Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԹԱՔՑՆԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵՆՔ»

Ապրիլ 27,2006 00:00

«ԹԱՔՑՆԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵՆՔ» Ասում են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները՝ առանձնապես չմտահոգվելով իրենց հետեւող եւ «ներդրված» գործակալներից: Անցյալ շաբաթ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի եւ նրա թիկնապահների նկատմամբ ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերացիայից հետո կուսակցության նախագահը սենսացիոն բացահայտումներ արեց «Նոր ժամանակներում» բացահայտված գործակալների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ա. Կարապետյանը ապրիլի 21-ին հայտարարել էր, որ իր կուսակցությունում կա ուժային կառույցների 14 գործակալ, որոնցից երկուսը հեռացվել են «վատ պահվածքի» համար, իսկ մյուսների հարցերը կլուծվեն՝ ըստ ժամանակի: Ա. Կարապետյանն այն ժամանակ անուններ չէր տվել, բայց մանրամասնել էր, որ սույն գործակալներից «մեկ-երկուսի մականունը հասցրել են սրանց շեֆերին», եւ չէր բացառել, որ հենց դրանով է պայմանավորված իր նկատմամբ ուժայինների «ջերմ» վերաբերմունքը: Իսկ արդյո՞ք «ՆԺ»-ն միակ կուսակցությունն է, համենայնդեպս, ընդդիմադիր դաշտում, որտեղ ուժային կառույցները գործակալներ են ներդրել: Այս հարցին ի պատասխան՝ «Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանն ասաց. «Իմ կարծիքով, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն արդեն 5-6 տարի է, ինչ զբաղվում է միայն ներքաղաքական եւ տնտեսական խնդիրներով՝ սեփական կեցության հարցեր լուծելու եւ պատվիրատուի առաջ տղամարդ երեւալու համար: Ավելին, շատ հավանական է, որ ԱԱԾ-ն փորձում է կուսակցություններում իր մարդիկ ունենալ: Ինչ վերաբերում է կոնկրետ «Հանրապետությանը», ապա ես պատկանում եմ այն մարդկանց թվին, որոնք եթե կասկածում են որեւէ մեկին՝ նրա հետ գործ չեն ունենում: Չեմ կարծում, որ մեր կուսակցությունում նման մարդիկ եղած լինեն: Բայց ես համոզված եմ, որ մեր կուսակցությունում տեղի ունեցող ամեն ինչ ձայնագրվում է, գրասենյակը լսվում է: Մեր կուսակցության նկատմամբ այդպես են աշխատում: Իսկ նորաստեղծ կուսակցություններում փորձում են մարդիկ ներդնել՝ կուսակցությունները պառակտելու, որոշակի գաղափարներ շրջանառության մեջ դնելու համար: Մեր կուսակցությունը նախապատմություն ունի: Այստեղ հավաքված են Վազգենի ու միմյանց հետ երկար ճանապարհ անցած մարդիկ՝ անկախ այն բանից, կուսակցական են եղել, թե ոչ: Բայց որեւէ մեկը նման բաներից ապահովագրված չէ: Իշխանությունները բոլորին են ուզում իրենց վերահսկողության տակ պահել, առավել եւս՝ ընդդիմադիր կուսակցություններին: Բայց, իմ կարծիքով, նման կարգի գործակալներ շատ ավելի շատ են իշխանական կուսակցություններում, որտեղ մարդիկ իրենց գրասենյակներում շատ ավելի վախեցած են խոսում, քան ընդդիմադիրներս՝ իմանալով, որ մեզ լսում են: Թող լսեն. թաքցնելու բան չունենք»: Այս վերջին միտքը կրկնեց նաեւ ՀԺԿ մամլո խոսնակ Ռուզան Խաչատրյանը: «Հնարավոր համարում եմ այդպիսի գործակալների ներդրումը եւ ոչ միայն այդպիսի: Ուղղակի ինձ համար անհասկանալի է այն մեխանիզմը, որով «ՆԺ»-ում բացահայտել են այդ գործակալներին: Բայց ամեն ինչ հնարավոր է, եւ որ ուժային կառույցներից ամեն ինչ կարելի է սպասել՝ չեմ կասկածում: Չեմ կասկածում նաեւ, որ կգտնվեն մարդիկ, ովքեր ինչ-ինչ բաներից ելնելով կգնան այդ քայլին: Ի դեպ, այդ պրակտիկան շատ տարածված է ոչ միայն ուժային կառույցների գործակալների առումով: Կուսակցություններում ներդրվում են նաեւ այլ կուսակցությունների, այսպես ասած, գործակալներ, որոնք անդամակցում են մեկ, իսկ աշխատում՝ այլ կուսակցությունների օգտին: Խոսքս վերաբերում է քաղաքական դաշտին ընդհանրապես՝ առանց մասնավորեցնելու ընդդիմությանը, որովհետեւ իշխանական կուսակցությունները, որոնք իրար նկատմամբ վստահություն չունեն, մեծ հաջողությամբ ոչ միայն իրար հետ, այլեւ իրար դեմ են աշխատում: Դա ակնհայտ է նաեւ նրանց քվեարկություններից»,- ասաց տիկին Խաչատրյանն ու կեսկատակ-կեսլուրջ հավալեց, որ «եթե գործակալներին բացահայտելու ինչ-որ մեխանիզմներ կան, երեւի խնդրենք Ա. Կարապետյանին հրապարակել նաեւ այդ մեթոդները»: ՀԺԿ-ն իրեն ապահովագրված համարո՞ւմ է ԱԱԾ-ի ոտնձգություններից, ասենք, իր կուսակցականներին հետեւելու, գրասենյակը լսելու իմաստով: «Ոչ միայն ապահովագրված չենք, այլեւ վստահ ենք, որ լսվում է: Այդ վստահությունը կոնկրետ փաստերի վրա հիմնված չէ այն առումով, որ համապատասխան սարքավորումներ չենք հայտնաբերել, բայց համոզված եմ, որ, անշուշտ, հեռախոսները կարող են լսվել, մանավանդ որ նման փաստեր բազմիցս է բացահայտվել ու կիրառվում է Հայաստանում: Ինչ վերաբերում է հետեւելուն, ապա՝ եղել է ժամանակ, երբ անձամբ եմ զգացել, որ ինձ հետեւում են: Դա եղել է «Հոկտեմբերի 27»-ից հետո, եւ «27»-ի հետ կապված իմ հրապարակումներից հետո: Ընդ որում, դա նկատել եմ ոչ միայն ես, այլեւ իմ մտերիմները, ինձ շրջապատող մարդիկ: Ես նույնիսկ արդեն դեմքով էի ճանաչում այդ մարդկանց, իսկ դրանք մի քանի հոգի էին, ովքեր հերթափոխով հետեւում էին: Ինչ վերաբերում է կուսակցության առաջնորդներին, ապա ես վստահ եմ, որ նրանց ամեն մի քայլը մանրադիտակով են հետեւում»,- ասաց Ռ. Խաչատրյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել