Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

Ապրիլ 28,2006 00:00

Մոսկվայում
մեկնարկած հունահռոմեական, ազատ եւ կանանց ըմբշամարտերի Եվրոպայի առաջնությունները
Հայաստանի համար հաջող են սկսվել: Երեկ մինչեւ 60 կգ քաշային կարգում գերազանց
հանդես եկավ երեւանցի մարզիկ, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն
ու բրոնզե մրցանակակիր Կարեն Մնացականյանը: Նախնական գոտեմարտերը գրանցելով իր օգտին՝
29-ամյա ըմբիշը մտավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը ոչ պակաս տիտղոսավոր վրաստանցի
Դավիթ Բենինաձեն էր: Մինչ այդ Կարենը Դավիթի հետ մրցագորգում հանդիպել էր հինգ անգամ
ու բոլորում էլ պարտության մատնել նրան: Բացառություն չեղավ նաեւ վեցերորդը: Հայ
ըմբիշին երկու մրցափուլն էլ բավական էր, որպեսզի եւ մրցակցին, եւ մրցավարներին ապացուցեր
իր առավելությունը: Հաղթելով վճռորոշ գոտեմարտում՝ Կարեն Մնացականյանը ետ վերադարձրեց
մինչեւ 60 կգ քաշային կարգում Հին աշխարհամասի չեմպիոնի կոչումը: Ափսոս, նույն
օրը մեր մյուս ներկայացուցիչները՝ 74 կգ քաշային Մխիթար Հունանյանը եւ մինչեւ 96
կգ քաշային Ռոբերտ Պետրոսյանը նախնական փուլում տանուլ տվեցին իրենց գոտեմարտերը
եւ դուրս մնացին պայքարից: Սակայն երեկ եւս մի հայազգի մարզիկ բարձրացավ պատվո պատվանդանի
առաջին աստիճանին: Դա Ռուսաստանի ներկայացուցիչ, մինչեւ 74 կգ քաշային Վարդերես Սամուրգաշեւն
էր, ով եզրափակիչ գոտեմարտում առավելության հասավ բելառուսցի Օլեգ Միխայլովիչի նկատմամբ:
Հիշեցնենք նաեւ, որ նախորդ օրը կանանց առաջնությունում լեգեոներական Կարինե
Շադոյանը նվաճել էր բրոնզե մեդալ, որն առաջինն է հայկական ըմբշամարտի պատմության
մեջ: Այսօր մրցագորգ են մտնելու Ռոման Ամոյանը՝ 55 կգ, Վահրամ
Հունանյանը՝ 66, Դենիս Ֆորովը՝ 84 եւ Յուրի Պատրիկեեւը՝ 120:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել