ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է Ե՛Վ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ, Ե՛Վ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի գնահատականները վերջին շրջանի մի քանի իրադարձություններին: Արտաքին քաղաքական շփոթ «Ազգային միաբանության» առաջնորդն անդրադարձավ «Frankfurter Allgemeine Zeitung» թերթում Արթուր Բաղդասարյանի հարցազրույցին, ուր նա նախ նշել էր. «2007-ի խորհրդարանական եւ 2008-ի նախագահական ընտրությունները երկրի համար մեծ նշանակություն ունեն, դրանք պետք է ցույց տան, թե ուր ենք գնում՝ դեպի Եվրո՞պա, թե՞ հետ: Այն մարդիկ, ովքեր դեռ մտածում են, թե կարող են ընտրությունները կեղծել, պետք է հասկանան, որ այդ ժամանակները Հայաստանում արդեն անցել են: Եթե եւս մեկ անգամ այնպիսի կեղծիքներ լինեն, ինչպես նախորդ ընտրություններում, երկրում մեծ ցնցումներ տեղի կունենան», նաեւ հայտարարել. «Հայաստանի ապագան ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն են… Ռուսաստանը չպետք է կանգնի դեպի Եվրոպա մեր ճանապարհին»: Հիշատակելով Ռոբերտ Քոչարյանի կոշտ հակադարձումն այս հայտարարություններին՝ պրն Գեղամյանը նշեց. «Ինչո՞ւ այդ աստիճանի զայրացավ պրն Քոչարյանը: Պարզապես ԱԺ խոսնակը ժամանակից առաջ անցնելով՝ բացահայտել էր այն, ինչ վերին շրջանակներում արդեն իսկ որոշված հարց է: Սա պնդում եմ, քանի որ 2-3 ամիս առաջ հայտարարվեց, թե ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը, չգիտես ինչու, ուղարկվելու է մի կողմից՝ Ռուսաստան, մյուս կողմից՝ ԱՄՆ: Եթե Հայաստանի ղեկավարությունն իրոք անկեղծ է իր պնդումների մեջ, որ իր ապագան տեսնում է «Հավաքական անվտանգության պայմանագիր» կազմակերպության մեջ, ուրեմն ինչո՞ւ է հակադիր երկրներ ուղարկում իր ազգային անվտանգության հայեցակարգը: Սա անուղղակիորեն ապացուցում է, որ Արթուր Բաղդասարյանն ամենեւին նորություն չի ասել իշխանությունների համար՝ հայտարարելով ՀՀ-ի կողմնորոշումը դեպի ՆԱՏՕ: Ես չեմ քննարկում՝ դա բացասակա՞ն կանդրադառնա երկրի անվտանգության վրա, թե՞ դրական: Բայց այն, որ ԱԺ խոսնակն իրոք նոր բան չէր ասել՝ ապացույց դարձավ նաեւ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի ապրիլի 24-ի ուղերձը, որտեղ նա հայտարարեց. «Մենք ցանկանում ենք Հայաստանին օգնել՝ անվտանգությունը ավելի լավ ապահովելու եւ եվրաատլանտյան ընտանիքում ավելի խորը ներգրավվելու հարցում»: Ռուսաստանի համար այսպիսով հասկանալի դարձավ, որ Հայաստանի բարձրաստիճան իշխանությունը երկակի խաղ է խաղում: Ու նաեւ ԱՄՆ-ի համար հասկանալի դարձավ, որ ՀՀ իշխանություններն իրենց հետ զրույցներում նույնպես անկեղծ չեն Հայաստանի հեռանկարային զարգացումների եւ դաշինքների մեջ մտնելու հարցում: Ահա թե ինչու այդ աստիճան զայրացավ պրն Քոչարյանը: Սրա հետ մեկտեղ, տարակուսանք է առաջացնում այն, որ երկրի ի պաշտոնե 2-րդ դեմքը շուրջ մեկ շաբաթվա ընթացքում արտաքին քաղաքականության ոլորտին վերաբերող տրամագծորեն հակադիր եւ իրարամերժ հարցազրույցներ է տալիս՝ մեկ «Frankfurter Allgemeine Zeitung»-ին, մեկ էլ Սանկտ Պետերբուրգում՝ «Ինտերֆաքսին»: Սա եւս մեկ անգամ ապացուցում է «Ազգային միաբանության» բազմիցս հրապարակած թեզը, որ հայաստանյան իշխանություններն ընտրել են գերտերությունների միջեւ եղած տարաձայնությունների վրա քաղաքական ղումար խաղալու քաղաքականությունը: Եվ երբ նրանք հայտնվում են արեւմտյան երկրների տիրույթում՝ խոսում են Հայաստանի արեւմտամետ լինելու մասին, իսկ երբ հայտնվում են ՀԱՊԿ անդամ երկրներում ու հատկապես Ռուսաստանում՝ արդեն իսկ հանդես են գալիս տրամագծորեն այլ հարցադրումներով: Մեր իշխանությունները վարելով ջայլամային քաղաքականություն՝ երեւի կարծում են, թե ամերիկացիները կույր են, չեն հետեւում ԱՄՆ-ից դուրս իրենց հրապարակային ելույթներին, ինչպես նաեւ՝ կույր են ՌԴ-ում եւ չեն հետեւում արեւմտյան մամուլին տրված հարցազրույցներին»: Անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի այն պնդմանը, թե ԱԺ խոսնակը իր մոտ է լինում յուրաքանչյուր շաբաթ, եւ «զարմանալի էր գերմանական թերթի էջերից իմանալ իր՝ նման տեսակետներ ունենալու մասին»: Ըստ պրն Գեղամյանի՝ «ակնարկը շատ թափանցիկ է: Այն է՝ խոսնակը շաբաթը մեկ հաշվետվության է գնում նախագահի մոտ, հրահանգներ ստանում նրանից եւ իր հայտարարությունը չէր տեղավորվել պրն Քոչարյանի տված հրահանգների շրջանակում: Ասել կուզի՝ անգամ իսկ սահմանադրական փոփոխություններով հստակ ձեւակերպված ԱԺ-ի դերի բարձրացումն այս իշխանությունների պարագայում ոչ այլ ինչ է, քան խաբկանք»: Սեփականաշնորհման խութերը ԱԺ նախագահի քննադատության հասցեատերը, թե 2001-2003 թվականների սեփականաշնորհման գործընթացի ընթացքում տեղի են ունեցել չարաշահումներ, մասնավորեցվել են իրական արժեքից ցածր գնով՝ ըստ Արտաշես Գեղամյանի, անուղղակի մեղադրանք է Ռոբերտ Քոչարյանի հասցեին. «Քանի որ այդ բոլոր գործարքները կատարվել են կառավարության որոշումներով, իսկ դրանք ուժ են ստանում միայն երկրի ղեկավարի ստորագրությամբ»: Մեր հարցին, թե արդյոք հարկ չէ՞, որ ընդդիմությունն այս հարցում աջակցի «Օրինաց երկրին», որը թիրախ է դարձել իր կոալիցիոն գործընկերների համար՝ «Ազգային միաբանության» նախագահը պատասխանեց. «Այս ալան-թալանը, որի փաստացի ապացույցներն արդեն դարձել են ժողովրդի սեփականությունը՝ նոր չէ իրականացվում: 2001-ին, 2002-ին, 2003-ին ճիշտ այս նույն իշխանությունների օրոք կատարվել են ճիշտ նույն ապօրինությունները: Սակայն ստացվում է, որ երբ տվյալ կուսակցությունն իշխանության մաս չէ՝ քննադատում է այդ անօրինականությունների համար: Իսկ երբ հայտնվում է այդ ալան-թալանն իրականացնողների շարքում՝ տեւական ժամանակ սեփական քաղաքական վարքագիծը ենթարկում է ամնեզիայի, ասես՝ մոռացել է իր իսկ հայտարարությունները: Բայց երբ նորից ԱԺ ընտրությունների փուլ է՝ հանկարծ կրկին հիշողության պայծառացում է լինում եւ նույն կրքոտությամբ սկսում է քննադատել: Սա վկայում է այն մասին, որ ցանկացած քաղաքական ուժ, եթե ուզում է իրոք հեղինակություն վայելել ժողովրդական ամենալայն շրջանակներում՝ պետք է ի սկզբանե հստակ ձեւակերպի վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի վարչակազմի հանդեպ: Եվ առնվազն անազնիվ է, եթե այդ գնահատականը չի տրվում, ու փոխարենը քննադատվում են նրա հենարանի այս կամ այն դրսեւորումները: Քանի որ բոլորս շատ լավ հասկանում ենք, որ Անդրանիկ Մարգարյանը երբեք ու երբեք չի ունեցել այն չափով իշխանական լիազորություններ, որ կարողանար 2001-2003-ին օրենքի կոպիտ խախտումներով սեփականաշնորհված օբյեկտների ճակատագիրը միայնակ որոշել՝ առանց վերին պայծառություն Ռոբերտ Քոչարյանի «դաբրոյի»: Այնպես որ, այստեղ ԱԺ խոսնակը որդեգրել է «կուժ՝ քեզ եմ ասում, կուլա՝ դու հասկացիր» քաղաքականությունը: Եվ եթե նա իրոք դարձի է եկել, եթե վերադառնա Հայաստան ու հայտարարի՝ պրն Քոչարյան, այս ամենի ետեւում Դո՛ւք եք կանգնած, անմիջականորեն Դո՛ւք եք հովանավորել այս ալան-թալանը եւ կառավարության հետ հավասարապես պետք է պատասխան տաք 2001-2003-ի այս ապօրինությունների համար՝ իհարկե, «Ազգային միաբանությունը» կպաշտպանի այդ դիրքորոշումը»: Ձախողումների հետագիծը «Հանրապետություն» կուսակցությունն օրերս հայտ էր ներկայացրել միայնակ, առանց այլեւս որեւէ քաղաքական ուժի հետ միավորումների մասին մտածելու՝ դառնալ առանցք, որի շուրջ կձեւավորվի «նոր որակի ընդդիմություն»: «Ազգային միաբանության» նախագահն այս կապակցությամբ ասաց. «Ինձ ոգեւորում է, որ ընդդիմության այդ հատվածը ճիշտ դասեր է քաղել սեփական քաղաքականության մեջ տեղ գտած լուրջ բացթողումներից եւ իր մեջ ուժ է գտնում դառնալ առանցք: Ինչ խոսք, կան նման հնարավորություններ, որ «Հանրապետություն» կուսակցությունը դառնա «18+1+8» ձախողված ձեւաչափի նոր առանցքը: Քանի որ եթե պատվախնդրությամբ առաջնորդվեն այդ կազմակերպությունները, ապա պետք է վերստին միավորվեն ու ժողովրդին կրկին ասեն, թե ամեն ինչ դեռ կորսված չէ: Ինչ վերաբերում է «Ազգային միաբանությանը»՝ մենք հետեւել ենք մեր իսկ ընդունած որոշումներին: Եվ բարեբախտաբար, ամեն ինչ ընթանում է ճիշտ այն ուղով, որը մենք կանխատեսել էինք դեռ 1 տարի առաջ»: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը նաեւ նշել էր, թե ընդդիմության համար տեսանելի չեն իշխանափոխության հստակ մեխանիզմները: Սակայն Արտաշես Գեղամյանը շարունակում է պնդել, թե «օր առաջ հարկավոր է անցկացնել Ազգային ժողովի եւ նախագահական արտահերթ ընտրություններ: Սա եզակի փրկօղակ կարող է լինել այս ձախողված, անսկզբունքայնության, խաբեության մեջ բացահայտված ու վտանգավոր դարձած իշխանությունների համար»: Իսկ «տեսանելի՞ են արդյոք մեխանիզմները» մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Քաղաքականության մեջ մաքսիմալիստ լինելը նույնն է, թե ձախողել այդ քաղաքականությունը: Եթե ընդդիմադիր դաշտի այս կամ այն թեւի համար տեսանելի չեն իշխանափոխության հնարավոր ուղիները, ապա պետք չէ սեփական քաղաքական կուրությունը վերագրել ընդդիմադիր ամբողջ դաշտին: Պարզապես ստեղծված իրավիճակում մենք պետք է պատրաստ լինելով ցանկացած պահի արմատական անակնկալների՝ պիտի պատրաստ լինենք վերցնել իշխանությունը մեր ձեռքը: Այս իշխանություններն արդեն իսկ գոյություն չունեն: Իրենց հանդուրժում են մի կողմից՝ ԱՄՆ-ն, մյուս կողմից՝ ՌԴ-ն, այն պարզ պատճառով, որ հանգուցալուծման է մոտեցել մայր հարցը՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հարավային Կովկասի հեռանկարային զարգացումներն ապահովող խնդիրների լուծումը, որը դոմինանտ էր նաեւ 2003-ի ընտրությունների ու նաեւ հանրաքվեի ժամանակ գործված ընտրակեղծիքների վրա աչքերը փակելու ժամանակ: Եվ այս իշխանություններն արդեն պետք է ճարահատյալ կյանքի կոչեն իրենց տված բազում խոստումները ԱՄՆ-ին, ՌԴ-ին եւ Եվրամիությանը: Իսկ այդ խոստումներն անհամատեղելի են՝ այն, ինչ խոստացել են ԱՄՆ-ին, անընդունելի է ՌԴ-ի համար, եւ հակառակը: Այս իրավիճակում արհեստականորեն երկրի ներսում ալիք բարձրացնելը նշանակում է ջուր լցնել Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ջրաղացին, քանի որ նրանց ներկայումս օդի պես անհրաժեշտ է երկրի ներսում ապակայունացումը, որի վրա եւ կփորձեն բարդել ԼՂ խնդրի լուծումից հրաժարվելը: Այս պարագայում չեմ բաժանում մեր գործընկերների հոռետեսությունը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Սպարտակ Եղիազարյանի հայտարարությունների, նաեւ ՌԴ-ում մեր հայրենակիցների վրա հարձակումներին ընդդիմության լռությամբ արձագանքելու վերաբերյալ պրն Գեղամյանի պարզաբանումները կներկայացնենք առաջիկայում: