Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՏԱՔԱՑՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՕԳՆԻ ԳՈՐԾԻՆ

Ապրիլ 29,2006 00:00

ԵՊՀ
ռեկտորի պաշտոնին հավակնողներն իրենց հայտերը կշարունակեն ներկայացնել մինչեւ մայիսի
5-ը։ Մինչ այսօր հայտ են ներկայացրել նախորդ թեկնածուներից երկուսը՝ ԵՊՀ իրավաբանական
ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը եւ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը։
Այս 2 հավակնորդներն էին, որ նախորդ ընտրություններում դուրս եկան երրորդ
փուլ եւ գրեթե հավասար, բայց ոչ բավարար ձայներ էին հավաքել։ Վերջերս Գագիկ
Ղազինյանը մեր թերթին տված հարցազրույցում, առանց մանրամասնելու, նշել էր, որ նախորդ
ընտրությունները տապալեցին դրսի ուժերը։ «Ես համամիտ չեմ նման կատեգորիկ ձեւակերպումների
հետ»,- ասում է Ա. Սիմոնյանը։ Իսկ մեր տեղեկություններով, ընտրություններից հետո
լուրեր են տարածվել, թե հաշվիչ հանձնաժողովի որոշ անդամներ պարզապես իրենց քմահաճույքով
անվավեր էին ճանաչել մի քանի քվեաթերթիկ։ «Ես կարծում եմ, որ կոռեկտ չեն նման հարցադրումները,
որովհետեւ, որքան գիտեմ, հանձնաժողովը միակարծիք է եղել։ Նաեւ խորհրդի կողմից են
քվեարկվել արդյունքները։ Հետին թվով կարելի է կոմենտարներ տալ, բայց ես կարծում եմ,
որ դա իզուր է։ Ամեն ինչ պետք է փաստերով լինի։ Ես նման տեղեկություն չունեմ»։ Իսկ
նախորդ ընտրությունների ողջ ընթացքում տիրող լարվածությունը, պրն Սիմոնյանը հավաստիացնում
է՝ «մրցակցության պայքարի լարվածություն էր, որ շատ բնական եմ համարում, որովհետեւ
4-ի ուժերն էլ հավասար էի գնահատում»։ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Սամվել Հարությունյանի
(ում մասին համալսարանականները խիստ դրական էին արտահայտվում) հավաքած 4 ձայնն էլ,
թեեւ մեր զրուցակցի համար անակնկալ է եղել, սակայն, համարում է, որ դա թերեւս ուժերի
դասավորվածության հարց էր. «Համալսարանականների մեծ մասը նրա դեպքում, փաստորեն,
գտավ, որ մյուս թեկնածուներն ավելի կարող են այդ պաշտոնում, թեեւ ես շատ բարձր եմ
գնահատում նրան որպես ֆիզիկոս, համալսարանական։ Նախասիրությունների հարց է։ Չորսն
էլ իրենց գործունեությամբ, ներուժով հավասար են՝ մեկը մի քիչ ավելի շատ փորձ ունի
ղեկավար աշխատանքի, մյուսը՝ գիտական ոլորտում է ավելի առաջնային, երրորդը՝ ֆակուլտետի
կառավարման հարցում է գուցե ավելի հմուտ, ես, օրինակ, ֆակուլտետ չեմ ղեկավարել»։
Արամ Սիմոնյանն ունի ԵՊՀ ռեկտորի մասին իր պատկերացումները. «Մի մարդ, որ
կունենա հստակ պատկերացումներ համալսարանի հետագա գործունեության մասին՝ սկսած մայիսի
16-ից, պիտի իմանա, որ այդ դժվար աշխատանքը շատ հաճախ նաեւ անշնորհակալ է լինելու,
պետք է ունենա ձեռագիր՝ գիտակրթական բարեփոխումների մեջ՝ ինչից սկսել, ինչով վերջացնել։
Պետք է բարեփոխումներ իրականացնելու ընդունակ լինի եւ, որ շատ կարեւոր է՝ պետք է
անպայմանորեն հեղինակություն լինի համակարգում եւ ընդհանրապես՝ գիտության ոլորտում։
Նա պետք է ընդունված լինի կոլեկտիվի եւ հասարակության կողմից, օժտված՝ մարդկային
բարձր հատկանիշներով, կարողանա հարաբերվել եւ ուսանողների, եւ դասախոսական կազմի
հետ, ներկայացնել համալսարանը հասարակությանը եւ դրսում։ Հակառակ դեպքում՝ նա անելիք
չի ունենա ու շատ արագ կխամրի, շրջապատն էլ կտեսնի, որ նա անուժ է։ Ոչ այնքան ինքը
պետք է աշխատի, որքան կարողանա աշխատեցնել, ստեղծել մեխանիզմներ, որ ստիպում են կոլեկտիվին՝
ամեն մեկին իր տեղում աշխատել։ Սա համալսարանում ամենացավոտ հարցերից մեկն է։ Այսօր
ոչ միշտ է հաջողվում աշխատեցնել ամեն մեկին իր տեղում, իր գործառույթների շրջանակներում»։
Քարոզարշավի այս շրջանում, ըստ պրն Սիմոնյանի, արհեստական տաքացումները, շիկացումները
ոչ միայն անթույլատրելի են, այլեւ ցանակալի չեն, «որովհետեւ դա համալսարանին շեղում
է հիմնական ուշադրությունից՝ ամենաարժանավորին ընտրելու հնարավորությունից։ Անընդունելի
եմ համարում սեւ PR-ն այս հարցում։ Կարծում եմ՝ թեկնածուներն այնքան խելոք եւ իմաստուն
կգտնվեն, որ մնացած ժամանակաշրջանում այդ բանը գոնե չանեն»։ Արամ Սիմոնյանը նշում
է, որ նախորդ ընտրություններից առաջ նման տեխնոլոգիաներ կիրառվել են նաեւ իր նկատմամբ։
Եղել են հոդվածներ մամուլում, եւ կարծում է, որ դա ոչ այնքան թեկնածուների ձեռքի
գործն է՝ մրցակիցներին նսեմացնելով իր արժանիքները ցուցադրելու, որքան դրսի ուժերի,
գուցեեւ՝ լրագրողական հնարքներ են։ «Համարում եմ, որ այդ հոդվածները մարդուն վշտացնելուց
զատ, հարիր չեն համալսարանական մթնոլորտին։ Դրանք զուր ջանքեր են, պարզապես իմաստ
չունի։ Այս հարցում մարդիկ ավելի զսպված պետք է լինեն, վերջապես սա դարակազմիկ տիեզերական
խնդիր չէ, համալսարանի ռեկտորի ընտրություն է»։ Ա. Սիմոնյանը չի կիսում այն կարծիքը,
ըստ որի՝ այսօր բուհի ռեկտոր կամ խորհրդի նախագահ (մինչեւ իսկ՝ դպրոցի տնօրեն) ընտրվում
է քաղաքական նպատակներով։ «Քաղաքական նպատակներ չեմ տեսնում դրա մեջ, երեւի թե քաղաքականացման
որոշակի էլեմենտներ միայն։ Բայց մեր քաղաքականացված հասարակության պայմաններում համալսարանն
էլ, որպես այդ հասարակության մի բջիջ, չի կարող քաղաքական անցուդարձից մի կողմ գտնվել,
եւ լավ էլ չի լինի, որ այդպես լինի։ Ես, ցավոք սրտի, գիտեմ, որ մեր ուսանողների մեծ
մասն ապաքաղաքականացված է, ես կուզենայի, որ մեր երկրի պայմաններում այդ տոկոսն այդքան
մեծ չլիներ։ Վատ բան չեմ տեսնում, որ չափավոր քաղաքականացվածություն լինի, ավելի
վատ է անտարբերությունը, ամենասարսափելին դա է։ Մեր ուսանողության մեծ մասի մեջ սա
կա։ Եթե Հայաստանը լիներ մեծ երկիր, մարդիկ ապրեին բարվոք պայմաններում, այդ անտարբերությունը
ինչ-որ տեղ արդարացված կլիներ»։ Ըստ Ա. Սիմոնյանի, բուհն այսօր նաեւ դաստիարակչական
ֆունկցիա պետք է կատարի ուսանողի համար, որովհետեւ դպրոցն իր այդ ֆունկցիան հիմնականում
չի կատարում, իսկ ընտանիքում էլ՝ սոցիալական դժվարությունները ստվերում են դաստիարակչականը։
«Մեր երիտասարդությունն ամենապարզունակ վարվեցողության կանոններ նույնիսկ չգիտի՝
սկսած անձնական հիգիենայից մինչեւ մարդկային առօրյա շփումներ, սկսած հագուկապից մինչեւ
շարժուձեւ։ Ուսանողներ կան, որ գալիս են դասի՝ պարահանդեսային շորերով։ Կարծես ուսումն
առաջնային չէ նրանց համար, երբ մտնում են բուհ։ Իհարկե, պետք է նաեւ լավ հանգստանալ
ու զվարճանալ, բայց պետք է ամեն ինչ իր ժամանակին անել։ Բուհը դաստիարակչական այս
հարցերում էլ պետք է կարողանա լրացնել բացը»։ ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել