Գտնում
է «ՀԺ»-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանը ՄԱԱ-ի երեկվա հյուրը «Հայկական ժամանակ»
թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն էր, իսկ քննարկման թեման՝ «ԶԼՄ-ները եւ ժողովրդավարությունը»:
Անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին, Ն. Փաշինյանն այն այսպես բնութագրեց.
«յուրաքանչյուր քաղաքացի երկրում տեղի ունեցող պրոբլեմները փորձում է օտարել իրենից»,
մինչդեռ «ժողովրդավարությունը այն է, երբ յուրաքանչյուր ոք հասկանում է, որ երկրում
շատ բան կախված է իրենից, ու չկան հարցեր, որոնք իր միջամտության կարիքը չունեն»:
Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին, ապա «ՀԺ» խմբագրի ասելով, այսօր չկա գաղափարապես
ամուր այն քաղաքական ուժը, որը կարողանա ի մի բերել հասարակության մեջ առկա մտահոգությունները
եւ դրանց լուծման իմաստով հասնել կոնկրետ արդյունքների՝ ժողովրդավարության կայացում,
պետության իրական զարգացում եւ այլն: Ըստ նրա, քաղաքական՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր
դաշտում հոգեւոր վակուում է. «Պարզ չէ, թե ով՝ ինչ է ուզում: Եթե իշխանության դեպքում
հայտնի է, որ այն ունի իշխանությունը պահպանելու խնդիր, ապա ընդդիմությունը չի էլ
պատկերացնում իր անելիքը: Եվ սրա մեղավորը ամենեւին էլ հանրությունը չէ, այլ քաղաքականություն
մտած այն մարդիկ, ովքեր քաղաքական պրոցեսները միշտ չէ, որ լավ են պատկերացնում»:
Ն. Փաշինյանի տպավորությամբ, քաղաքական գործիչների ելույթները լսելով, զգում ես,
որ, այնուամենայնիվ, ինչ-որ տեղ ուզում են խաբել, ֆռռացնել: Խոսքը տվյալ դեպքում
եւ ընդդիմության, եւ իշխանության մասին էր: Անցնելով իր գլխավորած թերթում
գրաքննությանը վերաբերող հարցին, խմբագիրը պատասխանեց, որ «ՀԺ»-ն համարում է բացարձակ
ազատ թերթ, քանի որ իրենց մոտ չկան տաբուներ՝ թեմաների ու անձերի առումով: Կարեւորը,
ըստ նրա, նյութի որակն է: Նա փաստեց, որ այսօր որոշ լրատվամիջոցներ փոխանակ հասարակությանը
տեղեկատվությամբ ապահովելու, հակառակ ֆունկցիա են կատարում՝ մարդկանց ուշադրությունը
շեղելով տեղի ունեցող իրադարձություններից: Թեեւ կոնկրետ անուններ չտրվեցին, սակայն
Փաշինյանը նշեց, որ հատկապես հեռուստաընկերություններին նկատի ունի: «Երբ լրատվական
դաշտում կար «Ա1+»-ի նման հեռուստաընկերություն, դա ստեղծում էր մրցակցություն: Այն
մոնոպոլիան, գրաքննությունը, լրատվական ուղղորդվածությունը, որ այսօր տեսնում ենք
եթերում, կոտրվում էր: Այսօր քաղաքացին տեղեկացված չէ այն վտանգների մասին, որոնք
սպառնում են երկրին»,- ասաց պրն Փաշինյանը՝ հավելելով, որ դրա արդյունքում ԶԼՄ-ները
նպաստում են, որպեսզի հանրությունը հայտնվի լեթարգիական քնի մեջ՝ մատուցելով տնտեսական
աճի, հաջողությունների մասին ուռճացված տեղեկություններ: Անդրադարձ եղավ նաեւ
ԶԼՄ-ների՝ քաղաքականության մեջ ունեցած դերին: Ն. Փաշինյանը համամիտ չէ «այլակերպված
գրանտային կազմակերպությունների հնարած այն ձեւակերպմանը», թե լրագրողը չպետք է քաղաքականությամբ
զբաղվի: «ԱԺ պատգամավորները մի բան են ուզում՝ ԱԺ-ում անարգել քնել: Եթե լրագրողները
չլինեն, ԱԺ-ի աթոռները կհանեն ու լեժանկաներ կփռեն… Եթե քաղաքական գործիչը չի կատարում
իր առաքելությունը, ուրեմն լրագրողներս նրան նախ պետք է բզենք, հետո փորձենք արթնացնել,
դնել իր ֆունկցիայի մեջ, իսկ եթե այդ ամենը չի անում, իհարկե պիտի տրորենք-անցնենք»,-
հայտարարեց Ն. Փաշինյանը: Պատասխանելով իր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ
ունեցած առնչությունների մասին հարցադրմանը՝ «ՀԺ» խմբագիրն իր կոլեգաներին խնդրեց
այլեւս իրեն չկապել այդ կուսակցության հետ. «Դա բացառվում է: Ես Վիկտոր Դալլաքյանը
չեմ, որ ասեմ՝ ծրագրի հետ դեռ նոր եմ ծանոթանում, հնարավոր է դուրս գա»: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ