Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԽԵՂՃՈՒԿՐԱԿ»

Ապրիլ 27,2006 00:00

«ԽԵՂՃՈՒԿՐԱԿ» ՀԻՄՆԱՐԿԸ ԼՈՒԾԱՐՎԵՑ Որպեսզի էժան գնով սեփականաշնորհվի, դառնա շահավետ բիզնես Ինչպես արդեն հայտնել էինք, անցյալ շաբաթ կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Բժշկական գենետիկայի կենտրոն» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին: Առաջին հայացքից այս որոշումն անհասկանալի էր, որովհետեւ սովորաբար լուծարվում է այն հիմնարկը, որի գործունեությունն այս կամ այն չափով չի արդարացնում իր գոյությունը: Բայց հիշենք, թե ինչպես մինչեւ վերջերս ԳԱԱ նիստերում մեր ակադեմիկոսները ջանք ու եռանդ չէին խնայում այս կենտրոնի մասին գովեստի խոսքեր ասելու համար, թե ինչպես էր արդարացվում փաստը, որ այս կենտրոնը բյուջեից անհամեմատ մեծ գումարներ է ստանում: Չնսեմացնելով այս կենտրոնի կատարած աշխատանքը՝ համեմատենք ԳԱԱ երեք հիմնարկների 2002թ. բյուջեների հայտերը՝ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի (ՆՕՔԻ, որը եւս բժշկական թեքում ունի), Երկրաբանական գիտությունների ինստիտուտի (որը ԳԱԱ «ամենաթանկ» ինստիտուտներից մեկն է) եւ Բժշկական գենետիկայի կենտրոնի: ՆՕՔԻ-ի համար, իր 285 աշխատակիցներով (այդ թվում՝ 165 գիտաշխատողներով), պահանջվել է 53.5 մլն դրամ, Երկրաբանականի համար՝ 181 աշխատակիցներով եւ 87 գիտաշխատողներով, պահանջվել է 70.8 մլն դրամ, իսկ Բժշկական գենետիկայի կենտրոնի համար, իր 16 աշխատողներով ու 3 գիտաշխատողներով, պահանջվել է 35. 8 մլն դրամ: Ինչ վերաբերում է լուծարման խնդրին, ապա, ըստ Բժշկական գենետիկայի կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանի, դրա անհրաժեշտությունը կար հետեւյալ պատճառով: «Մեր կենտրոնը վերջին տարիներին բավական դուրս եկավ գործունեության այն շրջանակներից, որ ծառայում էր ակադեմիային, մենք իրականացնում էինք բուժական ծրագրեր, հիվանդությունների մոնիտորինգ, ուսումնական աշխատանքներ եւ այլն: Դա մեզ չէր բավարարում»: Ստացվում է, որ ճիշտ էր ակադեմիկոս Անրի Ներսիսյանի այն կարծիքը, որ այս կենտրոնը զուտ բժշկական հիմնարկ է եւ չպետք է ակադեմիայի կազմում լինի եւ առավելեւս՝ ֆինանսավորվի ակադեմիայի փողերով: Տիկին Սարգսյանը, համարելով, որ իրենք արդեն հասել են այն աստիճանի, որ պետք է գործեն իբրեւ անկախ կառույց, դիմել է հիմնադրին՝ Գիտությունների ազգային ակադեմիա, խնդրանքով՝ լուծարել իրենց կազմակերպությունը հետագայում վերաձեւակերպելու ակնկալիքով, «որպեսզի հետագայում դառնա առողջապահական, գիտական-ուսումնական հիմնարկ»: Ասել է թե՝ տիկին Սարգսյանը դիմել է իր հորը՝ Ֆադեյ Սարգսյանին, եւ լուծարման առաջարկը կառավարություն է մտել հենց Ֆադեյ Տաճատիչի (լավագույն դեպքում՝ ԳԱԱ նախագահության բյուրոյի) ցանկությամբ միայն, որովհետեւ նախագահությունում, ըստ մեր տեղեկությունների, շատ-շատերը չեն էլ իմացել այս մասին: Թամարա Սարգսյանին, ի դեպ, դուր չեկավ մեր վերոնշյալ համեմատությունը՝ այլ կազմակերպություների հետ: «Մեզ ոչ մեկի հետ մի համեմատեք, մենք ավտոմեքենա չունենք, ինչը ունեն մյուս ինստիտուտները, կապիտալ վերանորոգում չենք արել, իսկ նրանք ջեռուցում ունեն… գործուղումներ չունենք, ի՞նչ են ուզում մեր խեղճուկրակ հիմնարկից: Մեր սարքերը մենք մեր կապերով, մեր գրանտներով ենք ձեռք բերել»,- ասում է Թ. Սարգսյանը: Պետությունից հատկացվող շռայլ գումարները, որ տրվում են այս «խեղճուկրակ» հիմնարկին, կազմում են նրա եկամտի միայն 10-15 տոկոսը: Այս մասին մեզ ասաց ակադեմիկոս Անրի Ներսիսյանը՝ հիշելով հայտնի հանձնաժողովի աշխատանքներում ԳԱԱ թղթակից անդամ Արամ Շահինյանի մեջբերած թվերը: Ըստ այս թվերի, կենտրոնի եկամուտը կազմել է տարեկան առնվազն 400 հազար դոլար: Հայտնի է, որ 1999-ին, երբ բացվել է կենտրոնը, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը ավելի քան 100 հազար դոլարի ներդրում է կատարել այստեղ եւ գնել հիմնական սարքավորումները, նյութեր, ռեակտիվներ եւ այլն: Լուծարման մասին կառավարության որոշման մեջ, սակայն, խոսք է գնում նվիրաբերողին միայն 7-8 հազար դոլար (3 մլն 451 հազար դրամ) վերադարձնելու մասին: Տիկին Սարգսյանն այս մասին ասում է, որ նախ՝ գույքը մաշվել է, եւ հետո՝ վերջնական թիվ դեռ որոշված չէ: Թերեւս «խեղճուկրակ» գումարներով էլ կգնահատվի կենտրոնի ողջ գույքը, եւ տիկին Սարգսյանին կհաջողվի գնել այն չնչին գումարներով ու սեփականաշնորհել հիմնարկը: Նա խորհուրդ է տալիս թերթերին՝ չխառնվել այս գործերի մեջ, որովհետեւ վերջիններիս պատճառով իրենց գործերը ծանրանում են: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել