Մոսկվայի
«Օլիմպիյսկի» մարզահամալիրում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի ազգային հավաքականը, նվաճելով երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալ, օլիմպիական
հաշվարկով (նվաճած մեդալների քանակով եւ որակով) գրավեց թիմային առաջին տեղը: Իսկ
վաստակած միավորներով մեր թիմը հանգրվանեց 4-րդ հորիզոնականում՝ իրենից առաջ թողնելով
միայն Թուրքիային, Ռուսաստանին եւ Ուկրաինային, որոնք մարզաձեւում ավանդաբար համարվում
են աշխարհի հզորագույն տերությունները: Մրցումների ավարտից հետո հեռախոսով
հարցազրույց ունեցանք հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի
հետ: – Նախ շնորհավորում եմ փայլուն մրցելույթների առիթով: Բայց, այնուամենայնիվ,
պիտի հարցնեմ. գո՞հ ես քո սաների արդյունքներից: – Շնորհակալություն շնորհավորանքի
համար: Բնականաբար, երկու «ոսկուց» եւ մեկ «արծաթից» դժգոհ լինել չի կարելի: –
Դու, որպես կանոն, հրաժարվում ես պաշտոնական պատասխանատու մրցումներից առաջ որեւէ
խոստում տալ, գուշակություն անել: Հոգուդ խորքում սպասո՞ւմ էիր նման արդյունքի: –
Ճիշտն ասած, ավելին էի սպասում: Նկատի ունեմ 66 կգ քաշային, հանրապետության բազմակի
չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր Վահրամ Հունանյանին: Նա միանգամայն
պատրաստ էր մեդալ նվաճելուն: Պարտադիր չէր՝ ոսկե: Նրա մեջ Մոսկվայում հոգեբանական
արգելք եղավ: Վիճակահանությամբ մեկնարկային գոտեմարտում Վահրամի մրցակիցը աշխարհի
եռակի չեմպիոն Եգորլու Շերեֆն էր: Գոտեմարտի ավարտից 15 վայրկյան առաջ Վահրամը հաղթում
էր: Բայց վերջին պահին զգուշացավ ու պարտվեց: Եթե հայ ըմբիշը այդ գոտեմարտը շահեր,
մյուսներում էլ, վստահ եմ, կհաղթեր: Աշխարհի չեմպիոնին պարտվեց նաեւ Վահրամի եղբայրը՝
74 կգ քաշային Մխիթար Հունանյանը: Բայց նրանք զիջեցին հավասար պայքարում: –
Իսկ մյուս ըմբիշների մասին ի՞նչ կասես: – Վեց մասնակից ենք ունեցել: Շատ դժգոհ
եմ 96 կգ քաշային Ռոբերտ Պետրոսյանից, որն աշխարհի երիտասարդների արծաթե մեդալակիր
է, միջազգային մրցաշարերի մրցանակակիր, համաշխարհային ուսանողական խաղերի 3-րդ մրցանակակիր,
Հայաստանի բազմակի չեմպիոն: Նա մի տեսակ վախեցած էր մտնում մրցագորգ, շատ զգույշ
էր գոտեմարտում: Նա պատրաստ էր առաջնությանը, բայց ինչի ունակ էր՝ չարեց: –
Քո թիմում մեկ լեգեոներական կար՝ Յուրի Պատրիկեեւը: – Պատրիկեեւն առաջնությանը
չմասնակցեց: Նա մինչեւ մեր ժամանելն արդեն Մոսկվայում էր: Սկզբում ինձ ասաց, թե իրեն
կազմակերպիչները չեն թողնում մասնակցել՝ իրավունք չունի: Պատասխանեցի, որ ստում է:
Ճշտել եմ: Ոչ մի խնդիր չկա: Թույլատրում են: Պարզապես, ինքը չի ուզում մենամարտել:
Միայն դրանից հետո խոստովանեց, որ պատրաստ չէ: – Եվ ՀԱՕԿ-ն ի՞նչ որոշում է
կայացրել: – Հիմա նրա առջեւ խիստ պայման է դրվել: Եթե նա աշխարհի առաջնությունում
սպասելիքները չարդարացնի, շատ հնարավոր է՝ նրա հետ պայմանագիրը խզվի: – Ե՞րբ
եւ որտե՞ղ է լինելու աշխարհի առաջնությունը: Եվ նախապատրաստական ի՞նչ ծրագրեր ես
կազմել: – Սեպտեմբերի 25-27-ը՝ Չինաստանում: Ամեն բան պլանավորված է ու գնալու
է իր հունով: Հիմա ըմբիշներին հանգիստ եմ տվել: Մայիսի վերջին կայանալու է Հայաստանի
գավաթի խաղարկությունը, որին միայն Եվրոպայի առաջնության մեդալակիրները չեն մասնակցի:
Այնուհետեւ՝ ուսումնամարզական հավաքներ, միջազգային մրցաշարերի մասնակցություն՝ մինչեւ
աշխարհի առաջնությունն սկսվելը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ