Շիրակցիները
դժգոհում են, որ հացերի մեջից մերթընդմերթ տարբեր տեսակի ապրանքներ ու սատկած կենդանիներ
են դուրս գալիս: Վերջերս «Առավոտին» «հետաքրքիր» բովանդակությամբ դժգոհություններ
են հասնում ինչպես սննդի, այնպես էլ Շիրակի մարզ ներկրվող որոշակի տեխնիկական ապրանքների
«անորակ որակի» մասին: Բողոքներից ամենահնչեղը թերեւս Գյումրիի Վահան Տերյան փողոցի
«Պեգաս» խանութի դեմդիմաց գտնվող հացի կրպակին է վերաբերում: Թաղամասում ապրող որոշ
բնակիչներ կատակում են, որ այստեղ վաճառվող հացը միշտ շահումով է, հացթուխները մշտապես
մի «սյուրպրիզ» մատուցում են, մի անգամ «ասեղով», մյուս անգամ «բոլտով»: «Կերա-չկերա՝
ատամս բերանս ընկավ, տարա վաճառողին ցույց տվեցի, թե էս ի՞նչ բան է, վերջինս դեմքի
միմիկան անգամ չփոխեց, մի բան էլ այնպիսի պոզա ընդունեց, կարծես թե շահածս տելեվիզոր
կամ չայնիկ լիներ»,- կեսկատակ-կեսլուրջ պատմում էր բնակիչներից մեկը՝ հացթուխներին
զգուշացնելով, որ «մատուցած նվերը որպես կենդանի ապացույց աչքի լույսի պես պահել
է»: Տուժողը հետագայում պարզել է, որ հացը ներկրվում է Ախուրյանից: Ոչ պակաս արտասովոր
պատմություն էլ վերջերս գրանցվել էր Մարալիկում, այստեղ էլ, որոշ բնակիչների ներկայացնելով,
հացը «բուտերբրոդով» է, որի պարունակությունը, սակայն, սպառողների կարծիքով կամ չինացիների,
կամ էլ ճապոնացիների համար է: «Ինչ ճիճու ասես դուրս չի գալիս, մի անգամ պապուկ,
մյուս անգամ ականջմտուկ, նամուսն էլ է լավ բան, գոնե փնթի մարդկանց աշխատանքի չընդունեն»,-
ասում են սպառողները՝ տեղեկացնելով, որ Մարալիկի հացը արտադրվում է ինչպես տեղում,
այնպես էլ ներկրվում է Արթիկից: Նրանք բնականաբար ունեն այլընտրանքային հնարավորություն,
սակայն իրենց ասելով՝ խնդիրը հացի գործարանի, ցեխի կամ փռի մեջ չէ, այլ՝ վերահսկողության,
թե չէ ցանկացած տեղ էլ փնթիներ ու կենդանիներ կան: «Առանց ամոթի քաշը խաբում-խաբում
եք, էլ մեջները չուլուփալաս գցելներդ ո՞րն է, թե՞ բոլտը քաշի տեղն է»,- զայրանում
են սպառողները՝ վախենալով երեւույթի համատարած դառնալուց: Կոնկրետ Գյումրիում չեն
պահպանվում հացի փոխադրման եւ վաճառքի հետ կապված սանիտարահիգիենիկ նորմերը, գյումրեցիների
ներկայացմամբ՝ այն խանութներ մատակարարվում է ոչ միայն կեղտոտ մեքենաներով, այլեւ
վաճառվում է ամենափոշոտ փողոցներում: Հացի որակից զատ, Գյումրիում մեծ աղմուկ
են բարձրացրել հարեւան երկրներից ներկրվող փականները: Պարզվում է՝ «Լինսիի» նորակառույցներում
բոլորի դռները հնարավոր է բացել նույն բանալիով: Ովքեր հնարավորություն են ունեցել՝
փոխել են կողպեքը, իսկ մյուսները ստիպված աշխատում են տանը մնալ: «Ըսպես էլ բան կեղնի,
սխալվիս տունը չեղնիս՝ ունեցվածքիցդ կզրկվիս»,- «Առավոտին» բողոքեցին նորաբնակները՝
հավաստիացնելով, որ համատարած գողության դեպքեր արդեն արձանագրվել են: Իսկ
ի՞նչ է մտածում այս հարցերի շուրջ Շիրակի մարզային որակի տեսչությունը, արդյոք դժգոհությունները
այս կառույցի թույլ վերահսկման պատճառով չե՞ն: Այս առնչությամբ մեզ չհաջողվեց պարզաբանումներ
ստանալ. մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում աշխատակիցներից մեկը տեղեկացրեց, որ տեսչության
պետ Անդրանիկ Մանուկյանը Երեւանում է, իրենք էլ այդքան իրավասություն չունեն պատասխանելու
մեր հարցերին: Այնուամենայնիվ, պատրաստ ենք տպագրել նաեւ որակի տեսչության
մեկնաբանությունները: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ