Ամերիկյան «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնը հրապարակել է վերլուծություն Ադրբեջանի մասին, ուր կանխատեսումներ կան հայ- ադրբեջանական հակամարտության վերսկսման հնարավորության մասին:
«Երկու ամսվա ընթացքում կսկսի գործել Բաքու-Ջեյհան խողովակաշարը, որը Կասպից ծովի նավթը կհասցնի Միջերկրական ծով: Ակնկալվում է, որ 2006-ի վերջին խողովակաշարը եւ մյուս էներգետիկ ծրագրերը Ադրբեջանին կբերեն 2 միլիարդ 800 միլիոն դոլարի եկամուտ: Թեեւ այս փողերի մեծ մասը բաժին է հասնելու Իլհամ Ալիեւին եւ նրա կլանին, ռազմական բյուջեն նույնպես օգտվելու է այս եկամուտներից»: Հայ-ադրբեջանական առճակատման գոտում ներկա իրավիճակը «Ստրատֆոր» կենտրոնի փորձագետները գնահատում են լարված. «Փխրուն հրադադարը պահպանվում է 1994-ից ի վեր, բայց արձանագրվել են փոխհրաձգություններ ճակատային գծում: Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների վերջին հանդիպումը Ֆրանսիայում չմոտեցրեց երկու երկրներին հակամարտության կարգավորմանը»:
«Կանխիկ դրամի հոսքի պայմաններում Ադրբեջանը կարող է զենք ու ռազմական մեքենաներ գնել Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից կամ նախկին Վարշավայի պայմանագրի անդամ երկրներից: Ադրբեջանի զինվորականությունը կարող է խորհուրդներ ստանալ Միացյալ Նահանգներից»: Ամերիկյան վերլուծական կենտրոնի մասնագետների կարծիքով, փոքր հայկական ռազմական բյուջեն «հնարավոր էր հայկական ազգայնականության ուժի եւ ադրբեջանական բանակի թերարժեքության պայմաններում, բայց հետագայում ֆինանսավորման ակնհայտ անհավասարությունը կարող է փոխել այդ հավասարակշռությունը»:
Կենտրոնի փորձագետները փաստում են, որ 2005-ին Հայաստանի ազգային բյուջեն կազմել է 930 միլիոն դոլար՝ այն դեպքում, երբ Ադրբեջանինը հասել է 2 միլիարդ 986 միլիոնի: 2005-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել էր 300 միլիոն դոլար: Սակայն Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն շուտով կհավասարվի Հայաստանի ողջ ազգային բյուջեին: Հայաստանի ռազմական բյուջեն անցյալ տարի կազմել է 100 միլիոն դոլար: Այս տարի այն կհասնի 160 միլիոն դոլարի: Հիմա Բաքու-Ջեյհան խողովակաշարը լցվում է նավթով: Ադրբեջանի եւ Վրաստանի հատվածները լցվել են, լցվում է նաեւ Թուրքիայի հատվածը: 2007-ին նավթի արտադրությունը զգալիորեն կաճի: 2008-ին խողովակաշարը կգործի իր լրիվ կարողությամբ՝ օրական մեկ միլիոն բարել հզորությամբ, ինչը մեծ եկամուտներ կբերի Ադրբեջանին:
«Թեեւ թվում է, թե անջատողական տարածքը հետ վերցնելու Ադրբեջանի փորձը անխուսափելի է ներկայանում, կան մի շարք գործոններ, որոնք կարող են մեղմել ցանկացած ագրեսիվ քայլ: Այս գործոններից են բազմաթիվ միջազգային կորպորացիաները, որոնք եկել են Ադրբեջան եւ իրականացնում են էներգետիկ նախագծեր: Եվ ցանկացած քայլ, որը կարող է վտանգի տակ դնել արդյունահանման գործողությունները կամ խողովակաշարերը, դժգոհություն կառաջացնի այս մարդկանց մոտ, ովքեր Ադրբեջան են բերել բոլոր այս եկամուտները»,- գրում են «Ստրատֆոր»-ի մասնագետները:
Նրանք գտնում են նաեւ. «Խափանարար գործողությունները Բաքու-Ջեյհան խողովակաշարի դեմ շատ հավանական են դառնում, չնայած անվտանգության խիստ միջոցառումներին: Տարածաշրջանի բոլոր անջատողականները վայելում են Ռուսաստանի աջակցությունը: Իսկ վերջինս կարող է հավանություն տալ ցանկացած խափանարարության, քանի որ Բաքու-Ջեյհանը շրջանցում է Ռուսաստանը»:
Մյուս կողմից «Ստրատֆոր»-ը նշում է, թե հայերը ցույց են տվել, որ պատրաստ են կռվել. «Հայերը նաեւ բավական ուժեղ են քաղաքականապես: Հայկական համայնքը Միացյալ Նահանգներում, որն իր թվաքանակով գերազանցում է Հայաստանում ապրող հայերին, ազդեցիկ լոբբի ունի Վաշինգթոնում: Նուրբ հավասարակշռություն է ստեղծվել Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի դաշնակցային հարաբերությունների եւ Հայաստանին ցուցաբերվող ամերիկյան աջակցության միջեւ: Այս հավասարակշռությունը կստիպի Վաշինգթոնին անել ամեն բան՝ իր հնարավորության սահմաններում կանխելու հակամարտության վերառազմականացումը»:
Ըստ «Ազատություն» ռ/կ-ի