Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Կարապետյանը փչացրեց իր $1200-անոց կոստյումը

Ապրիլ 29,2006 00:00

Եվ «Հեռացիր» չգոռաց Գորիկ Հակոբյանին

Երեկ Մատենադարանի մոտ տեղի ունեցավ «Նոր ժամանակներ» կուսակցության հրավիրած հանրահավաքը, որից հետո մասնակիցներն ուղեւորվեցին դեպի ոստիկանություն եւ ԱԱԾ՝ իրենց «ամոթը» գոռալու այս կառույցների աշխատակիցներին: Հանրահավաքի մասնակիցներին չէին խանգարել անձրեւը, ամպրոպն ու կարկուտը, եւ մի քանի հարյուր մարդ, ի զարմանս լրագրողների, հավաքվել էին: Մեր հարցին՝ որքա՞ն մարդ կլինի հավաքված, «ՆԺ» նախագահ Արամ Կարապետյանը պատասխանեց. «Սպիսոչնի՝ երկու հազար մարդ ենք բերել, բայց կողքից ուրիշներն էլ են միացել»: Մենք, իհարկե, պարոն Կարապետյանից ցուցակը չպահանջեցինք, բայց անզեն աչքով էլ երեւում էր, որ «սպիսոկն» ամբողջական չէր:

Արամ Կարապետյանի ելույթի ամբողջ ընթացքում նրան ուղեկցում էին ամպրոպն ու անձրեւը, քիչ անց միացավ նաեւ կարկուտը, սակայն «ՆԺ» առաջնորդը չընկրկեց եւ հերոսաբար, առանց անձրեւանոցի շարունակեց իր ելույթը՝ թեպետ չմոռացավ լրագրողներին ցույց տալ, թե ինչպես է թրջվել, իր ասելով՝ 1200 դոլարանոց կոստյումը:

Նրա ելույթի հիմնական մասը նվիրվեց ՀՌՀԸ-ի ղեկավար Ալեքսան Հարությունյանին, ով մեր թերթի երեկվա համարում կարծիք էր հայտնել, որ եթե Արամ Կարապետյանին եթեր տրամադրի, ապա նա կկորցնի առանց այն էլ փոքրաթիվ իր ընտրազանգվածի եղած-չեղած ձայները: Այս կապակցությամբ ասվեց. «Պարոն Հարությունյան, հենց այսօր արեք, հենց այսօր տրամադրեք ինձ եթեր, թող ես խոսեմ այդ եթերով եւ թող կորցնեմ իմ ունեցած ձայները, դուք տրամադրեք եւ կտեսնեք՝ կկորցնե՞մ, թե՞ ոչ: Մնացած հեռուստաընկերություններին էլ եմ հորդորում՝ հետեւեք պարոն Հարությունյանի հորդորին, տրամադրեք մեզ եթեր, եւ թող կորցնենք մեր ձայները: Բայց դուք շատ լավ գիտեք՝ շաբաթական կես ժամ, եւ մի քանի շաբաթից հետո Հայաստանում ամենամեծ հեղափոխական ալիքը կբարձրանա»: Հենց այս ենթատեքստում էլ հայտարարվեց, որ հաջորդ հանրահավաքը կհրավիրվի Նորքում՝ «Հ1»-ի դիմաց. «Կասենք՝ մեզ եթեր տվեք, տվեք մենք խոսենք»:

Հանրահավաքի մասնակիցները երթի թույլտվություն ունեին, եւ այդ կապակցությամբ գովասանքի խոսքեր ասվեցին քաղաքապետարանի հասցեին, մոտավորապես այն շեշտադրմամբ, որ այդ որոշումը տեղավորվում է ժողովրդավարության շրջանակներում: Ուստի, միտինգավորներն իրենց հերթին որոշեցին, որ իրենք էլ պարտավոր են ժողովրդավարության մեջ տեղավորվել եւ ամբողջ երթի ընթացքում իրար զգուշացնում էին՝ «Մայթերով քայլեք, անհարմար բառեր չգոռաք»։ Արամ Կարապետյանը բավականին երկար տվայտանքների մեջ էր՝ ԱԱ ծառայության մոտ հասնելով՝ գոռա՞լ «Գորիկ Հակոբյան, հեռացիր», թե՞ չգոռալ: Ի վերջո, ներողությունների շարանից հետո որոշեց՝ «Գոռա՛լ»: Բայց Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ, այնուամենայնիվ, ոչինչ չգոռացին, Արամ Կարապետյանը բացատրեց. «Անհարմար է, 60-ն անց մարդ է»:

Երթից հետո «Նոր ժամանակների» ներկայացուցիչները խաղաղ եւ հանդարտ ցրվեցին իրենց տները:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել