Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՀԵՐԸ

Ապրիլ 29,2006 00:00

ՇԱՀԵՐԸ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻՑ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե Վան դեր Լինդենի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը: – Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք 2007 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից: – Մեր զեկուցողները այս տարի կայցելեն Հայաստան եւ կպատրաստեն զեկույց, որը մենք, ամենայն հավանականությամբ, կքննարկենք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում` 2007 թվականի հունվարին: Այդ ժամանակ կծանոթանանք իրավիճակին, ձեռնարկված քայլերին, առկա թերություններին եւ կոչ կանենք Հայաստանի կառավարությանը՝ կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունները: – Չնայած Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, խնդիրը կարծես թե տեղից չի շարժվում: Հնարավո՞ր է ընդհանրապես նման համագործակցությունը մինչեւ հակամարտությունների կարգավորումը: – Հակամարտությունների կարգավորումը միշտ էլ բարդ է: Սակայն երբ այցելեցի տարածաշրջան, ինձ համար ակնհայտ էր, որ երկու կողմերն էլ ցանկություն ունեն կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ես համոզված եմ, որ այս հակամարտությունն անհրաժեշտ է լուծել՝ առաջին հերթին ելնելով երիտասարդ սերնդի շահերից: Իմ կարծիքով, Հայաստանից դուրս կան շատ մարդիկ, որոնք դրդում են Հայաստանի կառավարությանը եւ ընդդիմությանը այս կամ այն ուղղությամբ: Համոզված եմ, որ Հայաստանի երիտասարդների ապագան շատ ավելի կարեւոր է, քան Հայաստանից դուրս բնակվող հայերի զգացմունքները: Այդ նպատակով անհրաժեշտ է լուծել խնդիրը, եւ մենք կանենք հնարավորին ամենը բարենպաստ պայմաններ եւ մթնոլորտ ստեղծելու համար: – Դուք դեռ հնարավո՞ր եք համարում հասնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը 2006 թվականին: – Ես այդպիսի հույս ունեմ: Միջազգային հանրությունը ցանկանում է օգնել, սակայն խնդիրները դժվար է լուծել, երբ պակասում է քաղաքական կամքը: Շատ կարեւոր է, որպեսզի քաղաքական կուսակցությունները, կառավարությունը, ընդդիմությունը այնպիսի մթնոլորտ ձեւավորեն իրենց երկրներում, որը մարդկանց հնարավորություն կտա համաձայնել կայացված որոշման հետ: Եթե դուք շահարկում եք իրավիճակը նախընտրական նպատակներով, ապա չեք կարողանա լուծել այս խնդիրը: Ձեզ անհրաժեշտ է մթնոլորտ, որը հնարավորություն կտա հակամարտության լուծումը ընդունելի դարձնել բոլոր «հասցեատերերի» համար: – Ի՞նչ կարծիքի եք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմի հնարավորության մասին: – Եթե նման բան հնարավոր դառնա, ապա անհնարին կլինի այն երկրների անդամակցությունը Եվրոպայի Խորհրդին, որոնք փորձում են լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով: Այդ դեպքում մենք ստիպված կլինենք քննարկել Եվրոպայի Խորհրդին անդամակցության հարցը: Իրոք անընդունելի կլինի, եթե Եվրախորհրդի որեւէ անդամ փորձի ռազմական ուժ օգտագործել կազմակերպության երկու անդամների միջեւ հակամարտությունը լուծելու համար: – Իսկ ի՞նչ կարծիքի եք Ադրբեջանի ղեկավարների ռազմատենչ հայտարարությունների մասին: – Նրանք պետք է իմանան, որ եթե, ի վերջո, որոշեն զենք օգտագործել, ապա դրանով իսկ վերջ կդրվի նրանց անդամակցությանը Եվրոպային Խորհրդին: Սակայն ես համոզված եմ, որ ոչ ոք նման վարքագիծ չի դրսեւորի: – Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փակ սահմանը շարունակում է մնալ տարածաշրջանի ամենաբարդ խնդիրներից մեկը: Չե՞ք կարծում, որ Եվրոպայի Խորհուրդը կարող է դերակատարություն ստանձնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում: – Այն փաստը, որ Հայաստանը եւ Թուրքիան հանդիսանում են Եվրոպայի Խորհրդի անդամներ, երկու երկրների պատգամավորներին հնարավորություն է տալիս հանդիպել եւ քննարկել առկա խնդիրները: Կարծում եմ, որ եթե դուք ապրում եք տարածաշրջանում եւ չունեք իրական բաց շփումներ՝ առեւտրատնտեսական, մշակութային եւ անձնական հարաբերություններ, ապա դուք չեք ծառայում ձեր երկրի համար լավագույն ապագա կերտելու գործին: Անհնար է կառուցել կայուն ապագա մի տարածաշրջանում, որտեղ դուք մեկուսացված եք ձեր հարեւաններից: Համոզված եմ եւ այս մասին ես խոսել եմ Հայաստան կատարած իմ այցի ընթացքում, որ Հայաստանի շահերից բխում է նայել դեպի ապագա, չօգտագործել անցյալը ապագայի շրջափակման համար եւ փնտրել խաղաղ լուծումներ: Եթե դուք ցանկանում եք լուծում գտնել, դուք կգտնեք այն: Սակայն դուք երբեք չեք գտնի հարյուր տոկոսանոց արդյունք ապահովող որոշում: Փոխզիջումը միշտ անհրաժեշտ է, քանի որ մյուս կողմն ունի իր փաստարկները, եւ եթե կառչեք միայն ձեր փաստարկներից եւ զգացմունքներից, չափազանց դժվար կլինի գտնել կայուն եւ խաղաղ լուծում, որն անհրաժեշտ է բարեկեցիկ ապագա կառուցելու համար: ՄԵԴԻԱՄԱՔՍ Հատուկ «ԱՌԱՎՈՏ»-ի համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել