Այսօր
վաղ առավոտյան Երեւանից Լեհաստան մեկնեցին ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նորընտիր
նախագահ Սամվել Խաչատրյանը, գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը եւ տղամարդկանց
ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Հովհաննիսյանը: Նրանք մասնակցելու
են Եվրոպայի առաջնությանը նախորդող մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի համաժողովին:
Սամվել Խաչատրյանն իր այս այցը շատ է կարեւորում, քանի որ հիմա ֆեդերացիաներից, նախ
եւ առաջ դրանց նախագահներից է պահանջվում գործնական սերտ հարաբերություններ հաստատել
մայր ֆեդերացիաների հետ: Նա ցանկություն ունի առանձին հանդիպել IWF-ի նախագահ Թամաշ
Այանի հետ: Իսկ մեր ծանրորդները, ըստ իրենց մասնակցության օրերի, մրցավայր
են մեկնելու փուլ առ փուլ: Ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության վերջին
ուսումնամարզական հավաքն անցկացնում է Արարատ քաղաքի «Այգ» մարզաբազայում: Այն նվիրված
է ծանրորդների ուժերի վերականգնմանը, վարժությունների կատարման տեխնիկայի հղկմանը,
հոգեբանական պատրաստվածությանը: Ինչպես ասում են մարզիչները, իրենց սաները վատ մարզավիճակում
չեն՝ վերջին հավաքների ընթացքում բարձրացրել են բավականին լուրջ կիլոգրամներ, սակայն
մեդալներ նվաճելու կոնկրետ խոստումներ չեն տալիս: «Մրցահարթակն ամեն բան ցույց կտա,-
ասում են նրանք:- Հիմա կարեւորը վնասվածքներ չստանալն է, դրա համար էլ շատ մեծ ծանրություններ
չեն բարձրացնում, այլ մոտենում են իրենց համար սովորական քաշերին»: Ֆեդերացիայի նախագահն
էլ դոպինգային ստուգման մասին ասաց. «Մենք ծանրորդների «մաքուր լինելուն» առաջնային
նշանակություն ենք տվել: Բժիշկն անգամ ամենօրյա սնունդը հսկողության տակ է պահել:
Մոտ քսան օր առաջ ՎԱԴԱ-ից եկել, դոպինգ ստուգում են անցկացրել: Եթե որեւէ բան այն
չլիներ, կարծում եմ՝ մեզ կահազանգեին: Այնպես որ, օդանավ նստելու են միայն նրանք,
ովքեր այստեղ խստորեն պահպանել են առաջադրված պահանջները»: Լեհաստանում Հայաստանի
մարզական դրոշի պատիվը պաշտպանել հավաքականի մարզիչները վստահել են. Տղաներ
56 կգ. Արսեն Թամրազյան 69 կգ. Արմեն Ղազարյան եւ Տիգրան Գ. Մարտիրոսյան
77 կգ. Արա Խաչատրյան եւ Գեւորգ Դավթյան 85 կգ. Արսեն Մելիքյան եւ
Տիգրան Վ. Մարտիրոսյան +120 կգ. Աշոտ Դանիելյան: Աղջիկներ 58
կգ. Մելինե Դալուզյան 75 կգ. Հռիփսիմե Խուրշուդյան: Վերջում տեղեկացնենք
նաեւ, որ Արսեն Թամրազյանը մրցահարթակ մտնելու է մայիսի 2-ին, Մելինե Դալուզյանը՝
մայիսի 3-ին, Արմեն Ղազարյանը, Տիգրան Գ. Մարտիրոսյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը՝
մայիսի 4-ին, Արա Խաչատրյանն ու Գեւորգ Դավթյանը՝ մայիսի 5-ին, Արսեն Մելիքյանն ու
Տիգրան Վ. Մարտիրոսյանը՝ մայիսի 6-ին, Աշոտ Դանիելյանը՝ մայիսի 7-ին: Ա.
ՀԱԿՈԲՅԱՆ