ԸՆԿԵՐՈՎԻ ՔԵՖԸ ՄԱՀ Է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում երեկվանից սկսվեց Անդրանիկ եւ Արմեն Եփրեմյանների, Հայրիկ Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են 2005թ. հոկտեմբերի 1-ին Զեյթուն թաղամասում գտնվող հանրակացարանների դիմացի «Հացատուն» խորտկարանում Հայկազ Դադյանին «դիտավորությամբ պատճառած կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասի» համար, որի հետեւանքով Հ. Դադյանը մահացել է: Տուժողի իրավահաջորդ է ճանաչվել Դադյանի կինը՝ Սուսաննա Թաթոսյանը, դատակոչվելու է 12 վկա: «Առավոտն» անդրադարձել է տուժողի իրավահաջորդի մոտեցումներին՝ կապված քրգործի նախաքննության հետ: Երեկ մենք տեղեկացանք, որ Եփրեմյանների պաշտպանությունը իրականացնելու է Փաստաբանների պալատի անդամ Արմեն Մանուկյանը: Նա հայտնել է, որ կալանք ընտրվել է միայն Անդրանիկ Եփրեմյանի նկատմամբ, իսկ մյուս երկու մեղադրյալների նկատմամբ կիրառվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Ըստ պրն Մանուկյանի, իր պաշտպանյալները չեն եղել վերոնշյալ համայնքի ղեկավար ընտրված Արայիկ Քոթանջյանի վստահված անձինք: Ըստ մեղադրյալ Հայրիկ Պողոսյանի նախաքննության ցուցմունքի, «իր գործընկերներ Հայկազ Դադյանի («Անի» արտադրական կոոպերատիվի վարորդ-առաքիչն էր), Միքայել Ավագյանի, Պողոս Բերեջիկյանի եւ Վահե Մարտիրոսյանի հետ մասնակցել է թաղապետի ընտրությունների առթիվ կազմակերպված ցերեկույթին, որից հետո Հայկազի առաջարկով գնացել են «Հացատուն» խորտկարան»: Հ. Պողոսյանը պատմում է, որ Արմենը անընդհատ ձեռքը դրել է իր ուսին, ինչի համար ինքը դիտողություն է արել նրան: Սկսվել է վեճ: Վեճը շարունակել են Անդրանիկը (Արմենի եղբայրը) ու Հայկազը: «Նկատել է, որ Հայկազն ընկած է, իսկ Անդրանիկը ոտքերով հարվածել է նրան»: Ըստ գործի նյութերի, Անդրանիկ Եփրեմյանը սկզբում մեղավոր է ճանաչել իրեն: Վեճի նրա վարկածը այլ է. իրեն անծանոթ Հայրիկը «հարբած վիճակում անընդհատ քաշել է Արմենի ձեռքից, վերջինիս հանգստացնելու նպատակով ձեռքը դրել է Հայրիկի ուսին, ինչից զայրացել եւ վիճաբանություն է սկսել Արմենի հետ»: Եվ երբ եղբորը հարվածել են (թիկունքից), «տեսել է՝ հայհոյանքներ տալով առաջ է եկել Հայկազը»: Ըստ փաստաբան Ա. Մանուկյանի, իր պաշտպանյալը «պաշտպանելու նպատակով» է հրել Հայկազին եւ որ նա գործել է «անհրաժեշտ պաշտպանության» շրջանակներում: «Անդրանիկ Եփրեմյանն այդ օրն ընդհանրապես չի խմել, ոգելից չի օգտագործել»,- նշում է փաստաբանը: Քաշքշոցից հետո Դադյանին տարել են 8-րդ հիվանդանոց: Բժիշկ Արթուր Գեւորգյանը «զննելով Հայկազին, հայտնել է, որ վտանգավոր ոչինչ չի պատահել, անհրաժեշտ է յոդով մշակել վերքը»: Չնայած, ըստ տուժողի կնոջ՝ Ս. Թաթոսյանի, Հայկազին հաջորդ առավոտյան ընկերները տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատել են, սակայն հոկտեմբերի 5-ին Հայկազը, գիտակցության չգալով, մահացել է: «Անի» մսամթերքի արտադրամասի աշխատակից, գործով վկա Վ. Մարտիրոսյանի ցուցմունքով՝ «իրենք միասին գնացել են Քանաքեռ-Զեյթուն համայնքների թաղապետի ընտրությունների առիթով կազմակերպված խնջույքին: Այնտեղ իրենք մնացել են 1 ժամ, որի ընթացքում օղի են խմել»: Իսկ կռվի դրվագը նկարագրել էր այսպես. «Հայհոյանքներն եղել են փոխադարձ: Չի կարող ասել՝ ով ում, մարմնի որ մասին է հարվածել եւ քանի անգամ, սակայն հարվածները եղել են փոխադարձ՝ ոտքերով, ձեռքերով»: Իսկ 8-րդ բուժմիավորման ընդունարանի բուժքույրն ասել էր, որ «ոչ ինքը, ոչ Ա. Գեւորգյանը հիվանդին չեն տեսել, նրա վերքերը չեն զննել»: «Հիվանդատերերը հարբած էին, լկտի են պահել եւ չսպասելով բժշկին, գնացել են»,- ասում են բժիշկները: Տեղեկացնենք, որ Անդրանիկ Եփրեմյանը չէր աշխատում, եղբայրը՝ Արմենը ՀՀ «Սեյսմշիննախագիծ» ինստիտուտի հյուսն էր, իսկ Հայրիկը՝ «Անի» կոոպերատիվի վարորդն էր: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ