Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերաքննիչը՝ դատախա՞զ

Ապրիլ 27,2006 00:00

Վերաքննիչը՝ դատախա՞զ Հայաստանում գրանցվել է համաշխարհային պրակտիկայում չտեսնված դեպք. դատախազը հրաժարվել է մեղադրանքից, բայց դատարանը դատավճիռ է ընդունել: «Հաշվիչ» գործարանի նախկին տնօրեն Աշոտ Գրիգորյանի նկատմամբ Կոտայքի մարզի դատախազությունը հարուցել էր քրգործ, որով հաստատված էր համարել այն, որ Գրիգորյանը «խաբեության եղանակով» հափշտակել է Զավեն Հակոբյանին պատկանող 18 հազար դոլարին համարժեք դրամ: Գրիգորյանին մեղսագրվել էր նաեւ այն, որ նա «կեղծ փաստաթղթեր ներկայացնելով «Արդշինբանկ» ԲԲԸ-ի Աբովյանի մասնաճյուղ, վարկ ստանալու եղանակով 1999-ին հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 4.460.000 դրամ գումար»: Գործն ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան: Տուժողը մեկն էր՝ Զ. Հակոբյանը, գործով անցնում էր 9 վկա, որից մեկը՝ Սանկտ Պետերբուրգից: Առաջին ատյանի դատարանում պարզվեց, որ Ա. Գրիգորյանի նկատմամբ այս նույն գործով նշանակվել է (2004թ. հոկտեմբերի 4) ազատազրկում 4 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, ինչը պայմանականորեն չի կիրառվել, քանի որ կիրառվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով: Խնդիրն առնչվում է «Հաշվիչ» գործարանը սեփականաշնորհելուն, երբ Հակոբյանից 500 սերտիֆիկատ է վերցվել՝ «փոխառությամբ»: Ըստ տուժողի, 1 վաուչերը արժեցել է 50000 դրամ, մինչդեռ շուկայական արժեքը այդ ժամանակ 4400-4800 դրամ էր: Մարզի առաջին ատյանի դատարանը այս անգամ նշանակեց պատիժ՝ 1 տարի ժամկետով, սակայն առաջնորդվելով ԱԺ համաներում հայտարարելու մասին որոշմամբ, նախկին տնօրենի նկատմամբ դադարեցրեց քրեական հետապնդումը եւ ազատեց պատժի կրումից: Ա. Գրիգորյանը իր վերաքննիչ բողոքը բերեց, ուր շեշտել էր, որ 1996-ի մարտին, այո, Զ. Հակոբյանից վերցրել է 500 վաուչեր, օգոստոսին վերադարձրել է 6000 դոլարը՝ վաուչերների գումարը: Եվ որ վաուչերն էլ շուկայական արժեքով 3500 դրամ էր: Այս տարվա մարտի 1-ին ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը (Ս. Ղազարյան, Կ. Ղազարյան, Գ. Մելիք-Սարգսյան կազմով) «ամբաստանյալի» կարգավիճակ տալով առաջին ատյանի դատարանին, գտավ, որ այն «գործով ձեռք բերված ապացույցներին ճիշտ քրեաիրավական գնահատական չի տվել», որ այն «հիմք է ընդունել ամբաստանյալի ցուցմունքները»: Վերաքննիչ դատարանը մի դեպքում նշում էր, որ Ա. Գրիգորյանի «պատասխանատվությունը ծանրացնող եւ մեղմացնող հանգամանքներ չկան», մի այլ դեպքում՝ որ նախկին տնօրենի «ուղղումն ու վերադաստիարակումը հնարավոր է միայն ազատազրկման ձեւով պատիժ կրելու պայմաններում» եւ դատախազի գործառույթ վերցնելով հենց տեղում, 4 տարի ազատազրկում տվեց Գրիգորյանին: Վերջինս վճռաբեկ բողոքով դիմել էր ՀՀ քրեական եւ զինվորական գործերով պալատին, հայտնելով, որ մեղադրողը՝ Լ. Մելքոնյանը վերաքննիչ դատարանում հրաժարվել է քրեական հետապնդումից, իր մեղադրանքից, ինչը վերաքննիչ դատարանի դատավորները «չեն նկատել»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել