Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱ՞ՅՐՆ Է

Ապրիլ 28,2006 00:00

ՌԴ-ում եւ այլ երկրներում հայերի սպանությունների
նկատմամբ երկակի վերաբերմունքի կապակցությամբ հարցնում է «Իրավունքի եւ ազատության
կենտրոն» կազմակերպության ղեկավար Վարդան Հարությունյանը: – Ծալկայում հայ
երիտասարդի սպանությունից հետո մեր ազգայնականներն առաջարկեցին անգամ զորք մտցնել
Վրաստան: Սակայն ինչպե՞ս եք բացատրում, որ համանման ծայրահեղական կոչեր չեն հնչում
այնժամ, երբ Մոսկվայում այս տարվա ընթացքում հայերի վրա արդեն 6 հարձակում է կատարվել,
եւ վերջիններն էլ օրերս 17-ամյա Վահան Աբրահամյանցի սպանությունն ու ռեժիսոր Միքայել
Դովլաթյանի ծեծն էր: – Շատ ցավալի է, որ մարդիկ են սպանվում: Հետեւելով Մոսկվայում
կատարված սպանության եւ ծեծի վերաբերյալ մեզանում առկա արձագանքներին՝ կարելի է գալ
մի եզրակացության, որ մեզ համար չափազանց էական է, թե որտեղ եւ ով է հայ սպանել:
Մենք ըմբոստանում, հայհոյում, պատերազմի, արժանապատվության ու պատիվ պահելու կոչեր
ենք անում միայն այն դեպքում, երբ հայը ծեծվում, վիրավորվում կամ սպանվում է վրացու,
թուրքի կամ ադրբեջանցու ձեռքով: Իսկ եթե դա կատարվել է մեր հավե՜րժ բարեկամ Ռուսաստանում,
ապա այլ է արձագանքը: Նույնիսկ հրապարակային փորձեր են արվում այդ սպանության ու
բռնությունների դեպքերը դիտարկել ՌԴ-ում հայերի բացասական, կոպիտ կամ բռի վարքագծի
համատեքստում, ինչով փոխվում է հանցագործության դրդապատճառը ու կենցաղայինի վերածվելով՝
մեղմացվում եւ ինչ-որ իմաստով՝ այսօրվա եւ վաղվա զոհի համար նաեւ ծառայում է որպես
մեղադրանք: Պարզվում է, որ ճիշտ են այն պնդումները, թե մենք, բացի մեկից,
մեր մյուս բոլոր հարեւանների հետ էլ պատերազմի մեջ ենք: Մենք մեր բոլոր հարեւաններին
դիտարկում ենք որպես թշնամի: Այնքան մեծ է մեր անբարյացկամությունը եւ անբարեհաճությունը
նրանց նկատմամբ, որ անկախ պատճառից՝ հայի նկատմամբ կատարված կամայական ոտնձգությունը
դիտարկում ենք որպես Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ ուղղված թշնամական գործողություն:
Մենք մեզ համար ստեղծել ենք բարեկամ Ռուսաստանի կերպար, որը մեր նկատմամբ
վարվում է այնպես, ինչպես կամենում է, եւ որի բարեկամությունից հայտնի չէ, թե ինչ
ենք շահել: Այսօր էլ ահա, Ռուսաստանում կատարվող այս բռնությունների ու սպանությունների
ֆոնին, մեր ողջ եռանդն ու միտքը ներդրած՝ մեր հարեւաններից հավերժական թշնամու կերպար
ենք կերտում, որ այն որպես բարդույթ փոխանցենք մեր երեխաներին: – Բացառո՞ւմ
եք, որ այս հարձակումները սովորական խուլիգանություն են: Միքայել Դովլաթյանի կապակցությամբ
բացատրություն հնչեց, թե շշով խփել են գլխին՝ ամիսը 200 նման դեպք է լինում Մոսկվայում:
Մինչդեռ Վրաստանի կողմից իբրեւ ծրագրված պետական քաղաքականություն է դիտվում այն,
որ սվանները վերաբնակեցվում են Ջավախքում, եւ հրահրվում են ազգամիջյան բախումներ:
Սա է թերեւս պատճառը, թե ինչու է մեր հարեւան երկրում կատարվածն այդքան սուր ընկալվում,
իսկ ՌԴ-ում կատարվածն՝ ավելի մեղմ: – Բացառվում է, որ այս դեպքերը լինեն խուլիգանություն:
Սրանք ազգային հողի վրա կատարված հանցագործություններ են: Այս հարձակումները կատարվում
են ոչ միայն հայերի, այլեւ ուրիշ ազգերի նկատմամբ նույնպես: Ռուսաստանը բռնել է ֆաշիստական
երկիր դառնալու ուղին: Ե՛վ հայ երիտասարդի, ե՛ւ տաջիկ աղջկա, ե՛ւ սեւամորթների, ե՛ւ
այս կարգի մյուս սպանություններն էլ են հարկավոր դիտարկել այս համատեքստում: Տաջիկ
աղջկա սպանության գործով դատավարությունը եւ հանցագործների նկատմամբ կիրառված մեղմ
պատիժները ուղղակի վկայում են, որ Ռուսաստանն իրոք վերածվում է ֆաշիստական երկրի:
Իսկ Վրաստանի դեպքում մեր անբարյացկամությունն ու թշնամանքն այնքան սուբյեկտիվ ու
զգայական են, այնքան անարդարացի եւ չհիմնավորված, որ չի կարող դիմանալ որեւէ քննադատության:
Մենք ուղղակի չենք ուզում որեւէ դրական բան տեսնել մեր հարեւանի մեջ, հասկանալ նրա
առջեւ ծառացած խնդիրները եւ իրավիճակին մի պահ անգամ նայել նրա տեսանկյունից: Եվ
հայի մասնակցությամբ հարբածների ամեն վեճ կամ միջադեպ, հարեւանների ցանկացած կռիվ
փորձում ենք մեկնաբանել միայն ու միայն մեր «ազգային շահի» տեսանկյունից, ըստ որի՝
Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը հակահայ է: Մենք փորձում ենք մեր փոխհարաբերություններում
Ջավախքը որպես մահակ օգտագործել Վրաստանի դեմ ու հետն էլ աղաղակել այդ երկրի հակահայ
քաղաքականության ու մեզ չսիրելու մասին: Իսկ մեր մյուս հարեւանի՝ Ադրբեջանի մասին
ընդհանրապես խոսք չկա: Ամենահեռու ապագայում անգամ չի նշմարվում փոխհարաբերության
որեւէ եզր: Բայց ի՞նչ տարբերություն ռուս շովինիստի կողմից մետրոյում հայի դանակահարության
եւ ադրբեջանցու կողմից նույն դրդապատճառներով մեկ այլ հայի կացնահարության միջեւ,
բացի նրանից, որ մի դեպքում հանցանքը գործել է բարեկամ երկրի քաղաքացին, մյուս դեպքում՝
մի երկրի սպա, որի հետ Հայաստանը պատերազմի մեջ է: Սակայն համեմատեք, թե ինչքան տարբեր
արձագանքների են դրանք արժանանում մեզանում: – Հակավրացական հայտարարություններին
արձագանքեց մեր ազգային անվտանգության ծառայությունը, եւ դրանց հեղինակները զգուշացվեցին,
որ անթույլատրելի է ազգամիջյան թշնամանք հրահրելը: Իսկ Ռուսաստանի դեպքերի կապակցությամբ
ի՞նչ պիտի անի մեր պետությունը, որ չի արվում: – Լավ է, որ հակավրացականությունն
ունեցավ թեկուզ ձեւական, բայց հակազդեցություն: Չնայած գտնում եմ, որ արձագանքը պետք
է լիներ ամենաբարձր մակարդակներից: Պետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիներին
եւ հայրենակիցներին: Պետք է ոչ միայն Ռուսաստանի հայերի միությունը, այլ նաեւ ՌԴ-ում
Հայաստանի դեսպանատունը հանդես գար պաշտոնական հայտարարությամբ, դիմեր որոշակի քայլերի:
Բայց ես բոլորովին կոչ չեմ անում ընկնել աժիոտաժի մեջ եւ անել այնպիսի հայտարարություններ,
ինչպիսիք, ասենք, արվում են Վրաստանի դեպքում: Հիմա էլ՝ հակառուսական: Ընդհակառա՛կը:
Ես փորձում եմ դատապարտել ցանկացած հիստերիա՝ լինի դա Վրաստանի կամ մեկ այլ հարեւան
եւ ոչ հարեւան երկրի նկատմամբ: Ես ուղղակի չեմ հասկանում, թե հայի սպանության դեպքում
ինչո՞ւ են մեր երկրի ու հասարակության կողմից կիրառվում երկակի չափանիշներ: Մի՞թե
նման դեպքերում կարեւորը սպանության աշխարհագրական վայրն է:
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել