Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ՝

Ապրիլ 29,2006 00:00

ՄԵՐՈՆՔ՝ ԴՐՍՈՒՄ EABA-ի գործկոմի նիստը՝ Երեւանում «Առավոտի» ընթերցողները տեղյակ են, որ տարեսկզբին Պրահայում կայացած սիրողական բռնցքամարտի եվրոպական ասոցիացիայի համաժողովում փոխվեց մարզական այդ կազմակերպության ղեկավարությունը: Այդ ժամանակ քվեարկությամբ EABA-ի փոխնախագահ ընտրված ՀԱՕԿ-ի փոխնախագահ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի նախաձեռնությամբ եւ գործադրած անմիջական ջանքերի շնորհիվ համաժողովը որոշեց գործադիր կոմիտեի հաջորդ նիստը մայիսի 5-7-ն առաջին անգամ անցկացնել Երեւանում: Ուզում է ռեւանշ վերցնել Ռուսաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, մեր հայրենակից Մհեր Մկրտչյանը, ով անցած շաբաթ Ֆրանսիայում 11-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով մինչ այդ պարտություն չկրած Ջեկսոն Շանեին՝ մինչեւ 76,204 կգ քաշային կարգում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, հայտարարել է, թե կցանկանար ռեւանշ-մրցամարտ անցկացնել IBF-ի եւ WBO-ի վարկածներով չեմպիոն Ջո Կալզագեի հետ: Մհերի եւ Ջոյի միջեւ առաջին մենամարտում, որ կայացել է 2004 թ. փետրվարին, հաջողությունն ուղեկցել է բրիտանացուն: Այն ժամանակ նա 7-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել ռուսաստանցուն: Մհերը լրատվամիջոցներին հայտարարել է նաեւ, որ կցանկանար կարիերան ավարտելուց հետո մարզիչ աշխատել. «Դաստիարակելը լավ գործ է»: Բռնցքամարտն օլիմպիական ձեւ չպե՞տք է լինի Ավստրալիայի բժշկական ասոցիացիայի նախագահ Մուքեշ Հայկերվալը հայտարարել է, թե բռնցքամարտը չպետք է ընդգրկված լինի հաջորդ օլիմպիական խաղերի ծրագրի մեջ: «Չի կարելի սպորտ համարել այն մրցումը, որում հաղթող է դառնում նա, ով ավելի շատ հարվածներ կհասցնի կամ կհարկադրի մրցակցին անզգա վիճակում հատակին տապալվել: Բռնցքամարտը քայքայում է առողջությունը: Ընդ որում, դրա հետեւանքները կարող են երեւալ ոչ անմիջապես, այլ հեռավոր ապագայում: Բարի կամեցողության խաղերում դաժանությունն ու կանխամտածված վնասվածք հասցնելը տեղ չպետք է ունենան»,- ասել է բժիշկը: Ամերիկյան «Journal of Cobative Sport» հանդեսի տվյալներով՝ 2000-2005 թվականներին անմիջականորեն բռնցքամարտով զբաղվելու պատճառով աշխարհում մահացել է 53 մարդ (միջին հաշվով՝ տարեկան 10,6 մարդ): Հայտնի է, որ բռնցքամարտում ստացած վնասվածքները վնասում են ուղեղը, հասցնում հաշմանդամեցնող այնպիսի հիվանդությունների, ինչպիսին Պարկինսոնի հիվանդությունն է: Տեղեկացնենք նաեւ, որ Բժշկական համաշխարհային ասոցիացիան այս մարզաձեւն ընդհանրապես արգելելու օգտին հանդես է գալիս 1983 թվականից: Արթուր Աբրահամը պատրաստվում է «Box news»-ը տեղեկացնում է, որ միջին քաշային կարգում (մինչեւ 72,574 կգ) IBF-ի չեմպիոն, Գերմանիան ներկայացնող հայաստանցի Արթուր Աբրահամը, ով վերջին տարիներին բնակվում եւ մարզվում է Բեռլինում, մայիսի 13-ին Գերմանիայի Ցվիկաու քաղաքի «Շտադտհալլե» մարզասրահում մենամարտելու է գանացի Քոֆի Յանտուայի հետ: Վերջինը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 30 մենամարտ, տարել 28 հաղթանակ (19-ը՝ նոկաուտով), կրել երկու պարտություն: Հիշեցնենք, որ Արթուրն իր անցկացրած բոլոր 20 մարտերն էլ գրանցել է իր օգտին, որոնցից 7-ը՝ ժամկետից շուտ: Արթուր Աբրահամն այս տարի եւս մեկ անգամ պետք է մտնի ռինգ: Դա լինելու է օգոստոսի 19-ին՝ նույնպես Գերմանիայում: Արթուրի հերթական մրցակիցը լինելու է Կոլումբիայի ներկայացուցիչ Էդիսոն Միրանդան, ում մարզական ցուցանիշները նույնպես պատկառելի են: Միրանդան, ինչպես Արթուրը, պրոֆեսիոնալ ռինգում չի ճաշակել պարտության դառնությունը: Նա անցկացրել է 26 մենամարտ ու բոլորում էլ հաղթանակ է տոնել, ընդ որում՝ 23 անգամ մրցակիցների նկատմամբ բացահայտ առավելությամբ: ՔՆԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել