Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզերում բերքը ցրտահարվել է

Ապրիլ 28,2006 00:00

Մարզերում բերքը ցրտահարվել է Իսկ գյուղնախարարությունը շարունակում է պնդել, որ այս տարվա բերքին ոչ մի վտանգ չկա Երեկ Տավուշի մարզի բնակիչները անհանգստություն հայտնեցին, որ այս տարի էլ առատ բերքի հույս չունեն, քանի որ նախորդ գիշեր տեղացած ձյունը արդեն բավական վնաս է հասցրել: Նրանց պատմելով, ապրիլի սկզբին ջերմաստիճանը բարձր էր ու կարտոֆիլը, ցորենը եւ այլ մշակաբույսեր հասցրել էին ծլել, պտղատու ծառերն էլ ծաղկել էին: Մինչդեռ երեկ գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը վստահեցրեց, որ վերջին օրերի տեղումները եւ 0-ին մոտ ջերմաստիճանը մշակաբույսերի համար վտանգավոր չեն եւ բացասական ազդեցություն չեն ունենա բերքի ծավալների վրա: Իսկ հանրապետության բարձրադիր գոտիներում արձանագրված ցածր ջերմաստիճանը եւս անվնաս է, քանի որ բույսերի ակտիվ վեգետացիոն շրջանը դեռեւս չի սկսվել: Նրա խոսքերով, Արարատյան հարթավայրում էլ գրանցված 0-ին մոտ ջերմաստիճանը նույնպես չի կարող վնաս հասցնել մշակաբույսերին: Ըստ նրա, չեն վնասվի աշնանացան ցորենի, ինչպես նաեւ կարտոֆիլի ցանքատարածությունները: Այս եզրահանգումները գյուղնախարարությունն արել էր՝ ելնելով զուտ մասնագիտական գիտելիքներից: Երեկ կեսօրի դրությամբ նախարարությունը ոչ մի ամփոփ տեղեկություն չուներ, թե հանրապետության մարզերում, այնուամենայնիվ, վնասներ եղե՞լ են, թե՞ ոչ: Գ. Պետրոսյանի խոսքերով, նախարարության մասնագետներն այսօր պետք է մարզերում մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարեն՝ պարզելու տեղումների հետեւանքները: Իսկ մինչ այդ, ցրտահարությունից բերքը փրկելու համար գյուղնախարարության մասնագետները խորհուրդ են տալիս այգիները ծխահարել: Գ. Պետրոսյանը հողագործներին նաեւ հանգստացրեց, որ 7-8 օր շարունակ տեղացող առատ անձրեւները, որոնք 2,5 անգամ գերազանցել են նորման, նույնպես չեն կարող դառնալ մշակաբույսերի փտելու պատճառ. «Մի քանի օրից ջերմաստիճանը կբարձրանա եւ խոնավությունը շատ արագ հողից դուրս կգա»: Արտակարգ իրավիճակների վարչությունից տեղեկացանք, որ այս օրերին տեղացած հորդառատ անձրեւները հեղեղումների պատճառ են դարձել: Ապրիլի 26-ին անձրեւների հետեւանքով Վեդի գետը վարարել է եւ հունից դուրս գալով՝ վտանգավոր իրավիճակ է ստեղծել Վեդի-Արարատ հատվածի Գոռ ավանի պոմպակայանի տարածքում: Նույն օրը Վայք-Ազատեք ճանապարհի 2-րդ կմ-ին փլվել էր ճանապարհին հարակից հենապատը՝ առաջացնելով ճեղքվածքներ եւ քարաթափումներ: Վարարել է նաեւ Հրազդանը: Գետը ջրածածկել է մարզի Սիս եւ Նորամարգ գյուղերի ցորենի ցանքատարածքներն ու Սայաթ-Նովա գյուղի 14 տնամերձ հողամասեր: Առաջիկա օրերի եղանակի մասին Հայպետհիդրոմետի կանխատեսումներն այնքան էլ հուսադրող չեն: Ըստ օդերեւութաբանների, անձրեւները կդադարեն ամսի 30-ից ոչ շուտ: Բայց ջերմաստիճանը ապրիլի 29-ից սկսած՝ աստիճանաբար կբարձրանա: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել