Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՐԳԱՆԱԼՈՒ

Ապրիլ 29,2006 00:00

ԶԱՐԳԱՆԱԼՈՒ ԵՆ ՋՐԱՅԻՆ ԵՎ ՀՐԱՁԳԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԸ Մարզական շինարարությունը նոր թափ է ստանում Ներկայումս հանրապետությունում գործում է մարզադպրոցների շինարարության եւ հիմնանորոգման երկու ծրագիր: Առաջինը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Երեւանում խոշոր մարզաբազաների հիմնանորոգման ծրագիրն է, երկրորդը՝ կառավարության հաստատած հանրապետության տարածքում գտնվող մարզաբազաների կառուցման ու հիմնանորոգման ծրագիրը: 2005 թվականին միայն մայրաքաղաքում հիմնանորոգվել ու ժամանակակից միջազգային չափանիշներին է հավասարեցվել հինգ խոշոր մարզադպրոցի 15 դահլիճ, իսկ մարզերում արդեն շահագործվել է 5 մարզադպրոց, եւս 6-ում աշխատանքներն ավարտական փուլում են: Ընդ որում, բոլորում լուծված են ջեռուցման, տաք եւ սառը ջրերի մշտական մատակարարման խնդիրները: Մարզական շինարարական աշխատանքները շարունակվում են նաեւ այս տարի: Մասնավորապես, մինչեւ 2006 թվականի աշուն Երեւանում հիմնանորոգվելու են Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը, Երեւանի պետական մարզական քոլեջի ուսումնական եւ հանրակացարանային մասնաշենքերը, իսկ Նոր Նորքի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ զանգվածների հատման վայրում կառուցվելու է հրաձգության գերժամանակակից մարզադպրոց: Իսկ կառավարության ծրագրով Գորիսում, Արտաշատում, Թալինում, Գյումրիում, Ճամբարակում, Գառնիում հիմնանորոգվող մարզադպրոցներին կավելանան նորերը՝ Երեւանում, Վեդիում, Գյումրիում, Ալավերդիում, Դիլիջանում, Վարդենիսում, Արարատի ոսկու հանքերի բանավանում եւ այլուր: Սպորտպետկոմը նպատակ ունի գործող երկու ծրագրերը շարունակել նաեւ եկող տարի: Արդեն այսօր մարզերում ընտրված է հիմնանորոգման կարիք ունեցող եւս 16 մարզական օբյեկտ եւ այդ ցուցակը հաստատման է ներկայացված քաղաքաշինության նախարարություն: Բացի դա, այս տարվանից գործելու է մարզական շինարարության մի նոր ծրագիր, որը պետության համար ռազմավարական անգնահատելի նշանակություն ունի: Այն արդեն մտել է կառավարության «Գերակա խնդիրներ» ծրագրի մեջ: Ըստ դրա, 2006-2012 թվականներին Հայաստանի ամբողջ տարածքում զարկ է տրվելու ջրային մարզաձեւերի եւ հրաձգային սպորտի զարգացմանը: Նախատեսվում է ոչ միայն եղած մարզաբազաների հիմնանորոգում կամ նորերի կառուցում, այլեւ մարզիչների վերապատրաստում ու պատրաստում Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: Մասնավորապես, Երեւանում կհիմնանորոգվեն «Դինամո» մարզական ընկերության, ԲԿՄԱ-ի երկու, «Աշխատանքային ռեզերվներ» ընկերության լողավազանները, մայրաքաղաքի Դավիթաշեն համայնքում կկառուցվի նոր լողավազան: Մարզերում նույնպես լողավազաններ կնորոգվեն կամ կկառուցվեն Աղավնաձորում, Արտաշատում, Ալավերդիում, Իջեւանում, Թալինում, թիավարության մարզադպրոցներ կբացվեն Երեւանում, Սիսիանում, Հրազդանում, առագաստանավային սպորտի մարզադպրոց՝ Սեւանում: Հրաձգային սպորտի համար, բացի երեք խոշոր քաղաքներից՝ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից, հիմնականում ընտրվել են սահմանամերձ գոտիները՝ Մեղրին, Բերդը, Ճամբարակը, Վարդենիսը, Եղեգնաձորը, Արարատը եւ այլ վայրեր, որոնցում բնակչության խտության համապատասխան կկառուցվեն 20, 25 եւ 50 մետրանոց հրաձգարաններ: Դրան զուգահեռ՝ մշակվել է նաեւ նշված մարզաբազաներն անհրաժեշտ նեղ մասնագիտական գույքով ապահովելու ծրագիր: Ինչ վերաբերում է հրաձգության մարզիչներին, մինչեւ համապատասխան մասնագետների պատրաստումը, որի համար ժամանակ է հարկավոր, աշխատանքի մեջ կներգրավվեն հանրակրթական դպրոցների զինղեկները, իսկ գյուղական վայրերում՝ մոտակա զինվորական ստորաբաժանումների համապատասխան որակավորում ունեցող սպաները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930