Օրենքի միատեսակ կիրառություն հնարավոր չԷ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո որոշակի նոր իրավիճակ է ստեղծվել դատական իշխանության համար: Սահմանադրությամբ նշվել է, որ «Հայաստանի բարձրագույն դատական ատյանը վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառումը»: Զրուցակցիս կարծիքով, սակայն, վճռաբեկ դատարանը ի զորու չէ իրականացնել օրենքի միատեսակ կիրառում: «Օրենսդրորեն պետք է հստակ սահմանվի վճռաբեկ դատարանի լիազորությունները»,- գտնում է պալատի նախագահը, որի կարծիքով՝ դրան խանգարում է վճռաբեկի ներկա կառուցվածքը: «Ամերիկյան Գերագույն դատարանն ունի մեկ պալատ՝ 9 դատավորով: Երբ նայում ենք այսօրվա գործերը, ապա դրանք հիմնականում քաղաքացիաիրավական հարաբերություններ են»: Մ. Խաչատրյանի նշեց նաեւ, որ դատավորների մասնագիտացում պետք է սկսել ոչ թե վերեւում, այլ ներքեւում. «Եվրոպական դատարանի նախադեպերը ցույց են տալիս, որ այդ դատարանում նախադեպերը կարող են իրավական բնույթի լինել, եթե դատավորը իրավունքի բոլոր ճյուղերը գիտի»: Այսօր շրջանառության մեջ առաջարկ կա, որ վճռաբեկ դատարանի պալատները պետք է միանան, դրանով բարձրագույն դատարանը «կբեռնաթափվի»: Մեր այն հարցին, թե մեր քաղաքացիներն իրենց պաշտպանական մարտավարությունը նախընտրում են վերջին փուլում ի հայտ բերել, որը բնավ չի խոսում բեռնաթափման օգտին, պրն Խաչատրյանն ասաց. «Այսօրվա վճռաբեկ դատարանի լիազորությունները շատ արհեստական են: Նախատեսվում է, որ վերաքննիչ դատարանի որոշումները, վճիռները պետք է լինեն վերջնական եւ վճռաբեկ դատարան պետք է մուտք լինեն միայն այն գործերը, որոնք նախադեպային նշանակություն կարող են ունենալ, որտեղ կարիք կլինի օրենքի մեկնաբանման»: Մեր հաջորդ հարցին, թե մենք գո՞րծ ենք ունենալու երկու «օրենք մեկնաբանող դատարանների» հետ, Սահմանադրական դատարանին զուգահեռ, մանավանդ առկա է նախադեպ. ՍԴ-ն վերջերս հակասահմանադրական համարեց մեր 3 ատյաններով անցած վճիռները, պրն Խաչատրյանը նկատեց. «Ուզում եմ ամերիկացի դատավորի խոսքով հակադարձել. մենք ճիշտ ենք, որովհետեւ վերջնական ենք: Ինչ վերաբերում է ՍԴ որոշմանը, ասեմ, որ ՍԴ-ին տրված է լսելու ֆունկցիա: Նրանց որոշումը վերջնական է եւ մենք պետք է ենթարկվենք դրան»: Պրն Խաչատրյանը տեղեկացրեց, որ անցյալ տարի իրենց պալատում դատավորի հատուկ կարծիք չի եղել: Նա կողմ էր հատուկ կարծիքի հրապարակմանը եւ համամիտ չէր տարածված կարծիքներին, թե դրանով խախտվում է խորհրդակցական սենյակի գաղտնիությունը. «Հատուկ կարծիքը դատավորի ընդունած որոշումն է: Նախադեպերը պետք է հրապարակվեն, ինչպես հրապարակում են Եվրոպական դատարանը, միջազգային այլ դատարաններ»: Առհասարակ, պալատի նախագահի կարծիքով, երբ նախադեպային իրավունքը կիրառվի Հայաստանում, կդադարեն տարատեսակ ճնշումները դատավորների վրա: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ