Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐ

Ապրիլ 28,2006 00:00

ՊԱՅՔԱՐ ՍՑԵՆԱՐԻ ՀԱՄԱՐ Արշիլ Գորկու մասին ֆիլմը՝ հեղինակային իրավունքի կռվախնձոր Հրազդանաբնակ սցենարիստ եւ դերասան Շահեն Փանոսյանը պնդում է, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը յուրացրել է իր սցենարը: Ըստ նրա, 2005թ. ապրիլի 25-ին «Արմենիայի» արբանյակային հեռարձակմամբ ցուցադրվել է Արշիլ Գորկու կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված փաստավավերագրական, կիսախաղարկային ֆիլմ, որի սցենարի հեղինակն ինքն է: «Մի քանի տեքստային ու պատկերային մանրամասների ավելացումից հետո ֆիլմը կրկնվեց նաեւ 2006թ. ապրիլի 24-ին: Օգտվելով նրանից, որ 2005թ. իմ եւ իր համագործակցությունը թղթի վրա ամրագրված չէ, «Բացահայտում» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Լուսինե Շահբազյանը ինձանից վերցնում է սցենարը, ավելացնում մի փոքրիկ հեքիաթային նախաբան եւ հանդես է գալիս որպես համահեղինակ: Այնուհետեւ եւս մի քանի տող ավելացնելով՝ սցենարի հեղինակ է դարձնում միայն իրեն՝ Լուսինե Շահբազյանին, չմտածելով, որ կարող է ինձ մոտ պահպանված լինել 2005-ի ցուցադրության տեսագրությունը՝ տիտրերով հանդերձ»,- «Առավոտին» գրել է Շահենը: Ըստ նամակագրի, եթե ֆիլմի նախնական տարբերակում իբրեւ հեղինակ տիտրերում իր անունն էր գրված, ապա ֆիլմի նոր տարբերակում տիտրերն ընդամենը «հուշում» են՝ «Դերասանների ընտրությունը՝ Շահեն Փանոսյանի»: «Իսկ ես դերասաններից ոմանց չեմ էլ ճանաչում»,- ասում է Փանոսյանը: Կապվեցինք «Բացահայտում» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Լուսինե Շահբազյանի հետ: «Ֆիլմի ցուցադրությունը անընդհատ տեխնիկական պատճառներով հետաձգվում էր, դրա համար մենք տիտրերին առանձնապես ուշադրություն չենք դարձրել, արագ-արագ, հապճեպ վիճակ էր: Մեկ տարի մշակելուց, բաներ փոխելուց եւ նոր նկարահանումներ անելուց հետո ֆիլմը գնաց այս տարի՝ Եղեռնի օրը: Շահենը մասնակցել էր սցենարիստների կոնկուրսին, ասաց, որ Արշիլ Գորկի հիանալի գիտի: Մենք էլ ասացինք, որ սցենար գրի: Բերեց ընդամենը 3 էջ, հետո գնաց հետազոտեց ու էլի ինչ-որ նյութեր բերեց: Քանի որ նպատակ ունեինք անպայման ֆիլմ նկարել, մենք էլ մեր հերթին սկսեցինք ուսումնասիրություններ անել: Պարզվեց, որ Շահենը սխալ ինֆորմացիա էր բերել, բայց այդ ընթացքում մեր խումբն արդեն մի գլոբալ տեսարան նկարահանել էր, որի վրա մոտ $1000 էինք ծախսել: 70-ականների «Գարուն» ամսագրից էր Շահենը ինչ-որ ինֆորմացիաներ վերցրել՝ ամբողջությամբ սխալ: Փաստորեն, եթե հանկարծ այդ ամսագիրը ձեռքս չընկներ ու ես էդպես ֆիլմ նկարեի էդ գներով ու եթեր տայի, իմ տարիների աշխատանքը պիտի ջուրն ընկներ: Մենք Շահենին ասացինք՝ շնորհակալ ենք քո աշխատանքից, Նյու Յորքից բերել տվեցի հատուկ գրքեր ու ուսումնասիրեցի: Շահենը մասնակցություն ունեցել է այնքանով, որքանով արտագրել է «Գարունից»: Հետաքրքրվեցինք, եթե Շահենը մասնակցություն չունի ֆիլմում, այդ դեպքում ինչո՞ւ է 2006-ին ցուցադրված ֆիլմի տիտրերում գրված՝ «Դերասանների ընտրությունը՝ Շահեն Փանոսյանի»: «Արշիլ Գորկու թանգարանի տնօրեն Բադալ Բադալյանի համար ընդամենը ընթերցել եմ սցենարը, ասել է՝ ամեն ինչ ճիշտ է: Այդ «Ճիշտ» բառի համար նրա անունն էլ ենք գրել տիտրերում… բացի այդ, Շահենը օգնել է մեզ, ես իրեն վճարել եմ դերասաններ գտնելու համար»: «Ես արդեն տասը տարի է՝ հաղորդում եմ անում եւ երբեք նման պատմության մեջ չեմ հայտնվել»,- հայտարարեց տիկին Շահբազյանը: Հիշեցնենք, որ «Բացահայտում» հաղորդաշարը էլի է «նման» պատմության մեջ ընկել: Անցյալ տարի Աբովյանի առեղծվածին նվիրված հաղորդումը եւս զայրույթի ու բողոքի ալիք էր առաջացրել աբովյանագետների շրջանում, քանի որ, նրանց հավաստմամբ, մատուցվել էր միանգամայն հերքված, դեռեւս 1930-ական թվականներին Ա. Բակունցի, Նիկ. Ադոնցի, Վ. Վահանյանի, Ա. Հովհաննիսյանի եւ շատ ուրիշների կողմից գիտական շրջանակներում մերժված «թուրքի դավադրությանը» Աբովյանի զոհ դառնալու վարկածը: Իսկ Խ. Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանն էլ «Առավոտին» ասել էր. «Արմենիա» հեռուստաընկերությունը անբարեխիղճ է գտնվել՝ հենվելով միայն Աբովյանի անհետացման ամենաամոթալի վարկածի վրա՝ վերջինս ներկայացնելով շոուի տեսքով… Եթե իմանայի, թույլ չէի տա, որ նկարահանող խումբն անգամ թանգարան մտներ»: Խմբագրություն էր եկել նաեւ ֆիլմի ռեժիսոր Կարեն Ադամյանը, որն էլ ասաց, թե պատրաստ է վիդեոփաստեր ներկայացնել՝ ապացուցելու, որ Շահեն Փանոսյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը: Ի դեպ, վերջինս էլ խոստացավ սեփական վիդեոփաստերը ներկայացնել: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել