Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլ 29,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք երկրորդ

Գլուխ երեսուներորդ

ՖՈՒՏԲՈԼՊԼՅՈՒՍ

Էդ օրվա մեր հարաբերություններն ու տպավորություններն արդեն մեզ փակուղի էին տանում, եւ Լիզայի հետ թեւանցուկ էդ փակուղուց դուրս գալը միակ տրամաբանական քայլն էր, եւ իրեն կինո հրավիրելը հաջորդ տրամաբանական քայլս էր, ու իր անմիջապես համաձայնվելն ավելի քան տրամաբանական էր, որովհետեւ մեր աննախադեպ ու աննման ցերեկն արդեն ավարտվել էր, եւ մեր երեկոն դեռեւս մեր աննման ցերեկվա ընդամենը շարունակությունն էր, այսինքն՝ մեր էդ օրվա երեկոն դեռեւս չէր սկսվել եւ, իմ տրամաբանությամբ ու պատկերացումով, մեր երեկոն հենց կինոդահլիճում պիտի սկսվեր, այսինքն՝ մերձեցման մեր ցերեկն արդեն կայացած ու ամբողջացած էր, եւ մերձեցման մեր երեկոն հենց «Կրկնվող ֆիլմերի» էդ սրտամոտ ու մարդամոտ դահլիճում պիտի կայանար ու ամբողջանար, ու քանի որ դեռեւս ութն էր, «Կրկնվող ֆիլմերի» տոմսարկղը դեռեւս չէր բացվել, եւ ես արդեն գիտեի, որ իննի սեանսի տոմսերը ութն անց կեսից հետո է միայն տոմսավաճառն սկսում վաճառել, այսինքն՝ մինչեւ մեր բուն մերձեցման սկիզբն ամբողջ մի ժամ կար, ու մենք դեպի Սունդուկյանի թատրոն բերող ծառուղով թեւանցուկ վերադարձանք, ու մտքինս է՛ն էր, որ մինչեւ ֆիլմի սկսվելը կնստենք Կոմայգու նստարաններից մեկին, ու հավանաբար Լիզայի մտքինն է՛լ էր նույնը, ու մեր հայացքները միասնաբար որսացին ծառուղու միակ ազատ նստարանն, ու մեր քայլերը սինխրոն մեզ տարան դեպի էդ միակ ազատ նստարանը, եւ երբ արդեն նստել էինք էդ թիկնակով հարմարավետ նստարանին, հանկարծ նկատեցի, որ Դերոյի ու Արամի հայացքներն ուղիղ մեզ են չռված ու սեւեռված, ու չնայած ֆուտբոլասերների էդ մեծ խմբի մեջ ուրիշ ծանոթների էլ նշմարեցի, բայց հստակորեն մեզ սեւեռվածը հենց Արամի ու Դերոյի հայացքներն էին, բայց ես դիտմամբ չտեսնելու էի տալիս եւ դեմքս «Կրկնվող ֆիլմերի» կողմն էի թեքել, բայց էդպես՝ դեմքս «Կրկնվող ֆիլմերի» կողմ թեքած էլ ձախ աչքիս ամենածայրով տեսնում էի, որ Արամն ու Դերոն չեն դադարում մեր կողմ նայել ու ինչ-որ քչփչում ու քրքջում են:

– Կինոն երեւի օգնի, որ մի քիչ ցրվենք,- ասաց Լիզան:

– Ինչի՞ց ցրվենք,- հարցրի ես:

– Այսօրվա տպավորություններից:

– Էսօրվա տպավորությունները որ ցրենք, տակը բան չի մնա:

– Բացասակա՛ն տպավորությունները նկատի ունեմ:

– Բացասականը ո՞րն էր:

– Ռեստորա՛նը նկատի ունեմ,- թախծոտ ժպտաց Լիզան.- արդեն լրիվ տրամադրվել էի:

– Էրեւում ա՝ ռեստորան շատ ես սիրում:

– Մի բան ասեմ՝ հո ձեռ չե՞ս առնի:

– Ասա՛:

– Կյանքումս ռեստորան գնացած չկամ,- կարմրեց Լիզան:

– Ոչ մի անգա՞մ:

– Որ գնայինք՝ էդ առաջին գնալս էր լինելու:

– Շատ ափսոս:

– Ավելի ճիշտ՝ մեր Ղափանի ռեստորանում հազար անգամ մերոնց հետ եղել եմ, բայց Երեւանում ոչ մի անգամ ռեստորան չեմ գնացել:

– Հիմա արդեն լրիվ պարզ ա, թե տրամադրությունդ խի հանկարծակի փչացավ:

– Անցած լինի,- թախծոտ ժպտաց Լիզան:

– Անցած ըլնի,- ասացի ես:- Մի օր որ ձեռս փող ընկնի՝ իրար հետ ռեստորան կգնանք:

– Էդ արդեն լրիվ ուրի՛շ ռեստորան կլինի,- ասաց Լիզան.- այսօրվա կամպանիան չի՛ լինի:

– Շերենցն ասեց, որ հենց Ֆրունզիկը լավանա, էդ նույն սաստավով թոռան ընդունվելը նշելու են: Ֆրո՛ւնզն ա խոստացել:

– Չեմ հասկանում,- ասաց Լիզան.- եթե Շերենցի՛ թոռն է ընդունվել, մաղարիչն ինչո՞ւ է Ֆրունզիկն անում:

– Իրանք շատ մոտիկ ընկերներ են, համ էլ՝ Շերենցն էս պահին փող չունի:

– Արվեստագետները շատ տարօրինակություններ ունեն,- ասաց Լիզան:- Մեր Ղափանի թատրոնում մի ռեժիսոր կա՝ երկու տեղ ընտանիք ունի. մեկը՝ Ղափանում, մյուսը՝ Երեւանում:

– Փաստորեն, Ղափանում արդեն բազմակնության են անցել,- ասացի ես:

– Ոչ թե Ղափանում, այլ՝ Ղափանի թատրոնո՛ւմ,- ճշտեց Լիզան:- Երկուսն էլ, փաստորեն, իր օրինական ընտանիքներն են:

– Մալադե՛ց ռեժիսոր,- ասացի ես:

– Էդ ապուշից լավ պրծանք,- ասաց Լիզան:

– Ո՞ր ապուշից:

– Էդ ռեժիսորից: Էդ ապուշը մեծ քրոջս դասարանից էր ու մինչեւ ականջների ծայրը քրոջս էր սիրահարված:

– Քույրդ էլ է՞ր սիրահարված:

– Մի թեթեւ: Բայց մերոնք չտվին, ավելի ճիշտ՝ պապա՛ս մերժեց: Երկու անգամ քրոջս ուզելու եկան, բայց պապաս ասաց՝ էդ մեյմունին աղջիկ չունեմ տալու:

– Շատ դաժան պապա ունես:

– Սկզբում մենք է՛լ էինք քեզ պես մտածում, բայց հետո հասկացանք, որ պապան էր ճիշտ:

– Ինչի՞ց հասկացաք:

– Հիմա էդ մեյմունը հա՛մ յոգ է, համ էլ՝ հումակեր. մենակ պոպոք-պնդուկ է ուտում ու մեկ էլ՝ մեղր:

– Ի՞նչ վատ ա:

– Իր համար երեւի լավ է, բայց քրոջս համար հաստատ վատ էր լինելու:

– Հաստատ չես կարա ասես,- ասացի ես:

– Հիմիկվա փեսաս հազար էդպիսի ռեժիսոր արժի: Պատկերացնո՞ւմ ես՝ հանկարծ քույրս էդ ապուշին առած լիներ:

– Չեմ պատկերացնում,- ասացի ես.- էդ ռեժիսորին ո՛չ տեսել եմ, ո՛չ էլ պատկերացնում եմ:

– Պատկերացնելու բան չի՝ որ պատկերացնես,- ասաց Լիզան:

Մենք ֆուտբոլասերներից ահագին հեռու էինք նստած, բայց ֆուտբոլասերների ճվճվոցները շատ լավ էին լսվում, եւ չնայած ութն անց էր, ֆուտբոլասերների քանակությունը ցերեկվա համեմատ հեչ չէր պակասել, քանի որ «Արարատը» նախորդ օրը խոշոր հաշվով հաղթանակ էր տարել, այսինքն՝ ասելիք ու խոսելիք բոլ կար, ու մի ականջս նրանց ձայներին էր, եւ երբ եւս մեկ անգամ իրենց կողմ նայեցի, էլի Արամն ու Դերոն աչքովս ընկան, ու էլի սեւեռուն մեր կողմն էին նայում ու մեր կողմ նայելով՝ էլի քչփչում ու խնդմնդում էին:

– Էս ի՞նչ մարդիկ են,- հարցրեց Լիզան:

– Ֆուտբոլասերներ են,- ասացի ես:

– Ինչո՞ւ են էստեղ հավաքվել:

– Իրանց մշտական տեղն ա. միշտ էստեղ են հավաքվում:

– Բա ինչո՞ւ են ճվճվում:

– Երեւի ոգեւորված են. էրեկ «Արարատը» խոշոր հաշվով հաղթել ա:

– Պապաս է՛լ է շատ ուժեղ ֆուտբոլասեր,- ասաց Լիզան:- Մերոնք որ հաղթել են, հիմա ինքն է՛լ շատ ուրախացած կլինի: Մերոնք լավ էի՞ն խաղում:

– Չգիտեմ. չեմ տեսել: Էրեկ առաջին անգամ մերոնց խաղը բաց եմ թողել:

– Պապան ոչ մի խաղ բաց չի թողնում:

– Ես նույնիսկ ստադիոնի աբոնեմենտ ունեմ:

– Պապան հեռուստացույցով է խաղերը նայում, բայց ոչ մի խաղ բաց չի թողնում:

– Ես է՛լ ոչ մի խաղ բաց չեմ թողնում, բայց էրեկվա խաղի մասին լրիվ մոռացել էի:

– Աշխարհն էլ որ քանդվի՝ պապան ֆուտբոլը չի մոռանա:

– Էրեկ նկարիչների կաֆեում Լեւոն Ներսիսյանի, Շերենցի ու Ֆրունզիկի հետ խոսալով ընկա՝ ֆուտբոլը մոռացա:

– Պատկերացնում եմ,- ասաց Լիզան.- Լեւոն Ներսիսյանը որ խոսի՝ էլ ֆուտբո՞լ կհիշես: Ի՞նչ էիք խոսում:

– Հիմնականում Շերենցի թոռան էդ քննությունից էինք խոսում:

– Լավ է, որ ընդունվել է: Ասում ես՝ Ֆրունզի՞կն էր բարեխոսել:

– Հա: Ֆրունզը որ չզանգեր՝ դժվար թե ընդունվեր:

– Պարզ է: Հիմա հազարից մեկն է առանց ծանոթի ինստիտուտ ընդունվում:

– Դու է՞լ ես ծանոթով ընդունվել:

– Հա,- ասաց Լիզան.- ես հո հանճար չեմ, որ առանց ծանոթի ընդունվեի:

– Ծանոթդ ո՞վ էր:

– Հաստատ Ֆրունզիկը չէր,- ժպտաց Լիզան:- Պապայի համակուրսեցին էր. իրար հետ հինգ տարի հանրակացարանի նույն սենյակում են ապրել: Համալսարանի ամենաճանաչված դասախոսներից է՝ դոկտոր-պրոֆեսոր, ամբիոնի վարիչ:

– Ո՞վ ա:

– Քե՞զ ինչ: Ես քո ծանոթի անունը հարցնո՞ւմ եմ:

– Ահագին ընդհանուր գծեր ունենք,- ասացի ես:

– Ի՞նչ ընդհանուր գծեր,- հարցրեց Լիզան:

– Էրկուսս էլ ծանոթով ենք ընդունվել:

– Էդ մի՛ ընդհանուր գիծ: Մյո՞ւսը որն է:

– Էրկուսս էլ ծանոթով բանասիրական ենք ընդունվել:

– Հա,- ասաց Լիզան.- բայց տարբերությունն է՛լ է մեծ:

– Ո՞ր տարբերությունը:

– Այն, որ ես ծանոթով համալսարան եմ ընդունվել, իսկ դու՝ մանկավարժական:

– Քեզ շա՜տ ես երեւակայում,- ասացի ես:

– Կատակ եմ անում,- ասաց Լիզան:

Մեր էդ խոսակցության ողջ ընթացքում աչքիս պոչով նայում ու տեսնում էի, որ Արամն ու Դերոն շարունակում էին մեր կողմ նայել ու խնդմնդալ, եւ դա իրենց կողմից պարզապես անշնորհքություն էր հատկապես է՛դ պահին, երբ մատներս արդեն իրենք իրենց քսվում էին Լիզայի պարանոցի նուրբ ու փափուկ մաշկին, ու արդեն Լիզայից հորդացող էլեկտրականությունն ու տաք հոսանքն ինձ իրենցով էին արել, ու հենց էդ պահին էր, որ Լիզան ձեռքս բռնելով ու իրենից կտրուկ հեռացնելով՝ ասաց.

– Էն երկու տղամարդիկ հո քեզ ծանոթ չե՞ն:

– Ի՞նչ էրկու տղամարդ,- իբր չհասկանալով ու հակառակ կողմ նայելով՝ ասացի ես:

– Ո՞ւր ես նայում,- ասաց Լիզան.- ֆուտբոլասերների՛ կողմը նայիր. էն կարմիր ու վանդակավոր վերնաշապիկովների՛ն նկատի ունեմ:

– Ծանոթ են,- ասացի ես:

– Ինչո՞ւ են մեզ նայում ու ծիծաղում. էդքան ծիծաղելի ե՞նք:

– Հես ա գալիս եմ,- տեղիցս վեր կենալով՝ ասացի ես:

– Ո՞ւր ես գնում,- ձեռքս բռնեց Լիզան:

– Գալիս եմ,- ասացի ես ու մոտեցա իրենց:

– Արմե՞ն, էդ աղջկան խի՞ մենակ թողիր,- կարմրելով ու երեւի իրենց սխալն զգալով՝ ասաց Արամը:

– Էդ աղջիկն ինձ ուղ արկեց, որ ձեզ մի հատ հարց տամ,- ասացի ես:

– Ի՞նչ հարց,- զարմացավ Դերոն:

– Իրան հետաքրքրում ա, թե խի՞ եք անընդհատ մեզ նայում ու հռհռում:

– Իրան չասեցի՞ր, որ ծանոթ ենք,- ասաց Արամը:

– Չուզեցի իմանա, որ ձեր պես անշնորհք ծանոթներ ունեմ:

– Վիրավորում ես,- ասաց Արամը:

– Ես հետո՛ ձեզ կբացատրեմ, թե ով ա ում վիրավորում,- ասացի ես:

– Մի՛ նեղացի, Արմո՛ ջան,- ասաց Դերոն:- Ուղղակի՝ ես ու Արամը գրազ ենք էկել:

– Ի՞նչ գրազ,- զարմացա ես:

– Ես ասում եմ՝ էդ հետիդ աղջիկը ռուս ա, Արամն ասում ա՝ արտասահմանցի ա:

– Հա՛յ ա,- ասացի ես.- ընենց որ՝ էրկուսդ էլ սխալվել եք: Բայց խի՞ էիք անընդհատ մեզ նայում ու ծիծաղում:

– Որ իմանայինք հայ ա, ո՛չ կնայեինք ու ո՛չ էլ կծիծաղեինք,- ասաց Արամը:

– Ոչինչ,- ասացի ես.- մի օր մուռներդ կհանեմ. մի օր էլ ե՛ս ձեզ աղջկա հետ կբռնացնեմ:

– Թող իմ ձեռն ըտենց մի հատ չալաղաջ ընկնի՝ ինչքան ուզում ես մուռդ հանի,- ծիծաղեց Արամը:

– Գնա՛, Արմո՛ ջան, ամոթ ա. աղջիկը քե՛զ ա սպասում:

– Ձեզանից շա՜տ շնորհակալ եմ,- ասացի ես ու վերադարձա Լիզայի մոտ:

– Հո հետները չկռվեցի՞ր,- հարցրեց Լիզան:

– Հետո՛ կկռվեմ,- ասացի ես:- Կներե՛ս:

– Ինչի՞ համար:

– Որ քեզ մենակ թողեցի:

– Ոչինչ. էս անգամ առանձնապես երկար չսպասեցրիր: Ասում ես՝ ծանոթ ե՞ն:

– Հա: Ո՛չ բարով:

– Բա չհարցրի՞ր՝ ինչու էին ծիծաղում:

– Գրազ էին էկել:

– Ի՞նչ գրազ,- զարմացավ Լիզան:

– Քո հաշվո՛վ էին գրազ էկել:

– Իմ հաշվով ո՞նց էին գրազ եկել,- ավելի զարմացավ Լիզան:

– Դերոն ասել էր, որ դու ռուս ես, իսկ Արամն ասել էր՝ արտասահմանցի ես:

– Արամը ո՞ր մեկն է,- իրենց կողմ նայելով՝ հարցրեց Լիզան:

– Կարմի՛րը:

– Շատ տարօրինակ շրջապատ ունես:

– Նոր եմ զգում:

– Իրենք էլ ե՞ն արվեստագետ:

– Չէ. իրանք ֆուտբոլասեր են:

– Բա հիմնական մասնագիտություն չունե՞ն:

– Ունեն. ո՞նց չունեն: Իրանց հիմնական մասնագիտությունը հենց ֆուտբո՛լն ա:

– Ուրիշ մասնագիտություն չունե՞ն:

– Ունեն. մեկը դասախոս ա, մյուսը՝ խանութի վարիչ:

– Դասախոսը ո՞ր մեկն է:

– Կարմիրը: Դասախոսի նման չի՞:

– Մյուսն ավելի նման է դասախոսի:

– Չշարժվե՞նք,- հարցրի ես:

– Ո՞ւր:

– Կինոյի կողմ: Հիմա երեւի տոմսերն սկսել են ծախել:

– Վախենում ես տոմսերը պրծնե՞ն:

– Պրծնելը չեն պրծնի, բայց լավ կարգերի տոմսերը երեւի պրծնեն:

– Լավ կարգերը որո՞նք են:

– Վերջին կարգերը, ավելի ճիշտ՝ ամենավերջին կարգը:

– Ամենավերջին կարգն ի՞նչ իմաստով է լավ: Հո միտքդ ծուռ չի՞,- ասաց Լիզան ու ավելացրեց.- իմ հալ՝ քու հավես:

– Էդ ի՞նչ ա նշանակում:

– Էդ անեկդոտը չես լսե՞լ:

– Ի՞նչ անեկդոտ:

– Մի անգամ մի պառավ ու հիվանդ կին գնում է բժշկի, եւ բժիշկը, որ մի երիտասարդ տղա էր, հարցնում է. «Ո՞ր տեղդ ա ցավում, տատի՛»: «Սաղ տեղերս էլ ցավում են, բալա ջան»,- ասում է պառավը: «Դե շորերդ հանի՛, տատի՛ ջան»,- ասում է բժիշկը: «Է՜, բալա՛ ջան, իմ հալ՝ քու հավես»,- ասում է պառավը:

– Լավ ա ասել,- ասացի ես:

– Վատ անեկդոտ է՞ր,- հարցրեց Լիզան:

– Շատ լավն էր,- ասացի ես:

– Բա ինչո՞ւ չծիծաղեցիր:

– Որովհետեւ հազար անգամ լսել էի:

– Որ լսել էիր, ինչո՞ւ նախօրոք չասացիր. քեզ համար քյասիբի ռադիո՞ եմ, ինչ է:

– Ոգեւորված պատմում էիր. չուզեցի ընդհատեմ:

– Հեչ կինոյի հավես չունեմ,- ասաց Լիզան:

– Կինոյի հավեսը ո՞րն ա:

– Տրամադրությո՛ւն չունեմ:

– Էդ կինոն որ տենաս՝ տրամադրությունդ կբացվի:

– Էդ կինոն քանի՞ անգամ ես նայել:

– Մի քանի անգամ:

– Մենա՞կ ես նայել, թե՞ աղջիկների հետ:

– Մենակ:

– Կարող է՞ էդ կինոյի ժամանակ է՛լ ընկերներդ վրաներս ծիծաղեն:

– Ի՞նչ ընկերներ:

– Եսի՞մ: Ամեն տեղ ընկերներ ունես: Կարող է՞ էնտեղ էլ ինձ վրա գրազ եկողներ լինեն:

– Որ չես ուզում՝ չենք գնա,- ասացի ես:

– Եթե այդքան շատ ես ուզում՝ կգնանք,- տեղից վեր կենալով՝ ասաց Լիզան ու ավելացրեց.- ծարավեցի. գնանք՝ էն ցայտաղբյուրից ջուր խմենք:

Մենք շարժվեցինք դեպի Սունդուկյանի թատրոնի մոտի ցայտաղբյուրը, եւ երբ մոտենում էինք ցայտաղբյուրին, թատրոնի աստիճանների մոտ մեր դեմ դուրս եկավ կիրթ արտաքինով մի մարդ, եւ Լիզան այդ մարդուն տեսնելով՝ վազեց, փաթաթվեց նրան ու ճչաց.

– Բարեւ ձեզ, ընկե՛ր Թամրազյան:

– Լիզըչկա՞,- Լիզայի թուշը պաչելով՝ ասաց կապուտաչյա ու համակրելի այդ մարդը:

– Ինչպե՞ս եք, ընկե՛ր Թամրազյան,- Թամրազյանին թեւանցուկ անելով՝ հարցրեց Լիզան:

– Դո՛ւ ասա,- ասաց Թամրազյանը:- Մամանպապան ո՞նց են: Էս ե՞րբ ես եկել:

– Լավ են,- ժպտաց Լիզան:- Երեկ չէ՝ առաջին օրն եմ եկել:

– Բա ինչո՞ւ ես էսքան շուտ եկել. ձեր դասերին դեռ քսան օրից ավել ժամանակ կա:

– Գյուղից ձանձրացա,- ասաց Լիզան:

– Պարզ է,- ինձ նայելով՝ ասաց Թամրազյանը:- Երեւանում չես ձանձրանում, չէ՞:

– Երեւանում է՛լ եմ ձանձրանում,- ասաց Լիզան:- Արդեն փոշմանել եմ, որ շուտ եկա:

– Վատ է,- ինձ նայելով՝ ասաց Թամրազյանը.- մենք ձեր տարիքում չէինք ձանձրանում:

– Մենք է՛լ ենք փորձում չձանձրանալ,- ասաց Լիզան:

– Ստացվո՞ւմ է,- հարցրեց Թամրազյանը:

– Մեծ դժվարությամբ,- ասաց Լիզան:

– Վատ է,- նորից ինձ նայեց Թամրազյանը.- մենք ձեր տարիքում չէինք թողնում, որ աղջիկները ձանձրանան:

– Մեզանից կախված ամեն ինչ անում ենք,- ասացի ես:

– Դու է՛լ պիտի ամեն ինչ անես,- Լիզային նայելով՝ ասաց Թամրազյանը.- էդ հարցերը միակողմանի չեն լուծվում:

– Ի՞նչ հարցեր,- հարցրեց Լիզ ան:

– Էդ չձանձրանալու ու չտխրելու հարցերը,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- երիտասարդի հետ ինչո՞ւ չես ծանոթացնում:

– Հա,- ասաց Լիզան.- ծանոթացե՛ք:

– Հրանտ,- ձեռքս սեղմելով՝ ասաց Թամրազյանը:

– Արմեն,- ասացի ես:

– Հրանտ Թամրազյան, դոկտոր-պրոֆեսոր, գրականության ամբիոնի վարիչ,- ասաց Լիզան:

– Պաշտոնս ու կոչումս երիտասարդին դժվար թե որեւէ բան ասեն,- ասաց Թամրազյանը:

– Ասում են,- ասացի ես:

– Ի՞նչ են ասում,- հարցրեց Թամրազյանը:

– Ասում են, որ դուք Լիզայի հայրիկի ընկերն եք. հանրակացարանում միասին եք ապրել:

– Պահո՜,- զարմացավ Թամրազյանը:- Ուրի՞շ ինչ են ասում:

– Նաեւ ասում են, որ Լիզան ձեր օգնությամբ եւ ձեր միջնորդությամբ է ինստիտուտ ընդունվել,- ասացի ես:

– Համալսարա՛ն,- ինձ ուղղեց Լիզան:

– Շատ բերանբաց ու շատ միամիտ աղջիկ ես,- Լիզային ասաց Թամրազյանը.- ուրիշները նույնիսկ իրենց ամուսիններին էդ տեսակ գաղտնիքները չեն ասում: Երեւի վաղուցվա մտերիմներ եք, որ հասցրել եք էդքան խորանալ:

– Ընդամենը մի քանի ժամ կլինի, ինչ Արմենն ու ես իրար ճանաչում ենք,- ասաց Լիզան:

– Հորդ պես հանաքչի ես,- ասաց Թամրազյանը:

Երբ անցնում էինք ֆուտբոլասերների մոտով, Արամը թեւով բոթեց ինձ ու ականջիս շշնջաց.

– Էդ մարդն ո՞վ ա:

– Քե՞զ ինչ,- ասացի ես:- Կարող ա՞ էլի գրազ եք էկել:

– Կարող ա՞ ապագա աներդ ա,- ծիծաղեց Արամը:

– Ի՞նչ աներ,- ասաց Դերոն.- ասում եմ՝ համալսարանի դասախոս ա:

– Դժվար թե,- ասաց Արամը:

– Դու դասախոս կըլնես՝ ինքը չի ըլնի՞,- ասացի ես:

– Հարուր տոկոսով համալսարանի դասախոս ա,- ասաց Դերոն:

– Դո՞ւ որտեղից գիտես,- հարցրի ես:

– Մոռացել ե՞ս, որ համալսարանի պատմականն եմ ավարտել,- ասաց Դերոն:

– Արածդ հե՛չ պատմականն ավարտածի արած չէր,- ասացի ես:

– Նեղացել ա,- ասաց Արամը:

– Դե լավ, գնա հասի իրանց,- ասաց Դերոն:- Հետո՛ կխոսանք:

– Ես ձեր հետ խոսալու բան չունեմ,- ասացի ես ու քայլերս արագացնելով՝ հասա Լիզային ու Թամրազյանին:

– Հետ ես մնում, Արմե՛ն,- ինձ տեսնելով՝ ասաց Թամրազյանը:- Ես ու Լիզան առանց քեզ պլաններ ենք մշակում:

– Ի՞նչ պլաններ,- հարցրի ես:

– Մտածում ենք՝ ռեստորան չգնա՞նք: Կարծում եմ՝ դեմ չես,- ասաց Թամրազյանը:

– Մենք այսօր մի անգամ արդեն ռեստորան գնացել ենք,- կատակեցի ես:

– Հաստա՞տ,- Լիզային նայեց Թամրազյանը:

– Արմենն ուզում է ասել՝ այսօր մի անգամ արդեն ռեստորան չե՛նք գնացել:

– Ծերացել եմ,- ասաց Թամրազյանը.- ձեր էս նոր սերնդի լեզուն հեչ չեմ հասկանում: Էսօր ռեստորան գնացե՞լ եք, թե՞ չեք գնացել:

– Պիտի գնայինք, բայց չենք գնացել,- ասաց Լիզան:

– Էլի չհասկացա,- ասաց Թամրազյանը:

– Երկար պատմություն է, ընկե՛ր Թամրազյան,- ասաց Լիզան:- Ավելի լավ է՝ մեր ռեստորան չգնալու պատմությանը չանդրադառնանք:

– Ուրեմն՝ իմ առաջարկած ռեստորանին անդրադառնանք,- ասաց Թամրազյանը.- Արմեն ջան, ես քեզ ու Լիզային ռեստորան եմ հրավիրում. համաձա՞յն ես:

Ես Թամրազյանի ազգանունը փոքրուց գիտեի, որովհետեւ մայրս գրականության ուսուցչուհի էր, եւ իր դասագրքերի վրա կամ «Թամրազյան» էր գրված լինում, կամ՝ «Ջրբաշյան», եւ հիմա ինձ համար շատ հաճելի էր, որ Թամրազյանը հետս էդպես մտերմիկ ու անմիջական էր խոսում:

– Եթե Լիզան համաձայն է՝ ես է՛լ եմ համաձայն,- պատասխանեցի ես:

– Դու քո՛ անունից ասա,- ասաց Թամրազյանը.- Լիզայի համաձայնվելն ինձանի՛ց է կախված. ե՛ս եմ իրեն համալսարան ընդունել, ես է՛լ կհեռացնեմ: Համ էլ՝ եթե ինքը հետներս չգա, մենք երկուսով կգնանք ու տղամարդավարի քեֆ կանենք:

– Իզուր եք այդքան բարդացնում, ընկե՛ր Թամրազյան,- ասաց Լիզան.- ես ո՛չ միայն համաձայն եմ, այլեւ շատ ուրախ եմ ձեր հրավերի համար:

– Ես է՛լ եմ համաձայն,- անմիջապես ասացի ես:

– Լավ չի,- ասաց Թամրազյանը:

– Ի՞նչը լավ չի,- հարցրի ես:

– Լավ չի, որ տղամարդու համաձայնվելը կնոջ համաձայնվելով է պայմանավորվում,- ասաց Թամրազյանը:

– Ես դեռեւս կին չեմ,- ասաց Լիզան:

– Առավե՛լ եւս,- ասաց Թամրազյանը.- մեր ժամանակ աղջիկներն էին տղաներին ենթարկվում:

– Հիմա է՛լ է էդպես, ընկե՛ր Թամրազյան. պարզապես՝ ես ու Լիզան ընդամենը մի քանի ժամվա ծանոթներ ենք, դրա՛ համար եմ իր կարծիքը հաշվի առնում:

– Ինձ ձեռ ե՞ք առնում,- վրդովվեց Թամրազյանը.- մի քանի ժամվա ծանոթներ եք, բայց արդեն հասցրել եք կյանքներդ իրար պատմե՞լ:

– Էդպես ստացվեց, ընկե՛ր Թամրազյան,- ասաց Լիզան:

– Շատ արագ սրտներս բաց արինք,- ասացի ես:

– Շատ էլ ճիշտ եք արել. չուզողի ա՛չքն եք հանել,- ասաց Թամրազյանը:- Դե հիմա որոշեք՝ «Սեւան» ռեստորան ենք գնո՞ւմ, թե՝ «Արարատ»: Ամենամոտիկն էդ երկուսն են:

– «Սեւան» գնանք,- ասաց Լիզան.- «Արարատում» այսօր արդեն եղել ենք:

– Ձեզանից գլուխ չեմ հանում,- ասաց Թամրազյանը.- կարող է՞ հարբած եք:

– Ոչ մի կաթիլ չենք խմել,- ասաց Լիզան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել