Լրահոս
Օրվա լրահոսը

Դիրիժոր եւ ջութակահար՝ միաժամանակ

Ապրիլ 28,2006 00:00

Կամերային
երաժշտության տանը օրերս կայացավ Երեւանի պետկոնսերվատորիայի երիտասարդական նվագախմբի
(գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) երկրորդ մենահամերգը: Նվագախմբի առաջին
բեմելը տեղի էր ունեցել հունվարի 25-ին եւ, «Առավոտի» հետ զրուցած երաժշտագետների
բնորոշմամբ, այն որակվել էր լուրջ հայտ: Որպես ունկնդիր նշենք, որ հայ դասական
նվագախմբային երաժշտարվեստի պատմության ընթացքում փայլուն ջութակահար եւ դիրիժոր
Զարեհ Սահակյանցից հետո, որը ժամանակին ղեկավարում էր Հայաստանի պետական կամերային
նվագախումբը, Սերգեյ Սմբատյանը երկրորդն էր, որը միաժամանակ ներկայացավ ե՛ւ որպես
դիրիժոր, ե՛ւ որպես ջութակահար, մասնավորապես՝ Ռախմանինովի «Վոկալիզի» եւ Բախի «Ըստ
սուրբ Մաթեոսի տառապանքների» երկի մեկնաբանման ժամանակ: Վերջին ստեղծագործության
կատարմանը հանդիպեցինք Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթների
դափնեկիր Մագդա Մկրտչյանին: Նշենք նաեւ, որ համերգի ավարտին նվագախումբը ստիպված
էր ունկնդիրների պահանջով կատարել եւս մի քանի ստեղծագործություն: Մեզ հետ
զրույցի ընթացքում Ս. Սմբատյանի դասախոսը՝ պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի
Դավթյանն ասաց, որ բավական է ներկա գտնվել փորձերին եւ կտեսնեք երիտասարդ դիրիժորի
նվագախմբային ստեղծագործության «գաղտնիքները» բացատրող նրա շարժումները, ինտոնացիան
ու մտքերը՝ մերթ ոգեւորող, մերթ հումորով, բայց միշտ լրջմիտ, ավելորդաբանությունից
հեռու: «Դիրիժորն իր երիտասարդ տարիքին հասել է նրան, որ համոզիչ կերպով ընդգծում
է երաժշտության լարված դրամատիզմը եւ ռոմանտիկ հուզականությունը, պահպանում ստեղծագործությանը
բնորոշ հերոսականի եւ լիրիկականի հավասարակշռությունը, իսկ ամենագլխավորը, անսամբլային
մեծ համաձայնեցվածություն կա: Ահա թե ինչն է ամենից առաջ գրավում Սերգեյի ղեկավարած
երաժշտությունն ունկնդրելիս: Նշեմ նաեւ, որ կատարումներում, ինչին ներկա եղաք եւ
դուք, երբեք չխախտվեց մենակատարի ու նվագախմբի համագործակցությունը, շնորհիվ որի
չթուլացավ երաժշտության զարգացման դինամիկան»,- հայտնեց Յու. Դավթյանը: Ոգեւորված
նորաստեղծ նվագախմբի եւ իր ուսանող-դիրիժորի ձեռքբերումներով, կոնսերվատորիայի ռեկտոր,
պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանն էլ հարկ համարեց նշել երիտասարդ դիրիժորի կողմից երեկոյի
ընթացքում կատարվող երկերի ոճի եւ գեղարվեստական մտահղացման խոր ընկալումը, նուրբ
եւ բարձր գեղարվեստական մեկնաբանությունը. «Իսկ Սերգեյի արտիստական խառնվածքը ապահովեց
նաեւ երկրորդ համերգի բարձր մակարդակը»: Բազմաթիվ շնորհավորանքներ ընդունող
Սերգեյ Սմբատյանը «Առավոտին» ասաց միայն, որ կատարողական արվեստը գոյություն ունի
շնորհիվ նորին մեծություն ունկնդրի. «Ունկնդրին պետք է սիրել, հարգել, բայց ոչ երբեք
ենթարկվել, հակառակ դեպքում դու կնմանվես ղեկը կորցրած նավի»: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել