Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գործք

Ապրիլ 27,2006 00:00

«Գործք շնաց» Վերջին շրջանում ձեռքից ձեռք է անցնում մի գիրք, որի հեղինակը եւ տպագրության վայրը անհայտ են: Շրջանառվում են տարբեր անուններ, այդ թվում գրողների, քաղաքական գործիչների ու ներկայումս Հայաստանից դուրս գտնվողների: Գիրքը, որ տպագրել է «Կուսաստանի Կուսապատ քաղաքի «Կուսպետհրատ» հրատարակչությունը» վերնագրված է՝ «Գործք Շնաց կամ ճանապարհ դեպի Կուսաստան»: Հեղինակն էլ Կուսաստանի հանրապետության վաստակավոր սրիկա Շուն Շան որդին է: Գիրքն ունի յուրատեսակ նշանաբան՝ «Սրիկաներ բոլոր երկրների, միացեք»: Առաջաբանում «հեղինակը»՝ Տգեղ Շունը հիմնավորում է, թե ինչու են գրքում տեղ գտել գռեհիկ արտահայտություններ. «Մարդերն իրենք թող որոշեն իրենց հասունության չափը, եւ ըստ այնմ կողմնորոշվեն գիրքն ընթերցե՞լ, թե՞ ոչ»: Հեղինակը քննադատում է է Կուսաստան-Դրախտի (նկատի ունի Հայաստանը- Գ. Հ.) ազգային ավանդույթները, եկեղեցին, նախագահին, կուսակցություններին, մի խոսքով՝ ամենքին ու ամեն ինչ: Նրա հավաստմամբ, կերպարներն իրական են, կատարված դեպքերը՝ նույնպես, փոխված են միայն անունները: «Շունս ամերիկյան գաղտնի գործակալությունների, սիոնիստական կամ մասոնական կազմակերպությունների անձնագիր չունի, եւ գիրքը պատվերով չի գրել: Այն… Վստահեցնում եմ, որ «զտարյուն»… հայ, ներողություն …շուն եմ»,- ասում է նա: Շանը, օրինակ, վրդովեցնում են հայաստանցի մայր-տղա փոխհարաբերությունները. «Կուսաստանում տղա երեխաների ծնունդից հետո մամաներին կապող պորտալարը չեն կտրում, այդպես գոյակցում են մինչեւ երկուսի մահը… Տղամարդը մամայի հավերժական բեբեքն է՝ Մադոննա եւ Հիսուս: Մինչեւ 50 տարեկան մամայի կրծքից կաթ է ծծում… Կնոջ հետ հաղորդակցվում է մամայի միջոցով»: Հեղինակը փաստում է, որ Կուսաստանում ամոթ է, եթե ամուսնացած տղամարդը սիրուհի չի պահում: Այն կատարվում է տղամարդու ծնողների թույլտվությամբ, ովքեր հաճախ նախատում են հարսին. «Բա ո՜նց, տղամարդ ա, կարող ա՞ փեշդ բռնի, նստի»: Շուն Շան որդին գտնում է, որ Կուսաստանում կնոջ տնտեսական իրավունքները հավասարեցված են զրոյի. «Կինը ոչինչ չունի, այդ պատճառով որեւէ դիրքի հասնելու համար ծախվում է (բնագրում հեղինակը այս բառի փոխարեն ավելի կոպիտ արտահայտություն է օգտագործել- Գ. Հ.) վերեւների տղամարդկանց, ինչպես նրանց կաթողիկոսը… մասոններին, ինչպես նրանց նախագահը՝ օլիգարխներին»: Ի դեպ, գրքում շարունակ կրկնվում է մի դիտարկում. «Կուսաստանի նախագահը… «խա՜..ռո՜..շի՛ տղա է»: «Կուսաստանում հնարավոր չէ քսան մետր քայլել եւ չհանդիպել մեկին, որ աչքերիդ առաջ չթքի… Շնչահեղձ եմ լինում թքողաց Աշխարհում, իսկ Թքողաց պետությունը ինքը ինձ վրա է թքում: Էլ ինչ մտածեմ Կուսաստանի այն գեղեցկուհիների կրթության մասին, որոնք «Մերսեդես» քշող թքապարկերի սիրուհիներներ են»,- նեղսրտում է հեղինակը: Մյուս կողմից էլ փաստում է, որ աշխարհի ոչ մի ծայրում այսքան մեծ թվով գեղեցկուհիների չի հանդիպել՝ այսքան փոքր տարածության վրա… Նա կարծում է, որ Հայ ազգի կայացումը չի կարող իրագործել հայ տղամարդն իր ներկա կերպարով. «Հայ կնոջ պոտենցիալ հնարավորությունները բազմաթիվ անգամ գերազանցում են տղամարդուն: Պետք է կապանքներից ազատել հայ կնոջը, ապահովել նրա ֆիզիկական, մտավոր բացարձակ ազատությունը եւ հոգեմտավոր թռիչքի նախադրյալները»: Սուր քննադատություն կա մասնավորապես դաշնակցության հասցեին. «Արցախի գերագույն խորհրդի դաշնակցական նախագահը սպանվել է մութ պայմաններում… Այդ կուսակցությունը կուլ տվեց իր մի քանի ակնառու գործիչների սպանությունները՝ ներկա իշխանությունների հետ քաղաքական առեւտրի մեջ ներքաշվելով: Հիմա էլ հայտնվել է թակարդում»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Առանց մեկնաբանությունների անդրադարձանք «գրքին», համապատասխան հետեւությունները թողնելով գրահրատարակչական արտադրանքը վերահսկողներին, որոնց մեղքով դուրս է սպրդել վերոնշյալ հրատարակությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել