Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԿԵՐՈՎԻ ՔԵՖԸ ՄԱՀ Է

Ապրիլ 29,2006 00:00

Արաբկիր
եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում երեկվանից սկսվեց Անդրանիկ
եւ Արմեն Եփրեմյանների, Հայրիկ Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Նրանք մեղադրվում են 2005թ. հոկտեմբերի 1-ին Զեյթուն թաղամասում գտնվող հանրակացարանների
դիմացի «Հացատուն» խորտկարանում Հայկազ Դադյանին «դիտավորությամբ պատճառած կյանքին
վտանգ սպառնացող ծանր վնասի» համար, որի հետեւանքով Հ. Դադյանը մահացել է: Տուժողի
իրավահաջորդ է ճանաչվել Դադյանի կինը՝ Սուսաննա Թաթոսյանը, դատակոչվելու է 12 վկա:
«Առավոտն» անդրադարձել է տուժողի իրավահաջորդի մոտեցումներին՝ կապված քրգործի նախաքննության
հետ: Երեկ մենք տեղեկացանք, որ Եփրեմյանների պաշտպանությունը իրականացնելու է Փաստաբանների
պալատի անդամ Արմեն Մանուկյանը: Նա հայտնել է, որ կալանք ընտրվել է միայն Անդրանիկ
Եփրեմյանի նկատմամբ, իսկ մյուս երկու մեղադրյալների նկատմամբ կիրառվել է ստորագրությունը
չհեռանալու մասին: Ըստ պրն Մանուկյանի, իր պաշտպանյալները չեն եղել վերոնշյալ համայնքի
ղեկավար ընտրված Արայիկ Քոթանջյանի վստահված անձինք: Ըստ մեղադրյալ Հայրիկ Պողոսյանի
նախաքննության ցուցմունքի, «իր գործընկերներ Հայկազ Դադյանի («Անի» արտադրական կոոպերատիվի
վարորդ-առաքիչն էր), Միքայել Ավագյանի, Պողոս Բերեջիկյանի եւ Վահե Մարտիրոսյանի հետ
մասնակցել է թաղապետի ընտրությունների առթիվ կազմակերպված ցերեկույթին, որից հետո
Հայկազի առաջարկով գնացել են «Հացատուն» խորտկարան»: Հ. Պողոսյանը պատմում
է, որ Արմենը անընդհատ ձեռքը դրել է իր ուսին, ինչի համար ինքը դիտողություն է արել
նրան: Սկսվել է վեճ: Վեճը շարունակել են Անդրանիկը (Արմենի եղբայրը) ու Հայկազը:
«Նկատել է, որ Հայկազն ընկած է, իսկ Անդրանիկը ոտքերով հարվածել է նրան»: Ըստ գործի
նյութերի, Անդրանիկ Եփրեմյանը սկզբում մեղավոր է ճանաչել իրեն: Վեճի նրա վարկածը
այլ է. իրեն անծանոթ Հայրիկը «հարբած վիճակում անընդհատ քաշել է Արմենի ձեռքից, վերջինիս
հանգստացնելու նպատակով ձեռքը դրել է Հայրիկի ուսին, ինչից զայրացել եւ վիճաբանություն
է սկսել Արմենի հետ»: Եվ երբ եղբորը հարվածել են (թիկունքից), «տեսել է՝ հայհոյանքներ
տալով առաջ է եկել Հայկազը»: Ըստ փաստաբան Ա. Մանուկյանի, իր պաշտպանյալը «պաշտպանելու
նպատակով» է հրել Հայկազին եւ որ նա գործել է «անհրաժեշտ պաշտպանության» շրջանակներում:
«Անդրանիկ Եփրեմյանն այդ օրն ընդհանրապես չի խմել, ոգելից չի օգտագործել»,- նշում
է փաստաբանը: Քաշքշոցից հետո Դադյանին տարել են 8-րդ հիվանդանոց: Բժիշկ Արթուր
Գեւորգյանը «զննելով Հայկազին, հայտնել է, որ վտանգավոր ոչինչ չի պատահել, անհրաժեշտ
է յոդով մշակել վերքը»: Չնայած, ըստ տուժողի կնոջ՝ Ս. Թաթոսյանի, Հայկազին հաջորդ
առավոտյան ընկերները տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատել են,
սակայն հոկտեմբերի 5-ին Հայկազը, գիտակցության չգալով, մահացել է: «Անի» մսամթերքի
արտադրամասի աշխատակից, գործով վկա Վ. Մարտիրոսյանի ցուցմունքով՝ «իրենք միասին գնացել
են Քանաքեռ-Զեյթուն համայնքների թաղապետի ընտրությունների առիթով կազմակերպված խնջույքին:
Այնտեղ իրենք մնացել են 1 ժամ, որի ընթացքում օղի են խմել»: Իսկ կռվի դրվագը նկարագրել
էր այսպես. «Հայհոյանքներն եղել են փոխադարձ: Չի կարող ասել՝ ով ում, մարմնի որ մասին
է հարվածել եւ քանի անգամ, սակայն հարվածները եղել են փոխադարձ՝ ոտքերով, ձեռքերով»:
Իսկ 8-րդ բուժմիավորման ընդունարանի բուժքույրն ասել էր, որ «ոչ ինքը, ոչ Ա. Գեւորգյանը
հիվանդին չեն տեսել, նրա վերքերը չեն զննել»: «Հիվանդատերերը հարբած էին, լկտի են
պահել եւ չսպասելով բժշկին, գնացել են»,- ասում են բժիշկները: Տեղեկացնենք, որ Անդրանիկ
Եփրեմյանը չէր աշխատում, եղբայրը՝ Արմենը ՀՀ «Սեյսմշիննախագիծ» ինստիտուտի հյուսն
էր, իսկ Հայրիկը՝ «Անի» կոոպերատիվի վարորդն էր: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել