Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենտրոնը

Ապրիլ 29,2006 00:00

«Կենտրոնը միայն օպերան չի» Համայնքի բնակիչները խնդրում են մեկ-մեկ էլ իրենց շենքի մոտ «ակցիաներ» կազմակերպել: Նախորդ շաբաթ օրը Կենտրոն թաղապետարանը կազմակերպել էր «Մաքուր կենտրոն» ակցիան: Այդ օրը համայնքում իսկական եռուզեռ էր, կապույտ վզկապավորներն անցորդներին ջանում էին ցույց տալ, որ գժվում են Երեւանի համար ու փողոց նետված ծխախոտի ամեն մի մնացորդի համար մեծ ցավ ապրում: Նման ակցիաները, իհարկե, ողջունելի են, բայց ընդամենը «PR»-ի խնդիր են լուծում, քանի որ իրականում համայնքի այն հատվածները, որոնք իսկապես մաքրման կարիք ունեն, այդպես էլ ուշադրության չեն արժանանում: Բրյուսովի 19 շենքի բնակիչները, 1990-ականներից սկսած, իրենց կենցաղային աղբը թափում են շենքին հարակից մի փոսի մեջ, որը, բնակիչների պատմելով, փորվել է մոտ 25 տարի առաջ՝ բարձրահարկ բնակելի շենք կառուցելու նպատակով: Սակայն կառուցապատողների ծրագրերն ինչ-ինչ պատճառներով ձախողվել են, տարածքը մի քանի անգամ վերավաճառվել է ու վերջին տերը, ըստ բնակիչների, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն է: Համայնքում շենքերի աղբատարներն այնքան ուշ-ուշ են այցելում, որ բնակիչներին ուրիշ ոչինչ չի մնում անել, քան աղբը թափել Սովետաշեն հիշեցնող այդ տարածքում: Ստեղծված վիճակի համար թաղապետարանը բնակիչներին են մեղադրում, թե «ինչ փնթի ժողովուրդ եք», բնակիչներն էլ թաղապետարանին, թե «արածդ գործը մի հատ զիբիլ տանելն ա՝ էդ էլ չես անում»: Որոշ բնակիչներ, այնուամենայնիվ, «վիզ են վերցնում», որ իրենց մեղքն էլ կա. «Աղբի կուտակման հարցում, իհարկե, մենք էլ ենք մեղավոր, մարդիկ շինարարական, կենցաղային աղբը տանում-թափում են հենց էդ փոսի մեջ, բայց եթե գոնե մեկ անգամ մաքրվի, մարդիկ կհասկանան, որ դա աղբ թափելու տեղ չի: Տարիներ շարունակ բողոքում ենք՝ ոչ մի արդյունք»: Այդ տարածքը բնակելի շենքի անմիջապես հարեւանությամբ է, եւ օրերը տաքանալուն պես գարշահոտը բուրելու է ամբողջ տարածքով մեկ: Բնակիչներն ահուսարսափով են սպասում ամռանը, քանի որ շոգերն ընկնելուն պես ոչ մի պատուհան չեն կարող բացել: Բացի այդ, «մինի» աղբահորը դարձել է առնետների մշտական բնակավայր, առկա է նաեւ ինֆեկցիայի վտանգ: Դրան գումարվում են նաեւ անընդհատ տեղացող անձրեւներն ու հոսող կեղտաջրերը: Հարցի առնչությամբ Կենտրոն թաղապետարանի լրատվական ծառայությունից պարզաբանեցին, որ թեեւ 1999-ից նշված տարածքն իրենց հաշվեկշռում է, սակայն թաղապետարանն առայժմ կառուցապատելու ծրագիր չունի. «Փոսը փակել չենք կարող, քանի որ 5-6 մետր խորություն ունի, եւ ոչ մի տեխնիկա ի զորու չէ հանել կուտակված աղբը: Ինչքան որ հնարավոր է՝ մեր մասնագետները մաքրման աշխատանքները կանեն եւ փոսը կծածկեն հողով, սակայն դա էլ հարցի լուծում չէ, քանի որ մարդիկ սովոր են աղբատարներում թափելու փոխարեն աղբը դրսում թափել: Իսկ մեր աղբատարները բավականին լավ են աշխատում»: Չնայած քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ մաքրման աշխատանքները իրականացվելու են ամբողջ տարի, երեւանյան շաբաթօրյակները սահմանափակվում են ընդամենը մեկ օրով: Ինչ վերաբերում է ակցիային, բնակիչների ներկայացմամբ՝ «միայն օպերայի շուշեքը մաքրեցին ու՝ վերջ, բայց Կենտրոնը միայն օպերան չի, մի հատ թող մտնեն ներբակային տարածքներ՝ տեսնեն ինչ է կատարվում»: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել