Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐ ՍՑԵՆԱՐԻ ՀԱՄԱՐ

Ապրիլ 28,2006 00:00

Արշիլ
Գորկու մասին ֆիլմը՝ հեղինակային իրավունքի կռվախնձոր Հրազդանաբնակ սցենարիստ
եւ դերասան Շահեն Փանոսյանը պնդում է, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը յուրացրել
է իր սցենարը: Ըստ նրա, 2005թ. ապրիլի 25-ին «Արմենիայի» արբանյակային հեռարձակմամբ
ցուցադրվել է Արշիլ Գորկու կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված փաստավավերագրական,
կիսախաղարկային ֆիլմ, որի սցենարի հեղինակն ինքն է: «Մի քանի տեքստային ու պատկերային
մանրամասների ավելացումից հետո ֆիլմը կրկնվեց նաեւ 2006թ. ապրիլի 24-ին: Օգտվելով
նրանից, որ 2005թ. իմ եւ իր համագործակցությունը թղթի վրա ամրագրված չէ, «Բացահայտում»
հաղորդաշարի հեղինակ եւ վարող Լուսինե Շահբազյանը ինձանից վերցնում է սցենարը, ավելացնում
մի փոքրիկ հեքիաթային նախաբան եւ հանդես է գալիս որպես համահեղինակ: Այնուհետեւ եւս
մի քանի տող ավելացնելով՝ սցենարի հեղինակ է դարձնում միայն իրեն՝ Լուսինե Շահբազյանին,
չմտածելով, որ կարող է ինձ մոտ պահպանված լինել 2005-ի ցուցադրության տեսագրությունը՝
տիտրերով հանդերձ»,- «Առավոտին» գրել է Շահենը: Ըստ նամակագրի, եթե ֆիլմի նախնական
տարբերակում իբրեւ հեղինակ տիտրերում իր անունն էր գրված, ապա ֆիլմի նոր տարբերակում
տիտրերն ընդամենը «հուշում» են՝ «Դերասանների ընտրությունը՝ Շահեն Փանոսյանի»: «Իսկ
ես դերասաններից ոմանց չեմ էլ ճանաչում»,- ասում է Փանոսյանը: Կապվեցինք «Բացահայտում»
հաղորդաշարի հեղինակ եւ վարող Լուսինե Շահբազյանի հետ: «Ֆիլմի ցուցադրությունը անընդհատ
տեխնիկական պատճառներով հետաձգվում էր, դրա համար մենք տիտրերին առանձնապես ուշադրություն
չենք դարձրել, արագ-արագ, հապճեպ վիճակ էր: Մեկ տարի մշակելուց, բաներ փոխելուց եւ
նոր նկարահանումներ անելուց հետո ֆիլմը գնաց այս տարի՝ Եղեռնի օրը: Շահենը մասնակցել
էր սցենարիստների կոնկուրսին, ասաց, որ Արշիլ Գորկի հիանալի գիտի: Մենք էլ ասացինք,
որ սցենար գրի: Բերեց ընդամենը 3 էջ, հետո գնաց հետազոտեց ու էլի ինչ-որ նյութեր
բերեց: Քանի որ նպատակ ունեինք անպայման ֆիլմ նկարել, մենք էլ մեր հերթին սկսեցինք
ուսումնասիրություններ անել: Պարզվեց, որ Շահենը սխալ ինֆորմացիա էր բերել, բայց
այդ ընթացքում մեր խումբն արդեն մի գլոբալ տեսարան նկարահանել էր, որի վրա մոտ $1000
էինք ծախսել: 70-ականների «Գարուն» ամսագրից էր Շահենը ինչ-որ ինֆորմացիաներ վերցրել՝
ամբողջությամբ սխալ: Փաստորեն, եթե հանկարծ այդ ամսագիրը ձեռքս չընկներ ու ես էդպես
ֆիլմ նկարեի էդ գներով ու եթեր տայի, իմ տարիների աշխատանքը պիտի ջուրն ընկներ: Մենք
Շահենին ասացինք՝ շնորհակալ ենք քո աշխատանքից, Նյու Յորքից բերել տվեցի հատուկ գրքեր
ու ուսումնասիրեցի: Շահենը մասնակցություն ունեցել է այնքանով, որքանով արտագրել
է «Գարունից»: Հետաքրքրվեցինք, եթե Շահենը մասնակցություն չունի ֆիլմում, այդ դեպքում
ինչո՞ւ է 2006-ին ցուցադրված ֆիլմի տիտրերում գրված՝ «Դերասանների ընտրությունը՝
Շահեն Փանոսյանի»: «Արշիլ Գորկու թանգարանի տնօրեն Բադալ Բադալյանի համար ընդամենը
ընթերցել եմ սցենարը, ասել է՝ ամեն ինչ ճիշտ է: Այդ «Ճիշտ» բառի համար նրա անունն
էլ ենք գրել տիտրերում… բացի այդ, Շահենը օգնել է մեզ, ես իրեն վճարել եմ դերասաններ
գտնելու համար»: «Ես արդեն տասը տարի է՝ հաղորդում եմ անում եւ երբեք նման
պատմության մեջ չեմ հայտնվել»,- հայտարարեց տիկին Շահբազյանը: Հիշեցնենք, որ «Բացահայտում»
հաղորդաշարը էլի է «նման» պատմության մեջ ընկել: Անցյալ տարի Աբովյանի առեղծվածին
նվիրված հաղորդումը եւս զայրույթի ու բողոքի ալիք էր առաջացրել աբովյանագետների շրջանում,
քանի որ, նրանց հավաստմամբ, մատուցվել էր միանգամայն հերքված, դեռեւս 1930-ական թվականներին
Ա. Բակունցի, Նիկ. Ադոնցի, Վ. Վահանյանի, Ա. Հովհաննիսյանի եւ շատ ուրիշների կողմից
գիտական շրջանակներում մերժված «թուրքի դավադրությանը» Աբովյանի զոհ դառնալու վարկածը:
Իսկ Խ. Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանն էլ «Առավոտին» ասել էր.
«Արմենիա» հեռուստաընկերությունը անբարեխիղճ է գտնվել՝ հենվելով միայն Աբովյանի անհետացման
ամենաամոթալի վարկածի վրա՝ վերջինս ներկայացնելով շոուի տեսքով… Եթե իմանայի, թույլ
չէի տա, որ նկարահանող խումբն անգամ թանգարան մտներ»: Խմբագրություն էր եկել
նաեւ ֆիլմի ռեժիսոր Կարեն Ադամյանը, որն էլ ասաց, թե պատրաստ է վիդեոփաստեր ներկայացնել՝
ապացուցելու, որ Շահեն Փանոսյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը: Ի
դեպ, վերջինս էլ խոստացավ սեփական վիդեոփաստերը ներկայացնել: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել