբերտ Քոչարյանին: Իսկ 2003թ. խորհրդարանական ընտրությունների, քաղաքական համաձայնության ձեռքբերման արդյունքում Արթուր Բաղդասարյանը զբաղեցրեց Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, եւ այս երեք տարիների ընթացքում երկրում տեղի ունեցած բոլոր գործընթացներին թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարությունում ՕԵԿ-ը ունեցել է ակտիվ մասնակցություն եւ հետեւաբար ունի պատասխանատվության իր բաժինը: Ըստ www.hhk.am-ի Հ. Գ. Վարչապետը մի քանի ուշագրավ հայտարարություն էլ արել է Ջավախքի վերաբերյալ, նախ նշելով՝ «Հայաստանը իր պատրաստակամությունն է հայտնել գործուն աջակցություն ցուցաբերել Ջավախքում իրականացվելիք սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին: Ցավոք սրտի, վրացական կողմը մինչ այժմ խոստումներից բացի որեւէ քայլ չի ձեռնարկել»: Եվ հավելել է. «Ներկայումս քաղաքական խնդիրների եւ քաղաքական պահանջների ներկայացման ժամանակը չէ, սակայն եթե Վրաստանում քննարկման դրվի այնպիսի սահմանադրության կամ օրենքի նախագիծ, որով նախատեսվում է դաշնային պետության մոդել, ապա այդ դեպքում, իհարկե, պետք է հաշվի առնվի նաեւ Ջավախքի հարցը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել