Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԱԲԱԶԱՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԻ

Ապրիլ 29,2006 00:00

Իսկ
ճոպանուղին կձգվի մինչեւ այնտեղ Ծաղկաձորի վերածնման աշխատանքները այս տարի
նոր թափով են շարունակվելու: Երեկ ՀՀ սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը «Առավոտին»
հանգամանալից պատմեց կատարվելիք աշխատանքների մասին: «2006 թվականին Ծաղկաձորում
մարզական երկու շատ խոշոր ծրագիր ունենք իրականացնելու: Առաջինը նորակառույց ճոպանուղու
առաջին գծահերթի վերջի եւ երկրորդի սկզբի հատման կետից դեպի Գլխավոր օլիմպիական մարզաբազայի
մոտ գտնվող սարի գագաթը տանող նոր ճոպանուղու կառուցումն է: Ներկայումս բանակցային
փուլում ենք «Լայթներ» ընկերության ղեկավարության հետ: Կարծում եմ, պայմանագրի վերջնական
տեսքը պատրաստ կլինի մինչեւ մայիսի վերջ, որից հետո աշխատանքները կարող ենք սկսել
արդեն հունիս-հուլիս ամիսներին: Հույս ունենք, որ այս մեկն ավելի էժան կլինի, քան
նախորդները: Ճոպանուղու կառուցումը եւս երկու դահուկուղիներ հիմնելու հնարավորություն
է ստեղծելու: Դրանցից առաջինը, որ տանելու է դեպի օլիմպիական մարզաբազա, արդեն կիսով
չափ պատրաստ է, իսկ երկրորդը, որ պետք է կառուցվի, ձգվելու է չորրորդ ճոպանուղու
վերջից մինչեւ առաջինի սկիզբը եւ ընդհանուր առմամբ ունենալու է 7,5-8 կիլոմետր երկարություն:
Այս ամենին զուգահեռ՝ իրականացնելու ենք նաեւ բոլոր դահուկուղիների շրջակայքի
կանաչապատման հսկայական աշխատանքներ: Հիշում եք, որ 2005-ին Թեղենիս լեռան վրա տնկեցինք
շուրջ 1000 արծաթափայլ եղեւնի: Այս տարի, եթե եղանակային պայմանները չխանգարեն, մտադիր
ենք կատարել եւս 10 հազար եղեւնու ծառատունկ: Այդպես երկու կարեւոր ծրագիր էլ կիրագործենք:
Նախ՝ ծառատունկը բնապահպանական կարեւորագույն խնդիրներ կլուծի, երկրորդ՝ այդ եղեւնիները
գործող դահուկուղիները քամու եւ հաճախակի ձնաբուքերի դեմ բնական պատնեշի դեր կկատարեն,
մի բան, որ մարզական առումով էլ անչափ կարեւոր է: Երկրորդ խոշոր ծրագիրը Ծաղկաձորի
գլխավոր օլիմպիական մարզաբազայի հիմնանորոգումն է: Այն իրականացնել ցանկանում է ամերիկահայ
գործարար եւ բարերար Ալբեր Բոյաջյանը: Նա մայիսի սկզբներին ժամանելու է Երեւան ու
այդ ժամանակ էլ վերջնականապես կհամաձայնեցվեն պայմանագրի բոլոր մանրամասները: Սակայն
այժմ կարող եմ մի քանի կետերի մասին խոսել, որոնք արդեն համաձայնեցված են: Առաջինը,
որ պայմանագիրը վարձակալական բնույթ ունի: Այսինքն՝ օլիմպիական բազան չի վաճառվում:
Երկրորդ՝ հիմնանորոգվելու են հյուրանոցային ամբողջ համալիրը, բոլոր մարզադահլիճները,
որոնք ունենալու են իրենց ջեռուցման համակարգերը: Սա ձմեռային մարզումների համար
առաջնահերթ կարեւորության խնդիր է: Երրորդ՝ շահագործումից հետո պարտադիր պայման է
լինելու հետեւյալը. մարզաբազայից օգտվելը ֆինանսապես ոչ մի ձեւով չի ազդելու մեր
հավաքականների վրա: Այստեղ հատուկ կետով նշվում է, որ հավաքները եւ մարզումները,
որ հիմա կազմակերպում են ազգային ֆեդերացիաները, անցկացվելու են այն գումարների չափով,
ինչ որոշել է կառավարությունը: Եվ վերջինը՝ մենք առաջարկելու ենք, որպեսզի օլիմպիական
բազայի շահագործումից ստացվող շահույթի առնվազն 20 տոկոսը փոխանցվի պետական բյուջե:
Մեր հաշվարկներով՝ շինարարությունը կարող է տեւել մոտ 1,5-2
տարի: Իսկ շինարարությունն ու գույքի ձեռքբերումը միասին կարժենան մոտ $7 միլիոն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել