Ահա
Հարավային Կովկասի երկրներին բնութագրող բառերը՝ 2005-ի համար Երեկ առանց
Ադրբեջանի ներկայացուցիչների «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում մեկնարկեց «Լրատվամիջոցների
կովկասյան ինստիտուտի» (ԼԿԻ) կազմակերպած «Կովկաս-2005» միջազգային գիտաժողովը: Սակայն
գիտաժողովի «ադրբեջանական մասը» բաց չմնաց, քանի որ «Ադրբեջան. պետության տեղն աշխարհում
եւ զարգացման որոշ միտումներ» զեկույցով հանդես եկավ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի
Համաշխարհային տնտեսագիտության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ
գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը: Նա «հասկանալի» համարեց ադրբեջանցի պատվիրակների բացակայությունը՝
հաշվի առնելով այն իրողությունը, որ Ադրբեջանում ոչ միայն չի խրախուսվում Հայաստանի
հետ որեւէ առնչություն, ավելին՝ «նրանց գալն անվտանգ չէր լինի գոնե Ադրբեջանում նրանց
ապագայի համար»: Պարոն Կռիլովը խոսում էր հիմնականում փաստերով: Այն է. այսօր Ադրբեջանը
ԱՊՀ-ում լիդեր է՝ տնտեսական աճի ցուցանիշով: 2006թ. ընթացքում մեր հարեւան պետությունում
համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է 26,4%-ով, եւ այս ռեկորդային ցուցանիշի հիմքում
ընկած է նավթի արդյունահանման ծավալների մեծացումը: Սակայն, ինչպես նշեց պարոն Կռիլովը,
որոշ փորձագետներ վստահ են, որ այդ աճը շատ ավելին է, ուղղակի այդ երկրում տնտեսության
ստվերային մասը թույլ չի տալիս ճիշտ պատկեր ստանալ: Ըստ ադրբեջանական պաշտոնական
աղբյուրների՝ ստվերը կազմում է երկրի տնտեսության միայն 5-6%-ը, այնինչ ամերիկյան
եւ եվրոպական փորձագետների գնահատմամբ, այն գերազանցում է 60%-ը: Այնուամենայնիվ,
տնտեսագետ Կռիլովը գտնում է, որ միայն նավթարդյունաբերությամբ պայմանավորված տնտեսական
զարգացումը միակողմանի է, այն էլ՝ Ադրբեջանում, որն, ըստ էության, ագրարային երկիր
է, որի բնակչության մեծամասնությունը կազմում է գյուղացիությունը: Պարոն Կռիլովը
փաստեց, որ Ադրբեջանն այսօր հստակ արտահայտված ավտորիտար երկիր է՝ չկայացած հասարակական
ինստիտուտներով, սակայն նկատեց, որ Հեյդար Ալիեւից հետո երկրում կայունությունը չխախտվեց
հենց ավտորիտարիզմի շնորհիվ: Նա մի հետաքրքիր դիտարկում եւս արեց. «Ադրբեջանի պես
երկրում ավտորիտարիզմի այլընտրանքը ոչ թե դեմոկրատիան է, այլ՝ անարխիան»: Ըստ ռուս
տնտեսագետի՝ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները ռազմական հզորացման եւ
հնարավոր պատերազմական գործողությունների մասին՝ միֆ են, քանի որ ՀՀ-ն՝ լինելով Հավաքական
անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, հավասարակշռում է ուժերը տարածաշրջանում,
իսկ Ադրբեջանը սնող նավթային ինվեստորներն ուղղակի թույլ չեն տա ռազմական գործողությունների
վերսկսումը: Պարոն Կռիլովն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի եւ արտաքին աշխարհի
հարաբերություններին: Այս առումով մեր հարեւանները հաջողություններ են գրանցել. մասնավորապես,
Ռուսաստանի հետ նախկինում ունեցած սառը հարաբերություններն այսօր այնքան են ջերմացել,
որ այս երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն անցել է $1մլրդի սահմանագիծը: Իսկ
դա նույնիսկ ավելին է, քան «մեծ եղբոր»՝ Թուրքիայի հետ ունեցածը, ինչը որոշակի խանդ
է առաջացրել վերջինիս մոտ: Ալ. Կռիլովն ասաց նաեւ, որ ՌԴ հետաքրքրությունը դեպի Ադրբեջանը
մեծ է ոչ միայն վերջինիս ունեցած բնական պաշարների համար, այլեւ, որ Ադրբեջանը Ռուսաստանի
համար պատուհան է դեպի Իրան եւ մյուս ասիական երկրներ: Ու ավելացրեց, որ չնայած այն
բանին, որ ՀՀ հետ կապող ռազմավարական գործընկերությունը «ավելի լուրջ» կատեգորիա
է, բայց մեզ հետ ունեցած տնտեսական թույլ կապերը եւ այն, որ այսօր Հայաստանն, ըստ
էության, տարանցիկ ուղիներ չունի, շատ է խանգարում մեր հարաբերությունների զարգացմանը:
Հետհեղափոխական Վրաստանի վիճակին անդրադարձավ Թբիլիսիի Մենեջմենթի եվրոպական
դպրոցի դասախոս Լաշա Բակրաձեն իր՝ «Վրաստանը 2005 թվականին. ճանապարհ դեպի ապագա»
զեկույցում: Նա ընտրել էր զեկույցի բավականին յուրօրինակ ձեւ. վերցրել էր վրացական
կառավարության հրատարակած մի PR գրքույկ՝ «16 հաղթանակ, որը մեզ բերեց հեղափոխությունը»,
եւ կետ առ կետ անդրադառնալով այդ 16 հաղթական կետերին՝ սարկազմով ջախջախում էր դրանք:
Տեղի սղության պատճառով չանդրադառնանք դրանց, նշենք միայն, որ պարոն Բակրաձեն նոր
բառ էր գտել իր երկրում տիրող իրավիճակը գնահատելու համար՝ «պեդոկրատիա», ասել է
թե՝ երեխաների իշխանություն: Ըստ Լ. Բակրաձեի՝ մանկականությունը, որով բարձր պաշտոններ
են տալիս երեկվա ուսանողներին, երիտասարդ կառավարության ոճն է: Նա նաեւ անճաշակության
մեջ մեղադրեց բրոշյուրը կազմողներին, ովքեր գրել էին, ասենք, նման բան՝ «ոչ մի երկիր
չի համատեղում խաչը, սուրբ Գրիգորիին եւ վարդերը…», կամ «ոչ մի տեղ Բուշն այնքան
ազատ չի շնչում, որքան Վրաստանում» եւ այլն… Նա ծաղրեց նաեւ Թբիլիսիում տեղադրվող
հաղթական սյունը, որն, ըստ իշխանությունը ներկայացնող պատգամավորներից մեկի՝ «մեր
ապագա հաղթանակների հուշարձանն է», ասելով, թե՝ ոչ մի տեղ ապագա հաղթանակների համար
հուշարձան չի կառուցվում, բացի Վրաստանից: Հետաքրքիր է, որ պարոն Բակրաձեի այս սուր
քննադատությունը ծանր էին տանում գիտաժողովի հայ մասնակիցները, ովքեր սկսեցին պաշտպանել
վրաց հեղափոխականներին, այնպես որ՝ պարոն Բակրաձեն ստիպված եղավ ճշտել, որ չնայած
քննադատությանը, ինքը համարում է, որ անկախությունից ի վեր Վրաստանը չի ունեցել ավելի
լավ կառավարություն, քան Սահակաշվիլունն է. ուղղակի սպասելիքներն էին մեծ, եւ դա
է պատճառը, որ յուրաքանչյուր բացթողում ծանր է տանում: Իսկ ահա Վրաստանի նախագահի
աշխատակազմի շատ երիտասարդ անդամ Իրինա Մամուկաշվիլին «Առավոտի» հետ զրույցում ասաց,
որ ինքը վատ չի զգում անգամ նման սուր քննադատությունից, քանի որ դեմոկրատական երկրում
պետք է լինեն քննադատություններ, եւ դրանք պիտի լսվեն բարյացկամորեն: Զեկույցին,
որ նվիրված էր 2005թ.-ի Հայաստանին, անդրադառնալու հարկ, թերեւս, չկա, քանի որ ԼԿԻ
տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի ասածները հայտնի են մեր հասարակությանը, բայց մեջբերենք
նրա այն միտքը, որը արտասանվեց «վախով, որ կխփեն»՝ «2005-ին ՀՀ ընդդիմությունը մեռավ»:
Հակիրճ անդրադառնանք նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի զեկույցին՝
«Հարավային Կովկասի երկրների տնտեսության զարգացման դինամիկան 2005-ին»: Այս զեկույցում,
որը հիմնված էր մի քանի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների տվյալների վրա,
պարոն Սարգսյանը մանրամասն ներկայացրեց տարածաշրջանի երկրների տնտեսական վիճակը,
եւ բացառված էր չհանգել այն եզրակացությանը, որ ավելի լավ վիճակ, քան Հայաստանում
է՝ անհնար է նույնիսկ պատկերացնել: ԿԲ նախագահի բերած համարյա բոլոր չափանիշներով
եւ գնահատականներով ՀՀ-ն իր հարեւաններից ավելի բարենպաստ դիրքերում է գտնվում: Օրինակ,
Հայաստանը ողջ ԱՊՀ-ում գերիշխող տեղ է զբաղեցնում տնտեսության ազատության առումով,
լիդեր է նաեւ բանկային ռեֆորմների, հակամենաշնորհային օրենսդրության հարցերում, միայն
մենք ենք տարածաշրջանում գլուխ հանել ինֆլյացիայի հետ, միայն մենք ենք մարել պետական
պարտատոմսերը, մեզ մոտ է ամենալավ վիճակը սեփականության իրավունքի(՞) եւ պաշտպանության
բնագավառում, մերն է ամենաորակյալ կրթական համակարգը, ամենազարգացած լարային հեռախոսակապը
եւ այլն: Մենք թույլ ենք միայն մի քանի կետերում, որոնք լարային հեռախոսակապի հետ
համեմատած՝ հեչ բան են, օրինակ՝ Հայաստանում դատարանների անկախությունը եւ կոռուպցիոն
ռիսկերը ավելի վատ վիճակում են, քան Ադրբեջանում: Նաեւ կրթությանը, առողջապահությանը
եւ պաշտպանությանը հատկացված ծախսերի առումով ենք թույլ. ընդհանրապես մեր բյուջեն
է ավելի փոքր, բայց միեւնույն է՝ մեզնից լավ վիճակ ոչ մեկը չունի: ՄԵԼԱՆՅԱ
ԲԱՐՍԵՂՅԱՆ