ԲՈԼՆԻՍ-ԽԱՉԵՆՈՒՄ «ԲՈԼ-ԲՈԼ» ԿԱՐՈՏ ԿԱ Նաեւ՝ այդքան խնդիրներ Եթե չլինեն հայ գրող, մանկավարժ Ղազարոս Աղայանին նվիրված աղայանական օրերը, հավանաբար հայաստանաբնակներս կմոռանանք գրողի ծննդավայրի՝ Վրաստանում գտնվող հայկական Բոլնիս-Խաչեն գյուղի մասին: Տրանսպորտային եւ հաղորդակցության հնարավորությունից գրեթե զրկված խաչենցիները հայրենիքի կարոտն առնում են «Բոլնիս-Խաչեն» հայրենակցական միության ջանքերով գյուղ այցելող հայրենակիցներից: Կազմակերպության նախագահ Արմեն Մանուչարյանի նախաձեռնությամբ մոտ 50 հոգանոց պատվիրակությունը ապրիլի 21-ին Երեւանից կրկին ուղեւորվեց հայկական հեռավոր բնակավայր՝ նշելու գրողի ծննդյան 166 եւ մահվան 85-ամյակները: Գյուղ էին եկել նաեւ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամները: Դա մեծ իրադարձություն էր խաչենցիների համար, ու չնայած տեղացող անձրեւին, նրանք հավաքվել էին Ղ. Աղայանի տուն-թանգարանի բակում՝ տեսնելու ու լսելու հայ ազգի մտավորականներին: Հայաստանից Բոլնիս-Խաչեն տանող ճանապարհն անցնում է ադրբեջանցիներով բնակեցված Զեմո-Բոլնիս գյուղի միջով, որտեղ չնկատեցինք ոչ մի աղոթատեղի, բայց փոխարենը բարգավաճ տներից ու նորատունկ այգիներից դժվար չէր նկատել, որ գյուղը ծաղկում է: Լավատեղյակներն ասացին, որ շաբաթվա բոլոր օրերին բնակիչները Բաքու գնալու հնարավորություն ունեն: Իսկ երբ հասանք Բոլնիս-Խաչեն, դժվար էր թաքցնել դատարկ, կիսադատարկ ու փլվող տների ճնշող տպավորությունը: Շատերը փայտերով փակել էին պատուհանները ու կարծես մեկնել ճակատ: Մի մասն էլ պարզապես դուռն ու լուսամուտը բաց էր թողել ու գնացել: Եվ քանի որ գյուղում հայրական տունը վաճառելու ավանդույթ չկա, լքված տները մեռնում էին կանգնած: Թերեւս այդ տպավորություններից հետո հասկանալի էր 70-ամյա Մարտինա տատիկի հուզմունքը, որով դիմավորեց Երեւանից ժամանած իր հարազատներին ու հյուրերին եւ առանց տրտնջալու հյուրընկալեց երեք օր: Թեեւ շրջակայքում հայկական եկեղեցիներ կան, տեղացիները շատ հազվադեպ են այցելում հայկական աղոթատեղի: Փոխարենը՝ մասնակցում են վրացական տոմարով անցկացվող սուրբ Զատկին եւ այցելում Խաչենում գործող վրացական Սիոնի եկեղեցին: Տրանսպորտային կապ (ոչ մասնավոր) Երեւանի հետ գրեթե չկա, հայկական հեռուստաալիքները դիտելու հնարավորություն՝ նույնպես: Եվ այդ ամենին գումարվում է անորոշությունը, հավանաբար նպաստելով հայաթափմանը: Բոլնիս-Խաչենի գյուղապետ Մարինա Անանյանի փոխանցմամբ, 1990 թ. գյուղն ունեցել է 2485 բնակիչ, 2004-ին՝ 1690: Նախկինում հարեւան գյուղի ադրբեջանցիները հայերի մոտ նախրապան են աշխատել, այժմ հայերն են նրանց մոտ նույն գործը կատարում: Եթե ադրբեջանական գյուղում տարվա ընթացքում 15 հարսանիք է լինում, ապա Խաչենում լինում է մեկը: Չնայած մտահոգիչ հանգամանքներին, գյուղապետը հուսադրում է, որ գյուղից արտահոսքը կանխվում է: Վերանորոգվել են գյուղի դպրոցը, ակումբը, մարզադաշտը, Ղ. Աղայանի տուն-թանգարանը, գյուղապետարանը, իսկ ծնելիությունը մի փոքր աճել է: Խաչենցիները նաեւ հավաստում են, որ Մ. Անանյանը կարողանում է կնոջ դիվանագիտությամբ լուծել հարեւան գյուղերի հետ առաջացող խնդիրները: Նա տիրապետում է անդրկովկասյան 4 լեզվի: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ