Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենտրոնը միայն օպերան չի»

Ապրիլ 29,2006 00:00

Համայնքի
բնակիչները խնդրում են մեկ-մեկ էլ իրենց շենքի մոտ «ակցիաներ» կազմակերպել: Նախորդ
շաբաթ օրը Կենտրոն թաղապետարանը կազմակերպել էր «Մաքուր կենտրոն» ակցիան: Այդ օրը
համայնքում իսկական եռուզեռ էր, կապույտ վզկապավորներն անցորդներին ջանում էին ցույց
տալ, որ գժվում են Երեւանի համար ու փողոց նետված ծխախոտի ամեն մի մնացորդի համար
մեծ ցավ ապրում: Նման ակցիաները, իհարկե, ողջունելի են, բայց ընդամենը «PR»-ի խնդիր
են լուծում, քանի որ իրականում համայնքի այն հատվածները, որոնք իսկապես մաքրման կարիք
ունեն, այդպես էլ ուշադրության չեն արժանանում: Բրյուսովի 19 շենքի բնակիչները, 1990-ականներից
սկսած, իրենց կենցաղային աղբը թափում են շենքին հարակից մի փոսի մեջ, որը, բնակիչների
պատմելով, փորվել է մոտ 25 տարի առաջ՝ բարձրահարկ բնակելի շենք կառուցելու նպատակով:
Սակայն կառուցապատողների ծրագրերն ինչ-ինչ պատճառներով ձախողվել են, տարածքը մի քանի
անգամ վերավաճառվել է ու վերջին տերը, ըստ բնակիչների, ՀՀ տարածքային կառավարման
նախարար Հովիկ Աբրահամյանն է: Համայնքում շենքերի աղբատարներն այնքան ուշ-ուշ
են այցելում, որ բնակիչներին ուրիշ ոչինչ չի մնում անել, քան աղբը թափել Սովետաշեն
հիշեցնող այդ տարածքում: Ստեղծված վիճակի համար թաղապետարանը բնակիչներին են մեղադրում,
թե «ինչ փնթի ժողովուրդ եք», բնակիչներն էլ թաղապետարանին, թե «արածդ գործը մի հատ
զիբիլ տանելն ա՝ էդ էլ չես անում»: Որոշ բնակիչներ, այնուամենայնիվ, «վիզ են վերցնում»,
որ իրենց մեղքն էլ կա. «Աղբի կուտակման հարցում, իհարկե, մենք էլ ենք մեղավոր, մարդիկ
շինարարական, կենցաղային աղբը տանում-թափում են հենց էդ փոսի մեջ, բայց եթե գոնե
մեկ անգամ մաքրվի, մարդիկ կհասկանան, որ դա աղբ թափելու տեղ չի: Տարիներ շարունակ
բողոքում ենք՝ ոչ մի արդյունք»: Այդ տարածքը բնակելի շենքի անմիջապես հարեւանությամբ
է, եւ օրերը տաքանալուն պես գարշահոտը բուրելու է ամբողջ տարածքով մեկ: Բնակիչներն
ահուսարսափով են սպասում ամռանը, քանի որ շոգերն ընկնելուն պես ոչ մի պատուհան չեն
կարող բացել: Բացի այդ, «մինի» աղբահորը դարձել է առնետների մշտական բնակավայր, առկա
է նաեւ ինֆեկցիայի վտանգ: Դրան գումարվում են նաեւ անընդհատ տեղացող անձրեւներն ու
հոսող կեղտաջրերը: Հարցի առնչությամբ Կենտրոն թաղապետարանի լրատվական ծառայությունից
պարզաբանեցին, որ թեեւ 1999-ից նշված տարածքն իրենց հաշվեկշռում է, սակայն թաղապետարանն
առայժմ կառուցապատելու ծրագիր չունի. «Փոսը փակել չենք կարող, քանի որ 5-6 մետր խորություն
ունի, եւ ոչ մի տեխնիկա ի զորու չէ հանել կուտակված աղբը: Ինչքան որ հնարավոր է՝
մեր մասնագետները մաքրման աշխատանքները կանեն եւ փոսը կծածկեն հողով, սակայն դա էլ
հարցի լուծում չէ, քանի որ մարդիկ սովոր են աղբատարներում թափելու փոխարեն աղբը դրսում
թափել: Իսկ մեր աղբատարները բավականին լավ են աշխատում»: Չնայած քաղաքային
իշխանությունները հայտարարում են, որ մաքրման աշխատանքները իրականացվելու են ամբողջ
տարի, երեւանյան շաբաթօրյակները սահմանափակվում են ընդամենը մեկ օրով: Ինչ
վերաբերում է ակցիային, բնակիչների ներկայացմամբ՝ «միայն օպերայի շուշեքը մաքրեցին
ու՝ վերջ, բայց Կենտրոնը միայն օպերան չի, մի հատ թող մտնեն ներբակային տարածքներ՝
տեսնեն ինչ է կատարվում»: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել