ՉԵՍ ՍԻՐՈՒՄ՝ ՀԱՐԳԻՐ Սա է աշխարհահռչակ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի նշանաբանը, որի օգնությամբ նա ապրում է եւ դաստիրակում իր զավակներին: Երբ մեր պալատական երգիչ-երգչուհիներից մեկը ինչ-որ անկապ ռուսական գյուղաքաղաքի անկապ փառատոնում Ճ կարգի մրցանակ է ստանում, մեր բոլոր հեռուստաալիքները (նույնպես՝ պալատական) իրար հերթ չտալով գովաբանում են նրան: Չնայած՝ մեր հեռուստաընկերություններին պալատական երգիչներին գովերգելու համար առիթ պետք էլ չէ, իսկ տափակ երգերի վրա նկարած անհամ հոլովակները ցուցադրելու համար՝ առավել եւս: Սակայն կան նաեւ իսկական երաժիշտներ, որոնց հաղթանակների մասին պալատական հեռուստաալիքները նախընտրում են լռել կամ խոսել ատամների արանքից: Ինչպես հայտնի է, այս տարի ապրիլի 7-ին BBC-ի 2006թ. World Music երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Audience Awarde» մրցանակը ստացավ հայաստանյան «Հայկական նավատորմի նվագախումբը»՝ «Armenian navy band»-ը: Աշխարհի տարբեր ծայրերից ավելի քան 20 հազար մարդ քվեարկել էր «Armenian navy band»-ի համար՝ խումբը համարելով world music ոճում աշխարհում լավագույնը: Այս հեղինակավոր մրցանակը ստանալուց հետո խմբի առաջին ելույթը տեղի ունեցավ Երեւանում: «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ ապրիլի 24-26-ը «Ավանգարդ- ֆոլք» ակումբում կայացավ ավանգարդ- ֆոլք երաժշտության երրորդ միջազգային փառատոնը, որի ընթացքում ելույթ ունեցան «Armenian navy band» (ՀՀ), «Կատուներ» (ՀՀ), «Paper boys» (ԱՄՆ) խմբերը եւ Մալիից ժամանած Ալի Քեյթան: Փառատոնից հետո զրուցեցինք «Armenian navy band» խմբի հիմնադիր եւ ղեկավար Արտո Թունջբոյաջյանի հետ: – Ապրիլի 24-ի համերգին ասացիր, որ BBC World Music մրցակարգում «Armenian navy band»-ի շահած «Audience Awarde» մրցանակը բոլորինս է: Շնորհավորում եմ բոլորիս՝ այդ մեծ հաղթանակի առթիվ: Սպասո՞ւմ էիր այդ հաղթանակին: – Չէ, էս խումբը, որ ստեղծվեց, տենց մտքով չնայեցինք: Իսկ էդ բաները (մրցանակներ, հաղթանակներ- Մ.Բ.) մեր ճանապարհի բաներն են, դրանք կլինեն էդ ճանապարհին: Բայց ամենակարեւորը, որ մարդ ըլլալով աշխարհքը ընդունել է մեզի: Էսի տարբեր է, գիտե՞ս, ժյուրիի մրցանակը չի, մանիպուլյացիա ընելու բան չկա: էդի շատ կարեւոր է: Ապրիլ 24 ըսիր…Եղեռնի մեջ տխուր ըլլալով չի ըլնի: Հակառակը: Ձիերին, որ մտրակով խփում են, ի՞նչ ըլնում է՝ առաջ երթում է, չէ՞, չի չոքում՝ առաջ երթում է: Ապրիլ 24-ը ինձ համար տենց բան է, էդ օրը մի բան պետք է ընեմ, որ հոգիներս հպարտանա, որ նայեն, թե հայերուն համար ինչ վատ օրեր են եղել, ինչի մեջով ենք անցել, ուր ենք հասել, ուր պիտի երթանք: – Ասացիր նաեւ՝ անցյալում չմնանք, առաջ գնանք: – Անցյալին նայելը լավ է, բայց նայենք, սովորենք մեր սխալներեն: Անցյալի մեջ չենք կարա ապրիլ, պետք է այսօրվա մեջ ապրես, որ առաջ գնաս: Մարդիկ կան, ասում են՝ Սայաթ-Նովա, Կոմիտաս, ու վերջ: Սայաթ-Նովա կամ Կոմիտաս ինձի համար լույսեր են: Այդ մարդիկ լույս բռնել են մեզի համար, բայց ինչքան էդ լույսից հեռանում ես, լույսի ուժը թուլանում է, ուրիշ լույս պիտի վառես: Ասում են՝ Սայաթ -Նովա ու Կոմիտաս է՛լ չի կարա ըլլալ: Էդի շատ վատ է՝ երիտասարդին հույսը քչանում է: Սայաթ-Նովան, Կոմիտասը շատ լավ են, բայց երիտասարդին ըսե՝ դուն ալ կարաս դառնալ Կոմիտաս, Խաչատուրյան… Կարող ա՝ չի կարա ըլլալ, բայց գոնե մի հույս պիտի ունենա, պիտի էդ հնարավորությունն իրեն տանք: – Ամեն տեղ գրեցին, թե մրցանակը ստանալիս այնպիսի ելույթ ունեցար, որ դահլիճը շոկի մեջ ընկավ: – Գիտեինք, որ մի բան կար, որ մեզի հրավիրում էին, բայց ոչ մեկը մի բան չըսավ մեզի, թե ինչի՞ են հրավիրում: Էդ մոմենտին պիտի ասեին, գիտե՞ս: Ես մի օր առաջ գացի, փորձ ըրին, ասին՝ մենք կասենք երբ պիտի նվագիք: Էդ օրը մամաներուն օրն էր Հայաստանին մեջ: Ես մամայիս համար մի երգ գրի, պատրաստվում էի, մեկ էլ ասին՝ «Armenian navy band»…Դահլիճը ոտի ելավ, էդ ատեն հասկացա, թե ինչ եղավ: Շատ դժվար էր ինձի համար երգել, գիտե՞ս, մեռա ես էդ օրը: Չեմ հիշում ո՞նց եղավ, ի՞նչ եղավ, որովհետեւ ամեն ինչ հավաքվել էր մեջս, ութ տարի հավաքվել էր՝ հոգնություն, նեղվել-մեղվել…Որովհետեւ երկու հատ CD էինք սարքել, մամաս մահացավ… էդ ատեններն էլ հիվանդ էր…Էդ բաները ցուցունում էի իրենց: Ժողովուրդն է մեր ուժը, ժողովուրդն է ջուրը, որ մեր նավը քշում է: Այ, էդի իրենց ներկայացուցինք: Մեջս ինչ հավաքվել էր ութ տարում, մի օրվա մեջ երգելուս ատեն դուրս ելավ, բայց շատ լավ էր… – Մրցանակից հետո նոր առաջարկներ եղա՞ն: – Հա, շատ եղան: Բայց հիմա գործեր ունինք: Ռոբեր Կետիկյանի «Արմենի» ֆիլմի համար երաժշտություն եմ գրել եւ «Armenian navy band»-ը նվագում է: Էդ ֆիլմը այս տարվա Կաննի փառատոնին պիտի մասնակցի: Կարծեմ Ֆրանսիայից սաունդտրեք CD-ն էլ պիտի դուրս գա: Երկու հատ նոր CD էլ ենք գրել, պիտի դուրս գան՝ «Under your thought» ու «Simple like water, deep like water»: – Փետրվարի վերջին Մոսկվայի ձեր համերգից մեծ արձագանքներ եղան, նոր հրավերներ չունե՞ք: – Կան, բայց կամաց -կամաց պիտի ըլլա: Կերակուրը, որ սարքում ես, դրսից նայում ես՝ ամեն ինչ պատրաստ ա, բայց մի րոպե կա, էդ մի րոպեն պիտի եփվի, որ պատրաստ լինի: Հիմա էդ մի րոպեի մեջ ենք, էդ հում տեղերը առանձին պարապում ենք: Ռուսաստանում էլ մի րոպե եփվելու տեղ ունեինք, բայց մեր կյանքի փորձը օգնեց, չխառնվեցինք: Նվագեցինք, իրենք էլ հասկացան, թե ով ենք՝ պրոֆեսիոնալ ենք, թե չէ եղել էր, որ ուրիշները գացել էին, ուրիշ օրինակ տվել էին, ու մեզի ալ տենց կարծում էին: Բայց հիմա հասկացան, որ էս խումբը մի ուրիշ բան է, մենակ հայերը չէ, չեմ կարծում, թե ռուս երաժիշտներն էլ տենց կարան նվագեն: – Դու բարության, սիրո, հանդուրժող լինելու մասին ես երգում, համերգների ընթացքում էլ այդ մասին խոսում ես: Ի՞նչ ես զգում՝ տեղ հասնո՞ւմ են խոսքերդ: – Սեր, հարգանք, ճշմարտություն՝ միշտ ըսում եմ, որովհետեւ չկան: Եթե ըլլար, էդ բառերն ասելու պետք չէր ըլլա: Գիտես, էս աշխարհքի պրոբլեմը ի՞նչ ա. մի հատ պրոբլեմ ա ընդհանուր աշխարհքին մեջ: Սո՛ւտ: Ամեն ինչ սուտեն ելել է, մեկը մի սուտ ըսում է, մյուսին ռեակցիա է ըլնում, էդպես շարունակվում է: Տե՛ս, հայերը-թուրքերը եղեռնի համար ինչո՞ւ չեն դզվում: Որովհետեւ մեկը սուտ խոսում է, չի ընդունում, ասում է՝ չի եղել: Մենք ասում ենք՝ եղել է, ինքը սուտ է ասում, չի ընդունում: Թուրքիան իննսուն տարի սուտ չխոսեին, հիմա ժողովուրդը տենց չէր ըլլա: Կամ՝ Իրաքը. Ջորջ Բուշը ըսավ՝ Սադամը բոմբ ունի: Սուտ ըսավ, կռիվը գցեց: Մինչեւ սուտը դուրս չգա, խաղաղություն չի ըլլա աշխարհքում: Ամեն մարդ ինքն իրեն առաջ պիտի ճիշտ ըլլա, չխաբի: Ես չեմ ասում հարյուր տոկոս մարդ եմ, բայց փորձում եմ: Խաբողների մեջ մեծացած եմ: Հա, մամաս տենց չէր, բայց շուրջբոլորս ամենքը խաբում էին, տակավին խաբում են: Ամերիկա մի հատ հայ մարդու հետ գործ ըրի, հիսուն-վաթսուն հազար դոլարս խաբեց՝ Մանուկ Թորոսյան, Ստամբուլի հայ էր…Գիտե՞ս ինչ պիտի ընեմ՝ մի քանի մարդու նկարներ պիտի բերեմ էստեղ պատերին կպցնեմ, հայերուն գրեմ՝ ուշադիր եղեք էս տիպերուն: – Եղե՞լ են առիթներ, որ ամաչես հայ լինելուդ համար: – Ե՞ս: Ես ոչ մի անգամ չեմ ամաչել, որ հայ եմ: Չէ, բայց մի ատեն եղել է, ամաչել եմ, որ հայերը վատ բան ընում են, հետո մտածեցի՝ ինչի՞ տենց մտածում եմ, ես եմ հայը, ես մաքուր եմ, ինձի համար ով մաքուր ըլնե, ով մարդ ըլնե՝ էն է հայը: Ինձի համար կարեւոր չի անձնագիրը կամ կրոնքը: Հիմա Լոս-Անջելեսի FBI-ի ցուցակում տասից չորսը հայ է: Քսան-քսանմեկ տարի Ամերկա եմ, տենց բան տեսած չէի, հային միայն նայում էի կինոների վերջի անունները, բայց հիմա ուրիշ է: Դրա համար ասում եմ՝ ուրիշին սխալեն մի բան չսովորեցին: – Ի՞նչը կարող է քեզ հունից հանել, ջղայնացնել: – Մարդը որ մի բանը չի սիրում կամ չի հասկանում, ասում է՝ վատն է, էդի է ինձ ջղայնացնում: Չես սիրում՝ հարգե, սխալ բաներ մի ասի: Մեկ էլ սուտը չեմ սիրում: Բայց բարի սուտ էլ կա, գիտե՞ս: Օրինակ, մամաս զանգում էր, հարցնում՝ կերա՞ր, ասում էի՝ հա, որ ուրախանա: էդի ուրիշ սուտ է, օգնելու համար է, բայց սուտը խանգարում է: – Երաժիշտ ես, ականջդ կեղծ նոտան անմիջապես լսում է, մարդկանց հետ հարաբերություններո՞ւմ էլ ես կեղծիքը շուտ զգում, դա կյանքը չի՞ դժվարացնում: – Հա, բա ոնց, բայց կարեւոր է, թե ի՞նչ է քո իդեոլոջին: Ես ձախ-աջ չեմ նայում, առաջ նայում եմ, որովհետեւ եթե կողքերս նայեմ, կկռվեմ իրենց հետ, պարապ-պարապ կգնամ գերեզման: Ադոր համար չեմ զբաղվում տենց մարդկանցով, էդ հոտերով: Ասում եմ, չէ՞, ամենեն արագ կենդանին կրիան է: Համբերությունը շատ լավ բան է, բայց պիտի մի հույս ունենաս, իմանաս՝ ինչի՞ համար ես համբերում: – Ռադիոյով, հեռուստատեսությամբ քիչ է հնչում «Armenian navy band»-ի երաժշտությունը: Լսել եմ, թե դու չես ուզում, որ առանց պայմանագրի դնեն ձայնագրությունները: – Ամեն տեղ իմ երաժշտությունը գործածում են, մի հատ լուր էլ չեն տալիս, դրանց բան չեմ ասում՝ ռադիոյի՞ն պիտի ըսեմ: Չէ, տենց բան չկա, կամ սուտ են ասում, կամ սխալ են լսել: Ես մարդկության համար եմ գրում, բայց մյուս կողմից էլ՝ էդ ձեւով ենք մեր հացը ուտում, չէ՞: Ես չեմ երթում ուրիշի կինոն կամ հաղորդումը քոփի անում- ծախում: Էդ մարդիկ իրենց կյանքը տվել են, էդ գործը ըրել են, չէ՞: Պիրատ ընում են, թող գոնե մաքուր ընեն, ես բան չեմ ասում: – Անցյալ տարի պատմում էիր, որ գնացել ես Կոնսերվատորիա՝ երիտասարդ, չկոմպլեքսավորված երաժիշտներ գտնելու: Ի՞նչ եղավ էդ հարցը: – Էս տարի էլ գացի: Կոնսերվատորիայի երկրորդ դիրեկտորը եկել էր: Ամենաառաջինը չէ՝ երկրորդը: Ես կյանքս երաժշտությունին կապել եմ, հասկացա՞ր, բայց էս մարդը իր կյանքը երաժշտությունի հետ կապած չէր, երաժշտությունը միտքով էր կապել: Ես խոսում եմ, էդ մարդը մի բան չի հասկանում: Հարյուր մարդ կար սենյակը, խոսում էի, էդ մարդը ելավ, ըսավ՝ մեզի ըսին դուն վարպետ ես, ինչի՞ն վարպետ ես, մի ժամ է խոսում ես, բան չեմ հասկանում: Ու ոտի ելավ մարդը, գնաց, վաթսուն-յոթանասուն տարեկան մարդը: Ուզում են ցեմենտը դնեն էդ ջահելներուն հոգիներուն ու միտքին մեջ: Էդի նույն բանն է, որ ասում են՝ մի հատ հայ Չայկովսկի չի կարա ըլլա, հա, որ դուք էդ ցեմենտը դնեք՝ չի կարա: – Սեդրակի հետ առաջին անգա՞մ էիք համերգ տալիս: («Paper boys» խմբում երգում եւ երաժշտությունը գրում է Արտոյի որդին՝ Սեդրակը, որ նախընտրում է իրեն Սեթո կոչել, եւ հայերեն դեռ չի խոսում, սակայն ներկա էր եւ մասնակցեց մեր զրույցին): – Հա, համերգը առաջին անգամ էր, բայց ինքը եղել է բեմին վրա: Տասնինը տարեկան են, գիտե՞ս, կարող ա՝ սխալներ ընում են, էդ կարեւոր չի: Ես երեսունյոթ տարի երաժշտություն նվագում եմ, բայց մի բառ չեմ ըսում իրեն, ազատ թողում եմ: Ինչ հնարավորություն կարամ տամ՝ տալիս եմ, բայց ասում եմ՝ դու քայլի, մեկ-մեկ մի բան ըլլա՝ կօգնեմ: Էդի ալ՝ որ փորձ չունի, ադոր համար օգնում եմ: Որովհետեւ կրեատիվ ճանապարհ է, ցեմենտ չես կարա դնես, մտքին սահման չես կարա դնես: Մի բան մենակ սովորեցնում եմ. չես սիրում՝ հարգանքով ընդունիր: Ես էլ չեմ սիրում իմ երաժշտության ամեն ինչը, բայց ուրիշ մարդու համար էդի է լավը: Իմ ապրած կյանքով պիտի դաս լինի իրան, թեորի չեմ անում: – Իսկ Սեթոն հասկանո՞ւմ է ով է իր հայրը, հպարտանո՞ւմ է: Թե իր համար դու միայն պապա ես: – Չէ, պապա ըլլալով հպարտանում է նե՝ էդի լավ է, երաժիշտ ըլլալով հպարտանա նե՝ գլուխը պատին տվել է: Նույն հարցն ուղղում եմ Սեթոյին: Նա գորովանքով նայելով հորը, ասում է. «Ես զգում եմ, որ դու իմ հայրն ես, երջանիկ եմ»: Հարցնում եմ, թե ի՞նչ է մտածում Արտոյի երաժշտության մասին: «Օհ, դա հրաշալի է, շատ եմ սիրում, հիմա շատ եմ լսում, բայց երբ ավելի փոքր էի, չէի լսում, որովհետեւ հիմար էի»,- ասում է Սեթոն: Նա երկրորդ անգամ է Հայաստանում, եւ հարցնում եմ՝ հավանո՞ւմ է: «Շա՜տ,- պատասխանում է,- շատ եմ հավանել, եւ կարծում եմ՝ մի օր ես ավելի երկար ժամանակով կգամ Հայաստան»: Այս խոսքերը հուզեցին Արտոյին, նա տեղեկացրեց, որ Հայաստանի շրջաններից մեկում հիմա տուն է կառուցում, ու մի օր պիտի գան ու ապրեն, եւ առաջին անգամ էր լսում, որ Սեթոն նման միտք արտահայտի: «Դա շատ մեծ լուր էր իմ համար»՝ ասաց նա որդուն: Բացի Սեթոյից, Արտոն նաեւ դստրիկ ունի՝ Վալենտինը, ով նույնպես երաժշտական շնորհով օժտված է, սակայն եղբոր նման դեռ կողմնորոշված չի: Իսկ Սեթոն արդեն գիտի, որ իր ապագան երաժշտությունն է՝ ռեփ է երգում: Նա հատուկ խնդրեց իր շնորհակալությունները փոխանցել «Armenian navy band»-ին՝ աջակցելու եւ օգնելու համար: – Իսկ Վալենտինը սիրո՞ւմ է քո երգերը: – Հա, բայց եղբոր երաժշտությունն ավելի է սիրում: – Երիտասարդ է, դրա համար: – Չէ, ես տենց չեմ նայում: Լավն են երգերը, գիտե՞ս: Երբ բառերը լսում ես, շատ խորը իմաստ ունեն, կյանքը ո՞նց են պատկերացնում, ո՞նց են զգում…Խորունկ բառեր են: – Եթե քո երեք ցանկություններն իրականացնող հայտնվեր, ի՞նչ կցանկանայիր: – Երեք հատ պետք չի, մի հատը հերիք է: Կուզեի աշխարհքի ամենեն-ամենեն հարուստ ու հնարավորություն ունեցող մարդը լինեի: Գիտես ինչի՞: Որ էդ մոմենտին ինչ խոսում ենք, ինչ երազում ենք, էդի առնեմ, տանիմ, ով ինչ ուզում է՝ տամ, տեսնի: Այ, էդի շատ ուզում եմ՝ հարուստ լինեմ, բայց գրպանիս համար չէ, հակառակը՝ որ տամ, տեսնի, ու հասկանա, որ երազելը հարյուր տոկոս չի: Ամենեն ուժեղ երեւակայություն ունեցողը կարա ամենաշատը 99% երազի, բայց կյանքը 100% է: Էդի է իմ երազս հիմա: Իսկ մարդկության համար կուզիմ մարդի պես ապրելը, մարդի պես ըլլալը, մարդի պես մտածելը, մարդի պես համ առնելը, հոտ առնելը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ Հ. Գ. Ապրիլի 27-ից սկսվել եւ մինչեւ մայիսի 7-ը կշարունակվեն «Armenian navy band»-ի ելույթները «Ավանգարդ-ֆոլք» ակումբում: