Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ՝ ԴՐՍՈՒՄ

Ապրիլ 29,2006 00:00

EABA-ի գործկոմի նիստը՝ Երեւանում «Առավոտի» ընթերցողները
տեղյակ են, որ տարեսկզբին Պրահայում կայացած սիրողական բռնցքամարտի եվրոպական ասոցիացիայի
համաժողովում փոխվեց մարզական այդ կազմակերպության ղեկավարությունը: Այդ ժամանակ
քվեարկությամբ EABA-ի փոխնախագահ ընտրված ՀԱՕԿ-ի փոխնախագահ, Հայաստանի բռնցքամարտի
ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի նախաձեռնությամբ եւ գործադրած
անմիջական ջանքերի շնորհիվ համաժողովը որոշեց գործադիր կոմիտեի հաջորդ նիստը մայիսի
5-7-ն առաջին անգամ անցկացնել Երեւանում: Ուզում է ռեւանշ վերցնել Ռուսաստանը
ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, մեր հայրենակից Մհեր Մկրտչյանը, ով անցած
շաբաթ Ֆրանսիայում 11-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով մինչ այդ պարտություն չկրած
Ջեկսոն Շանեին՝ մինչեւ 76,204 կգ քաշային կարգում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը,
հայտարարել է, թե կցանկանար ռեւանշ-մրցամարտ անցկացնել IBF-ի եւ WBO-ի վարկածներով
չեմպիոն Ջո Կալզագեի հետ: Մհերի եւ Ջոյի միջեւ առաջին մենամարտում, որ կայացել է
2004 թ. փետրվարին, հաջողությունն ուղեկցել է բրիտանացուն: Այն ժամանակ նա 7-րդ ռաունդում
նոկաուտի է ենթարկել ռուսաստանցուն: Մհերը լրատվամիջոցներին հայտարարել է նաեւ, որ
կցանկանար կարիերան ավարտելուց հետո մարզիչ աշխատել. «Դաստիարակելը լավ գործ է»:
Բռնցքամարտն օլիմպիական ձեւ չպե՞տք է լինի Ավստրալիայի բժշկական ասոցիացիայի
նախագահ Մուքեշ Հայկերվալը հայտարարել է, թե բռնցքամարտը չպետք է ընդգրկված լինի
հաջորդ օլիմպիական խաղերի ծրագրի մեջ: «Չի կարելի սպորտ համարել այն մրցումը, որում
հաղթող է դառնում նա, ով ավելի շատ հարվածներ կհասցնի կամ կհարկադրի մրցակցին անզգա
վիճակում հատակին տապալվել: Բռնցքամարտը քայքայում է առողջությունը: Ընդ որում, դրա
հետեւանքները կարող են երեւալ ոչ անմիջապես, այլ հեռավոր ապագայում: Բարի կամեցողության
խաղերում դաժանությունն ու կանխամտածված վնասվածք հասցնելը տեղ չպետք է ունենան»,-
ասել է բժիշկը: Ամերիկյան «Journal of Cobative Sport» հանդեսի տվյալներով՝
2000-2005 թվականներին անմիջականորեն բռնցքամարտով զբաղվելու պատճառով աշխարհում
մահացել է 53 մարդ (միջին հաշվով՝ տարեկան 10,6 մարդ): Հայտնի է, որ բռնցքամարտում
ստացած վնասվածքները վնասում են ուղեղը, հասցնում հաշմանդամեցնող այնպիսի հիվանդությունների,
ինչպիսին Պարկինսոնի հիվանդությունն է: Տեղեկացնենք նաեւ, որ Բժշկական համաշխարհային
ասոցիացիան այս մարզաձեւն ընդհանրապես արգելելու օգտին հանդես է գալիս 1983 թվականից:
Արթուր Աբրահամը պատրաստվում է «Box
news»-ը տեղեկացնում է, որ միջին քաշային կարգում (մինչեւ 72,574 կգ) IBF-ի չեմպիոն,
Գերմանիան ներկայացնող հայաստանցի Արթուր Աբրահամը, ով վերջին տարիներին բնակվում
եւ մարզվում է Բեռլինում, մայիսի 13-ին Գերմանիայի Ցվիկաու քաղաքի «Շտադտհալլե» մարզասրահում
մենամարտելու է գանացի Քոֆի Յանտուայի հետ: Վերջինը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել
է 30 մենամարտ, տարել 28 հաղթանակ (19-ը՝ նոկաուտով), կրել երկու պարտություն: Հիշեցնենք,
որ Արթուրն իր անցկացրած բոլոր 20 մարտերն էլ գրանցել է իր օգտին, որոնցից 7-ը՝ ժամկետից
շուտ: Արթուր Աբրահամն այս տարի եւս մեկ անգամ պետք է մտնի ռինգ: Դա լինելու
է օգոստոսի 19-ին՝ նույնպես Գերմանիայում: Արթուրի հերթական մրցակիցը լինելու է Կոլումբիայի
ներկայացուցիչ Էդիսոն Միրանդան, ում մարզական ցուցանիշները նույնպես պատկառելի են:
Միրանդան, ինչպես Արթուրը, պրոֆեսիոնալ ռինգում չի ճաշակել պարտության դառնությունը:
Նա անցկացրել է 26 մենամարտ ու բոլորում էլ հաղթանակ է տոնել, ընդ որում՝ 23 անգամ
մրցակիցների նկատմամբ բացահայտ առավելությամբ: ՔՆԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել