Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ

Ապրիլ 28,2006 00:00

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿՐՔԵՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ Շիրակի մարզի որոշ դպրոցներում սպասվում են տնօրենների ընտրություններ Մեր տեղեկություններով, վերջերս Շիրակի մարզպետարանի կրթության վարչությունն սկսել է ակտիվ ստուգումներ անցկացնել Գյումրիի դպրոցներում: Որոշ ուսուցիչների ասելով՝ մարզպետարանական պատվիրակությանը հատկապես հուզում են դասամատյանների վիճակն ու աշակերտների հաճախումները: Մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանի պարզաբանմամբ, ստուգումների նպատակը դպրոցական խորհուրդների աշխատանքը վերահսկելն է: «Խորհուրդը մեր հանրապետությունում նոր ինստիտուտ է, եւ չենք ուզում, որ դառնա ձեւական ու թողնենք, որ տնօրենը կառավարի խորհուրդը: Իսկ որ դպրոցներում ավելի շատ լինում ենք ահազանգերի բերումով, սա փաստ է: Այսօր դպրոցը կոլեգիալ մարմին է, դպրոցի ինքնուրույնությունը անցած տարիների հետ համեմատած՝ մեծ է: Որպեսզի սա առիթ չտա ինքնիշխանության (հավանաբար, նկատի է ունեցել կամայականությունը- Ն. Ա.) ու ցանկացած մանկավարժի բողոք չհասնի դատարան, մեր վարչության համապատասխան մասնագետները մարզպետին, նախարարին, մեզ ուղղված նամակների հետքերով ու համապատասխան հանձնարարականներով ուսումնասիրություններ կատարում են հենց տեղում»,- տեղեկացրեց մարզպետարանի պաշտոնյան: Այդ դեպքում ինչո՞ւ են կուսակցականացվում դպրոցական խորհուրդները եւ որպես կանոն օգտագործվում քաղաքական նպատակներով: Սահակ Մինասյանն այնքան էլ համաձայն չէր մեր դիտարկմանը՝ պնդելով, որ խորհուրդը ընտրվում է ծնողներից, մանկավարժներից եւ պետական լիազոր մարմնի կողմից նշանակված անդամներից, ու, բնականաբար, հնարավոր չէ, որ մեկ կամ երկու կուսակցություն համախմբված գրավի ամբողջ խորհուրդը: Եթե այդպես է, ինչո՞ւ էին մեր օրաթերթին դեռեւս մեկ տարի առաջ բողոք ներկայացնում Գյումրիի թիվ 32 դպրոցից այն մասին, որ խորհուրդը «զավթել» են դաշնակցականները: Կամ ինչո՞ւ էին վերջերս Ամասիայի տարածաշրջանի Ողջի գյուղի դպրոցի նախկին փոխտնօրենները բողոքում, որ խորհրդի պատվավոր անդամներ եղել են դպրոցի նախկին տնօրենի դաշնակցական ամուսինը, հորեղբոր աղջիկը, մնացած տեղերն էլ զբաղեցրել են տնօրենի համախոհները: Ինչպե՞ս է բացատրում կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը Ախուրյանի ու Ողջիի դպրոցներում կատարվող կադրային փոփոխությունները, մի՞թե սա կապված չէ կուսակցական խնդիրների հետ: Ողջիի դեպքերին «Առավոտն» արդեն անդրադարձել է: Հիշեցնենք, որ դպրոցի դաշնակցական տնօրեն Գոհար Պետրոսյանը աշխատանքից ազատել էր փոխտնօրեններին ու մի քանի ուսուցիչների՝ իր դաշնակցական ամուսնուն գյուղապետ չընտրելու համար: Իսկ Ախուրյանի դպրոցի տնօրենը՝ Հովհաննես Սաֆարյանը, մեր լավատեղյակ աղբյուրների հավաստմամբ, վերջերս աշխատանքից ազատվել է ՕԵԿ-ական լինելու համար, տնօրենի պաշտոնակատար նշանակվել է փոխտնօրեն Նարինե Մուշեղյանը, որը մեր աղբյուրների ասելով՝ ՀՅԴ համակիրներից է: Բնականաբար, ընդունված ավանդույթի համաձայն, վերջիններս պաշտոնները լքել են սեփական դիմումի համաձայն: Սահակ Մինասյանի ասելով՝ նրանք, ովքեր անտեսում են դպրոցի նպատակը եւ զբաղված են սեփական խնդիրները դպրոցում լուծելով՝ այլեւս չեն աշխատում: Պաշտոնյայի խոսքը Ողջիի դպրոցի տնօրենի եւ փոխտնօրենների մասին է: Իսկ Ախուրյանի դպրոցի տնօրենի փոփոխության հետ կապված՝ մարզպետարանի պաշտոնյան պատասխանեց. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ոչ դպրոցի տնօրենն է կուսակցական եղել, ոչ էլ պաշտոնակատարը, պարզապես տնօրենը զբաղվում է անհատ ձեռներեցությամբ, դուրս է եկել սեփական դիմումի համաձայն»: Հ. Սաֆարյանը, որը դպրոցի տնօրեն էր աշխատում 16 տարի, կարծես թե միակ բիզնեսմենը չէր, որ պետական պաշտոն էր զբաղեցնում: Ընդհանրապես՝ հայրենի բիզնեսմենները տառապում են պաշտոնամոլությամբ, պաշտոնյաներն էլ՝ սեփական բիզնեսն ունենալու մոլուցքով: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել