Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը «խաբվա՞ծ է»

Ապրիլ 28,2006 00:00

Ըստ Լարիսա Ալավերդյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ապատեղեկացրել էր Ռ. Քոչարյանին՝ Երեւանի Կենտրոնի «իրացման» վերաբերյալ:

Չորեքշաբթի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը 2005-ին իր գործունեության մասին զեկույցը ներկայացնելիս ասել էր, որ երկրի նախագահը եւ իշխանության այլ մարմիններ միանգամայն տեղյակ էին, որ Կենտրոնի կառուցապատման ընթացքում բնակիչների սեփականության օտարումն իրականացվում էր Սահմանադրության խախտումներով, քանի որ ինքը՝ տիկին Ալավերդյանը, 2004-ի ընթացքում բազմիցս այդ մասին նամակներ է հղել թե՛ նախագահին, թե՛ վարչապետին ու քաղաքապետին: Իսկ երեկ ՀԺԿ գրասենյակում այդ թեմայով քննարկման ժամանակ ՀՀ առաջին օմբուդսմենը կատարվածն այսպես ներկայացրեց. «Ժամանակին երկրի նախագահը խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում իրեն սխալ տեղեկություններ են ասել, ասել են՝ դա սահմանադրական է, ես նույնիսկ կարող եմ ասել, թե ով է դա ասել՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ու հիմա ստեղծված իրավիճակում նախագահը պիտի կանչի նրան ու կարգադրի՝ ցույց տուր այն ճանապարհները, որով էս մարդկանց իրավունքները կվերականգնվեն»: Սա Լ. Ալավերդյանն ասաց՝ ի պատասխան այն հարցին, թե հիմա այն բնակիչները, որոնց տները քանդել են եւ փողոց են շպրտել, այժմ ի՞նչ պիտի անեն:

Տիկին Ալավերդյանի խոսքերից ստացվում է, թե Դ. Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանին խաբել է, ինչին ըմբոստացավ ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանը. «Ես համաձայն չեմ, թե Քոչարյանը խաբված ու միամիտ է»: Լ. Ալավերդյանը ելույթից առաջ նախ ճշտեց, թե «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունից ներկայացուցիչ կա՞ ու ներողություն խնդրեց նախորդ օրը իր այն հայտարարության համար, թե երբ ինքը հակասահմանադրական գործողությունների մասին նամակներ է գրել իշխանությանը, արձագանքը եղել է այն, որ իրեն սկսել են հեռուստաեթերներին չհրավիրել: Երեկ արդեն նշել ենք, որ սրան ի պատասխան՝ «Երկիր Մեդիայից» հիշեցրել են, որ իրենց եթերում նա բազմիցս եղել է:

Երեկվա քննարկմանը մասնակցում էին նաեւ Կենտրոնի վտարված բնակիչները, որոնք եկել էին իրավաբաններից խորհուրդ հարցնելու, թե տվյալ պարագայում, երբ Սահմանադրական դատարանը կառավարության ընդունած կառուցապատման որոշումները հակասահմանադրական ճանաչեց, դրանից ի՞նչ է բխում: Իրավաբան Վահե Գրիգորյանը լուծումն այսպես էր տեսնում. «Արդեն շատերի տները քանդվել են, եւ փոխհատուցման խնդիրը կարող է լուծվել 2 ճանապարհով՝ կամ ազգային դատարանների, կամ Եվրոդատարանի միջոցով: Առաջինն իրատեսական չէ»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել