Վստահ
են մայիսմեկյան շքերթի դուրս եկած կոմունիստները Հայաստանի կոմունիստական
կուսակցությունը երեկ տոնեց Աշխատավորների համերաշխության միջազգային տոնը: Այլ կուսակցություններ
տոնին չէին մասնակցում, նրանք երեւի աշխատավորների տոնը համարում են կոմունիզմի մնացորդ
եւ հրապարակը թողել էին կոմունիստներին: Սակայն եթե երեկ ընդդիմադիր յուրաքանչյուր
կուսակցություն նույնքան մարդ կարողանար հանել երթի, որքան փողոց էին բերել կոմունիստները,
ապա երեւի իրականանար ընկեր Ռուբեն Թովմասյանի եւ մյուս կոմունիստների վերջին 15
տարիների երազանքը, եւ սոցիալիզմը նոր ուժով կներխուժեր երկիր: Բայց, ինչպես միշտ,
ընդդիմադիրներին խանգարել էին նրանց ամբիցիաները եւ ոչ ազատական երեւալու վախը, դրա
համար էլ չէին միացել ընկերներին: Մի շարք կուսակցությունների ղեկավարների հեռախոսազրույցի
ընթացքում հարցրինք, թե ինչո՞ւ իրենք եւս չեն միացել կոմունիստների միջոցառմանը:
Պատասխանը, ինչպես միշտ, հայտնի էր՝ «Իրենց միջոցառումն է՝ թող իրենք էլ անեն, մենք
ի՞նչ գործ ունենք»: Եվ մնացել էին տներում, մանավանդ՝ եղանակը անձրեւոտ էր եւ տնից
դուրս գալու չէր: Իսկ կոմունիստները կարմիր դրոշներով, կարմիր «վիզկապներով» եւ կարմիր
ժապավեններով ողողել էին ամբողջ Մաշտոցի պողոտան: Փողային նվագախմբի շքերթային հնչյունների
ուղեկցությամբ տարբեր տարիքի մի քանի հարյուր մարդ, մեր հաշվարկներով՝ հազարից ավելի,
«կեցցե»-ներ եւ «ուռռա»-ներ գոչելով՝ հասան Հանրապետության հրապարակ: Բայց իրենք
հայտարարեցին, որ մտնում են Լենինի հրապարակ: Հենց այդ պահին կենտկոմի քարտուղարը
բարձրախոսով հայտարարում էր. «Հրապարակ են մտնում Հայաստանի կոմունիստները»: Զգացողությունն
այնպիսին էր, որ դու գտնվում ես ժամանակային այլ գոտում, ոչ թե 21-րդ դարի վեցերորդ
տարին է, այլ՝ 20-րդ դարի յոթանասուն-վաթսունական թվականները, երբ «զոռով» տանում
էին շքերթի եւ պարտադրում հագնել միանման սեւ-սպիտակ համազգեստ, կապել «վիզկապներ»
եւ բոլորից համոզված եւ բարձր գոռալ նույն «կեցցեն» եւ «ուռռան»: Երթին մասնակից
մարդիկ եւս կարծես Երեւան եկած լինեին նույն 60-70-ականներից: Նրանք չէին էլ թաքցնում,
որ երազում են սոցիալիզմի վերադարձը, եւ դարձյալ թիվ մեկ թշնամի էին համարում «Հակակոմունիստական,
հակաժողովրդական հիստերիա ծավալած այն համակարգին, որի գլխավոր դերակատարն է ԱՄՆ-ն:
Այդ նա է տենչում մարդակուլ գլոբալիզացիայի եւ ագրեսիայի միջոցով աշխարհի տիրակալ
դառնալ, առիթներ փնտրելով երկրագնդի այս կամ այն հատվածում իրագործել իր զավթիչ,
թալանչիական նկրտումները»: Մեջբերումը ՀԿԿ կենտկոմի մայիսմեկյան հայտարարությունից
է: Գնդապետ Դանիել Թադեւոսյանը շքերթի էր եկել իր բոլոր շքանշաններով, նաեւ
համոզմունքով՝ «Մենք պետք է սոցիալիզմը ետ բերենք, որ մարդիկ ապրեն ոչ թե այս ալան-թալանով,
այլ ապրեն հավասար՝ ինչպես սոցիալիզմի ժամանակ: Ես չեմ ասում էն ժամանակ սխալներ
չեն եղել, բայց էս քաղաքը ո՞վ է կառուցել»: Երբ հարցը տրվեց, անցնում էինք Մաշտոցի
պողոտայի այն հատվածով, որը դեռ չի քանդվել հանուն ինչ-որ մեկի բիզնեսի բարգավաճման:
Մասիսի թիվ 3 եւ Նորամարգ գյուղի միջնակարգ դպրոցների աշակերտներից շատերն
էին եկել մայիսմեկյան շքերթի, բոլորն էլ կարմիր վզկապներով էին: Նրանց ուղեկցող մի
կոմունիստ տիկին հայտարարեց, որ երեխաներին պիոներական կարգ ու կանոնը դուր է գալիս,
բայց նաեւ խանգարողներ կան, ովքեր արգելում են անցյալի վերադարձը: Անիի շրջկոմի քարտուղար
Գեւորգ Հարությունյանի ներկայացմամբ, շրջանում մոտ հինգ հարյուր կոմունիստ կա, եւ
բոլորն էլ հավատում են, որ սոցիալիզմը վերադառնալու է. «Մեր շրջանը զուրկ է արդյունաբերական
ձեռնարկություններից, ժողովուրդը չունեւոր է եւ ավելի շատ է հավատում կոմունիստական
կուսակցությանը, ավելի մեծ երազանքով է հիշում այն ամենը, ինչ ունեցել է եւ ինչից
զրկվել է: Մենք էլ ուզում ենք մեր երեխաների համար վերադարձնել առաջվանը»: Ընկեր
Հարությունյանը վստահ է, որ այսօր Հայաստանում կա երկու կուսակցություն. «Մեկը կոմունիստական
կուսակցությունն է, մյուսը՝ հակակոմունիստական կուսակցությունը, այսինքն՝ մնացած
բոլորը հակակոմունիստական կուսակցություն են»: Մայիսմեկյան հանրահավաքին մասնակցելու
համար մայրաքաղաք էին բերվել մի շարք մարզերի կոմունիստներ: Այստեղ էին «Լենինականի
կոմկուսը», «Կիրովականի կոմունիստները», Երեւանի «Լենինյան շրջանի աշխատավորները»
«Հոկտեմբերյանի ընկերները» եւ բազմաթիվ պիոներներ, իրենց ասելով՝ կոմերիտականներ,
կային նույնիսկ հոկտեմբերիկներ: Իսկական տոնական տրամադրություն, որը, սակայն, հասավ
մինչեւ ընկեր Մյասնիկյանի արձանը: Այստեղ հասնելուն պես «կոմունիստական հրով վառված
հոգիները» նույնիսկ ընկեր Ռուբեն Թովմասյանի բոցաշունչ ելույթն ամբողջությամբ չլսեցին,
մանավանդ՝ բարձրախոսը շատ վատն էր, եւ հեռվում կանգնածներին ՀԿԿ կենտկոմի քարտուղարի
խոսքն անհասանելի մնաց: Իսկ ընկեր Թովմասյանը ասում էր. «Հայաստանի իշխանություններն
այսօր պայմաններ չեն ստեղծում իր քաղաքացիների համար իր երկրում աշխատելու»: Ցուցապաստառներից
մի քանիսի վրա գրված էր. «Հավերժ Ռուսաստանի հետ»: Մեր հարցին՝ դարձյա՞լ Ռուսաստան,
երբ նույն Ռուսաստանը մեր ունեցվածքը տարավ գազի, պարտքի եւ չգիտես ինչի դիմաց, ընկեր
Թովմասյանը պատասխանեց. «Մենք միշտ դատապարտել եւ դատապարտում ենք, որ ժողովրդի ունեցվածքը
վաճառվում է, անկախ նրանից՝ ո՞ւմ ուզում է լինի, թեկուզ Ռուսաստանին, բայց մենք ինքներս
ենք վաճառում, որովհետեւ նրանք չեն գալիս եւ «ռակետաներով» չեն տանում: Եվ ավելի
ձեռնտու է, որ Ռուսաստանն է գնում եւ ոչ թե տարբեր երկրներ»: Շքերթից հետո
կարմիր դրոշների մի անտեր կույտ մնաց խոտերի մեջ, դրոշակակիրները հարմար պահի գցել
էին դրանք եւ փախել «մարտի դաշտից»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ