Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՇԱՏ

Ապրիլ 27,2006 00:00

«ՇԱՏ ՔՉԵՐՆ ԱՅՍՏԵՂ ԵՍ ԳՐԻ ԱՌԱ» Նարեկացու այս խոսքերն էր 2005-ին իր գործունեության եւ Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումների մասին զեկույցի համար բնաբան ընտրել Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Երեկ ներկայացրած նրա զեկույցը 214 էջ է, հավելվածները՝ 80 էջ: Զեկույցը հրատարակվելու է առանձին գրքով, եւ արդեն իսկ CD-ներով բաժանվեց ներկաներին: Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նախապատրաստել էր 600 էջ կազմող նյութ: 2005-ի զեկույցում, ի տարբերություն 2004-ի՝ նաեւ ներառված են վերլուծություններ: Լարիսա Ալավերդյանի հիմնական եզրակացությունն էր, թե Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը դեռ շատ ցածր է. «Մարդու իրավունքների խախտումները մեր երկրում բնութագրվում են ոչ միայն նրանով, որ դրանք շատ են, ամենուր եւ ամեն օր, քանի որ այդպես կարող է լինել նաեւ այլ պետություններում: Զեկույցը վկայում է, որ մարդու իրավունքների ոտնահարումը եւ խախտումները Հայաստանում կրում են համակարգային բնույթ»: Մարդու իրավունքների առաջին պաշտպանը նաեւ ասաց. «Իմ գրեթե երկու տարվա աշխատանքը ցույց է տվել, որ Հայաստանի բոլոր պաշտոնյաները բառակապակցություններով ճանաչում, հարգում եւ մարդու իրավունքները համարում են բարձրագույն արժեք եւ, այնուամենայնիվ՝ իրենց գործողություններով, ընդունած օրենքներով եւ իրավական այլ ակտերով ապացուցում են հակառակը: Այն է՝ մարդու իրավունքները Հայաստանի իշխանության հիմնական շերտի համար մնում են առավել հռչակագրային, քան իրական, գնահատվող արժեք»: Լարիսա Ալավերդյանն ասաց, որ բավական արդյունավետ համագործակցել է գրեթե բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների հետ, եւ այդ փորձի հիման վրա պնդեց. «Դրական արդյունքի ավելի պատրաստ է ներքին եւ միջին իշխանական օղակը, քան բարձրագույնը»: Հավաստիացրեց, որ շատ հաճախ է եղել, որ բավական պարզ հարցով դիմելով՝ հանդիպել է «լուռ դիմադրության», եւ հետագայում պարզվել է, որ ուղղակի վերադասն է հրահանգել չվերականգնել այդ իրավունքը: Որպես չվերականգնված իրավունքների ամենակարկառուն օրինակ առանձնացրեց Երեւանի Կենտրոնի կառուցապատման ընթացքում բնակիչներին սեփականությունից զրկելը: Ըստ նրա՝ այս գործընթացն անգամ անվանում չունի՝ «մարդկանց արժանապատվությունն ուղղակի զոհաբերվեց բավական հստակ ձեւավորված խմբի շահերին: Տվյալ դեպքում էլ գործ ունենք մարդու իրավունքների համակարգային բնույթ կրող ոտնահարման հետ: Այս խնդիրն արդիական եմ համարում, քանի որ վերջնական լուծումը ո՛չ տրված է ՍԴ-ի կողմից, ո՛չ էլ, ի դեպ, հենց ՍԴ-ն պետք է տար բոլոր հարցերի պատասխանը»: Այս խնդրին 2005-ի զեկույցում անդրադարձել են 10-15 էջը մեկ: Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ երկրի նախագահը եւ իշխանության այլ մարմինները միանգամայն տեղյակ էին, որ սեփականության օտարումն իրականացվում էր Սահմանադրության եւ օրենքների խախտումներով. «Չի եղել այնպիսի իրավիճակ, որ գոնե ես իրավունք ունենայի ասել, թե գիտե՞ք, պարզապես սխալ է տեղի ունեցել»: Մարդու իրավունքի առաջին պաշտպանը հայտարարեց, որ 2004-ի սեպտեմբերից սկսած նամակներ է հղել նախագահին, վարչապետին, Երեւանի քաղաքապետին՝ տեղեկացնելով, որ տեղի են ունենում «այդպիսի կոպիտ, հակասահմանադրական գործողություններ, որոնցով կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները: Արդյոք եղե՞լ է արձագանք: Այո՛, արձագանքը եղել է այն, որ դեկտեմբերից սկսած՝ Մարդու իրավունքների 1-ին պաշտպանն այլեւս չի հրավիրվել սկզբում Հ1, իսկ հետագայում նաեւ այլ հեռուստաալիքներ»: Այս պնդմանն արձագանքելով՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական-լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանն «Առավոտին» ասաց. «Ցավալի է, որ Լարիսա Ալավերդյանը համահավասարեցնելով՝ մոռացել է, որ մեր հեռուստաընկերության եթերում նաեւ 2005-ին եղել է բազմիցս: Մարտի 24-ին եղել է «Երկրի թեմա» հաղորդաշարի հյուրը՝ 25 րոպե ուղիղ եթեր, նոյեմբերի 21-ին դարձյալ այդ հաղորդաշարի հյուրն էր: Հունիսի 12-ին «Հասարակական կյանք» հաղորդաշարով էլի 25 րոպե ուղիղ եթեր է ստացել «Երկիր Մեդիա»-ում: Գումարեք սրան այն, որ 2005-ի 7 ամսում առնվազն 15 անգամ նրանից հարցազրույց են վերցրել լրատվական ծրագրի համար»: Սակայն վերադառնանք զեկույցին: Լարիսա Ալավերդյանն ընդունելով, որ ցանկացած երկրում էլ տեղի են ունենում խախտումներ, նշեց, թե ժողովրդավարական են այն երկրները, որտեղ հնարավոր են իրավունքների վերականգնում եւ պատճառված վնասների փոխհատուցում: Որ այս ամենը խորթ իրողություններ են Հայաստանի համար՝ ապացույցը թեկուզ Բուզանդի փողոցի բնակիչների խախտված իրավունքները չվերականգնելն է. «Խոսք չկա նաեւ նման հակասահմանադրական ակտեր ընդունողներին եւ իրականացնողներին պատժելու մասին»: Մատնանշելով այս օրինակը ու եւս 2-ը, որոնք վերաբերում էին խոցելի խմբերի՝ փախստականների եւ զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքների իրավունքների չվերականգնմանը, Լարիսա Ալավերդյանը պնդեց, թե այն, որ բոլորն ընդունում են, թե ոտնահարում կա, բայց չեն կարողանում վերականգնել խախտված իրավունքները՝ վկայում է պետության թուլության եւ խախտումների կազմակերպված բնույթ ունենալու մասին: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել