Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մարդիկ մեզ մոտ հաճույքով են դատվում»

Ապրիլ 28,2006 00:00

«Մարդիկ մեզ մոտ հաճույքով են դատվում» Ասում է Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրեն Մնոյանը – Պարոն Մնոյան, Արագածոտնի մարզում ինչպիսի՞ն է մարդկանց վերաբերմունքը դատարանի նկատմամբ: – Տեղաշարժը զգալի է: Մարդիկ հենց մուտքից զգում են, որ դատարան են մտնում: Նախկինում այս դատարանը զբաղեցնում էր 100 քմ տարածք, կիսավեր մի շինություն էր: Նիստերի ժամանակ դահլիճում էլ կարիճներ էին «ֆռֆռում»: Մի փայտ էինք պահում ձեռքներս, հերթով կարիճ սատկացնում: Այսօր նման խնդիր չկա: Շենքը կապիտալ վերանորոգված է: Նկատել եմ՝ նույնիսկ զբոսաշրջիկներ են եկել շենք ու բակի վարդերը լուսանկարել: Մի խոսքով, մարդիկ մեզ մոտ հաճույքով են դատվում: – Դատարանի գործունեությունը շենքո՞վ է որոշվում: – Անշուշտ՝ ոչ: Քաղաքացիները դատարանից պահանջում են պարզ ու թափանցիկ դատավարություն, ինչն ապահովում ենք: Մեզ մոտ բոլոր նիստերը ձայնագրվում են, վերջ է տրվել թղթաբանությանը: Սակայն քաղաքացիներն այնքան կասկածամիտ են, որ ամեն անգամ ձեռքով կտկտացնում են բարձրախոսին, ստուգելով՝ աշխատում է, թե ոչ: Նրանք չգիտեն իրենց տարրական իրավունքները, հայցը ներկայացնելու փոխարեն զարմացած նայում են վրադ, թե ինչ պիտի ասեն: Ամենավատն այն է, որ քաղաքացուն չի բացատրվում իր իրավունքները: – Նրանց իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու համար ի՞նչ պիտի արվի: – Շատ պրոբլեմներ ուզում են բարդել դատարանի վրա: Մեր հայկական մենթալիտետն է այդպես՝ յուրաքանչյուր հայ մարդ իրավաբան է, բժիշկ է, փորձագետ է: Դատը դեռ չեղած, գյուղերում հավաքվում եւ քննարկում են, թե դատարանը ինչ վճիռ կկայացնի: Նշեմ, որ քաղաքացիական գործերով դիմումատուների 60-70%-ը դժգոհ է լինում: Պարտվող կողմը կարողանում է իր սխալը գցել դատարանի վրա, ասելով, թե դատարանն օբյեկտիվ չէր: Մեծ է նաեւ լրագրողներիդ դերը: Պետք չէ կառչել մեկ գործից, դրանով ներկայացնել ամբողջ դատական համակարգը: – Իրականում դուք օբյեկտի՞վ եք: – Մի օր «Առավոտի» լրագրողը թող գա այստեղ նստի, հետեւի ու համոզվի՝ օբյեկտի՞վ ենք, թե՞ ոչ: – Որեւէ ազդեցություն թողնո՞ւմ է այն, որ կողմերից մեկը «արտոնյալ» խավից է: – Օրենքը բոլորի համար մեկ է՝ ձեր ակնարկած հարուստների եւ աղքատների: – Պարոն Մնոյան, ՍԴ վերջին որոշումը կազդի՞ ձեր դատարանի կայացրած որոշումների վրա, մասնավորապես, երբ պետության կարիքների անվան տակ օտարվում է քաղաքացիների սեփական գույքը: – Արագածոտնի մարզում պետական կարիքների համար գույքի օտարման փաստեր դեռ չեն եղել: Շատ եմ ցավում, որ Հյուսիսային պողոտային դեռ չենք հասել: Կուզեի Աշտարակն էլ նմանվեր Երեւանին: Շատ վատ է, որ ամեն ինչ կենտրոնացած է միայն Երեւանում: Զրուցեց ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել