ԿԳ
փոխնախարարը հնարավորություն ունի կտրիչ գործիքներով արտադրություն կազմակերպել Երեկ
Երեւանի ճարտարագիտական համալսարանի շրջանավարտ, կրթության եւ գիտության փոխնախարար
Արտակ Սահրադյանը պաշտպանեց իր ատենախոսությունը (դոկտորական), որի թեման մոտավորապես
հետեւյալն էր՝ «Արագահատ պողպատից եւ կարծր համաձուլվածքից պատրաստված կտրիչ գործիքների
ինքնաջերմամշակումը»: Մատչելի լեզվով ասած՝ պարոն Սահրադյանը առաջարկում էր ջերմամեխանիկական
մշակման ենթարկելու միջոցով բարձրացնել արտադրության մեջ կիրառվող գործիքների կարծրությունը
եւ ամրությունը: Ատենախոսը մոտ կես ժամ գծագրերի եւ աղյուսակների օգնությամբ ներկայացրեց
իր գիտական աշխատանքը եւ մեկ առ մեկ թվարկեց այդ գործիքների առավելությունները: Պրոֆեսոր
Գուրգեն Հովսեփյանը հետաքրքրվեց, թե ատենախոսը նախատեսո՞ւմ է հետագայում այս գործիքներով
որեւէ արտադրություն կազմակերպել, ինչին ի պատասխան, պարոն Սահրադյանն ասաց. «Այդ
գործիքների հնարավորությունները մեծ են, դրանք լուրջ առաջընթաց կունենան եւ կկիրառվեն
ոչ միայն Հայաստանի գործիքաշինության, այլեւ՝ արտերկրի գործարաններում»: Ա. Սահրադյանի
աշխատության վերաբերյալ կարծիքները մեծ մասամբ դրական էին, նույնիսկ հիմնական ընդդիմախոս,
Բելառուսի ազգային ակադեմիայի փոխնախագահ Ալեքսանդր Վիտիազը, որը պատճառաբանելով
զբաղվածությունը՝ պաշտպանությանը չէր ներկայացել, իր դրական եզրակացությունն էր հայտնել
նամակով եւ նշել, որ «ատենախոսության թեման արդիական է եւ Ա. Սահրադյանն արժանի է
գիտությունների դոկտորի գիտական աստիճանի կոչման»: Մյուս երկու պաշտոնական
ընդդիմախոսները՝ «Մաքուր երկաթ» ՓԲԸ-ի տնօրեն Գենիկ Կարապետյանը եւ Ճարտարագիտական
համալսարանի Մեքենաշինության դեպարտամենտի պրոֆեսոր Բորիս Բալասանյանն իրենց ելույթներում
հիմնականում գովերգեցին, միայն դժգոհեցին, որ աշխատությունում հստակ նշված չէ, թե
որ ճյուղերի համար է այն կիրառելի: Ատենախոսության վերաբերյալ 20-30 կարծիք էլ ստացվել
էր ԱՊՀ երկրների նյութագիտության ամբիոններից, հիմնականում՝ դրական: Երեք ժամ տեւած
պաշտպանությունից հետո խորհրդի 15 անդամները գաղտնի քվեարկությամբ ատենախոսությունը
հաստատեցին: Երեկ «Առավոտի» հետ զրույցում պարոն Սահրադյանը դարձյալ պնդեց, որ դոկտորականի
պաշտպանությունը կապված չէ որեւէ բուհի ռեկտոր դառնալու հավակնությունների հետ: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ