Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱՎՈՐԸ՝ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ

Մայիս 02,2006 00:00

Դատարանները երբ պետք է՝ «անկախ» են, երբ պետք է՝ ոչ

ՀՀ Գեղարքունիքի մարզի նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանը հայց է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի դեմ:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանում այն գտնվում է անցյալ տարվա նոյեմբերի 18-ից: Դատավորին 2003-ին աշխատանքից ազատել են «ողջամիտ» ժամկետը խախտելու համար, «քրեական գործի դատաքննությունն անհիմն ձգձգելու պատճառով ավելի քան 5 ամիս» պատճառաբանությամբ:

Դատավորը «Առավոտին» տեղեկացրեց, որ ԱՆ Դավիթ Հարությունյանը 413-ա հրամանով իր նկատմամբ հարուցել էր կարգապահական վարույթ՝ հիմքում դնելով «իր իսկ հանձնարարականով անհայտ անձի կողմից», «անհասկանալի կարգով կատարված 90601002 քրգործի ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը»:

Ըստ Ա. Սաղաթելյանի, նախարարը հանդես գալով իր լիազորությունները դադարեցնելու մասին միջնորդությամբ, մեկ այլ գործի կապակցությամբ տրված նկատողությունն օգտագործել է իր դեմ: «Արդարադատության նախարարությունը լինելով գործադիր իշխանության հանրապետական մարմին, իր իրավասության շրջանակներում իրավունք ուներ ստուգելու միայն դատարաններում առկա քաղաքացիական գործերով վճիռները, որոշումները, քրեական գործերով որոշումները, դատավճիռները՝ գույքի բռնագանձման մասով»,- ասում է Ա. Սաղաթելյանը:

Գործազուրկ դատավորի կարծիքով, սակայն, չի սահմանվել դատավորի դեմ «ստուգման իրավական հիմքերը», ստուգումն իրականացնող մարմնի նպատակը, ժամանակը, անունը: (Նկատենք, որ քաղաքացիների հարյուրավոր դիմումներին պատասխանում են, թե դատական համակարգն անկախ է եւ որեւէ մարմին իրավունք չունի նրա գործունեությանը միջամտել):

«Իր գործողություններով արդարադատության նախարարը յուրացրել է դատարանի լիազորություններ, իրավական գնահատական տալով դատավորի գործունեությանը, խախտելով ՀՀ դատարանակազմության մասին օրենքի 2-րդ հոդվածը, այն է՝ ՀՀ–ում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները»:

Դիմումատուն նաեւ ասում է, որ դատավորը պարտավոր չէր, ըստ օրենքի, բացատրություններ տալ իր վարույթում գտնվող գործի կամ նյութի էության վերաբերյալ:

Ըստ Ա. Սաղաթելյանի, չունենալով նշված քրգործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, արդարադատության կիսատ իրականացման փուլում ԱՆ-ն դիմել է արդարադատության խորհուրդ՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար:

Իր գործընկեր դատավորից նախկին դատավորը պահանջում է անվավեր ճանաչել նախարարի միջնորդությունը, ԱՆ տեղեկանքը՝ գործի ուսումնասիրության մասով:

Նշենք, որ մինչ օրս այս դատավորի գործերի ընդունում-հանձնում չի եղել, չկա նախագահի հրամանագիրը, ինչը նշանակում է, որ դատավորի պաշտոնանկությունը իրավաբանական ուժ չունի:

Ի դեպ, 1997-ին Սաղաթելյանին հայտարարվել էր խիստ նկատողություն՝ գործերի դատաքննությունն անհիմն ձգձգելու համար:

ՀՀ ԱՆ աշխատակազմի պատասխանատու Նունե Խաչատրյանը պաշտոնական
գրությամբ դիմել է դատավոր Է. Ավետիսյանին, ում վարույթում նախկին դատավորի հայցն է, հայտնելով. «Դիմումում բերված փաստարկները լիովին անհիմն են, Սաղաթելյանը թույլ է տվել դատավարական նորմերի կոպիտ խախտումներ, դիմումի բովանդակությունը վկայում է Սաղաթելյանի ոչ բավարար մասնագիտական ունակությունների մասին»:

Օրեր առաջ Սաղաթելյանը «տեղեկություններ ստանալու» դիմում է ուղարկել ԱՆ աշխատակազմի ղեկավարին՝ հետեւյալ նախաբանով. «Բնավ չկասկածելով ոչինչ չասող գրություններ կերտելու Ձեր ունակությանը, չխորանալով իմ՝ դատավորի մասնագիտական ունակությունների մասին սին դատողություններ անելու իրավաբանական եւ էթիկական նորմերի մեջ, խնդրում եմ կատարել մեկ պատշաճ բան. տեղեկություններ տրամադրել»:

Եվ վերջապես. եթե դատավորը աշխատանքից է ազատվել՝ դատաքննությունը «ողջամիտ ժամկետում» (5 ամսում) չսկսելու համար, ապա ինչո՞ւ նրա՝ նախարարի դեմ հայցը նույն «ողջամիտ ժամկետում» (2005-ի նոյեմբերի 18-ից մինչեւ 2006-ի մայիս) չի քննվում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031