Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՆԻԿՅԱՆԸ

Ապրիլ 26,2006 00:00

ՊԱՆԻԿՅԱՆԸ ՓԱԽԱԾ ՉԻ «Պանիկյանը փախած չի, նրա հաշվապահական տետրն ու կնիքն ինձ մոտ են: Ինքն էլ ԱՄՆ-ում բուժվում է»,- օրերս, լրագրողներ հետ հանդիպման ժամանակ, նման հայտարարությամբ Գագիկ Պանիկյանի գլխին կուտակված սեւ ամպերը փորձեց ցրել Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի (ՀՌՖ) փոխնախագահ Պետրոս Ասլանյանը: Հիշեցնենք, որ ՀՌՖ-ում խառնաշփոթ է առաջացրել Ֆրանսիայում Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Րաֆֆի Երամյանի եւ ֆեդերացիայի այլ անդամների մարտի 27-ի այցը Հայաստան: Վերջիններս լինելով Հայաստանի մի քանի մարզական ակումբներում՝ համոզվել են, որ ռեգբիի զարգացմանն ուղղված գումարները նպատակին չեն ծառայել: Շրջանառվում էր նաեւ այն լուրը, թե Գ. Պանիկյանը ֆրանսիացիների գումարներով մեկնել է ԱՄՆ եւ բացատրություն չի տվել, թե ինչի վրա են ծախսվել ռեգբիի զարգացմանն ուղղված գումարները: Ֆրանսիայի ՀՌՖ-ի ներկայացուցիչները խնդրել են Հայաստանի սպորտպետկոմին՝ օգնել իրենց ՀՌՖ նոր նախագահ ընտրելու հարցում: Այս լուրերը, իհարկե, ՀՌՖ-ի փոխնախագահի սրտով չէին: Նրա ասելով՝ աթոռի կռիվ է եւ Պանիկյանի «անաղարտ» աշխատանքը սեւացնող խոսակցություններ: «Ֆրանսիացիները Հայաստանում հարց լուծող չեն: Նրանք կարող են մեր մասնաճյուղը լինել: Իրենք իրենց ընտրել են ու որոշել, որ պետք է Հայաստանում ռեգբին զարգացնեն».- նեղսրտեց Պ. Ասլանյանը: Նրա խոսքերով, գումարներ գրպանելու լուրերը սուտ են: Ֆրանսիացիները մի անգամ տվել են 1100 դոլար, որը ծախսվել է Ֆրանսիայից մարզահագուստների տեղափոխման համար, ինչը տեղ է գտել ֆեդերացիայի հաշվապահական տետրում: Սակայն պարզվեց, որ մեկական անգամ էլ տրվել է 500, 700, 400 դոլար, որը հաշվապահական տետրում չի գրանցվել: Պարոն Ասլանյանի պատմելով, այդ գումարն էլ ծախսվել է երկու տարի առաջ 30 ֆրանսահայ ռեգբիստների համար ՀՀ անձնագրեր ձեռք բերելու նպատակով, եւ որ այդ ծախսերը չեն ֆիքսվել ֆեդերացիայի հաշվապահական տետրում՝ պարզ պատճառով. «Օրինակ, եթե գնում ենք չինովնիկի մոտ ու փող տալիս, որ գործն արագ անի, հո չե՞նք գրի, թե փողն ում ու ինչի տվեցինք»,- նշեց ՀՌՖ փոխնախագահն ու ավելացրեց. «Նման բաները ձրի չեն արվում: Գումարի մի մասն էլ ծախսվել է ռեգբիի միջազգային ֆեդերացիայից ժամանած հյուրերին «պատիվ տալու» ու նվերների համար»: Հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ սպորտպետկոմն առաջարկել է Յուրա Բեգլարյանի թեկնածությունը, Պ. Ասլանյանը պատասխանեց. «Նախ Յուրա Բեգլարյանը սպորտդպրոցի տնօրեն է, ըմբշամարտիկ եւ ռեգբիի հետ կապ չունի: Ինձ ասացին, որ Յուրային սպորտպետկոմից են նշանակել: Սակայն սպորտկոմիտեն նշանակելու իրավունք չունի, դա միայն ֆեդերացիան կարող է որոշել»: Այս լուրը երեկ սպորտպետկոմում կտրականապես հերքեցին՝ ասելով, որ իրենք չեն միջամտում ֆեդերացիաների, այդ թվում նաեւ ռեգբիի ֆեդերացիայի գործերին: Ավելին, ռեգբիի ֆեդերացիան ընդգրկված չէ սպորտի պետական կառույցից պետբյուջեով ֆինանսավորվող ֆեդերացիաների ցուցակում: Չնայած ֆեդերացիայում տիրող իրավիճակին, Պետրոս Ասլանյանի տեղեկացմամբ, պատրաստվում են օգոստոսի 27-ին կայանալիք Վիտյա Այվազյանի անվան 3-րդ միջազգային մրցաշարին: Մինչ այդ, մայիսի 13-ին Աբովյան քաղաքի մարզադաշտում տեղի կունենա ռեգբիի Հայաստան-Սլովենիա հանդիպումը: Թերեւս հենց այդ օրերին էլ կհստակեցվեն ՀՌՖ եւ Ֆրանսիայի ՀՌՖ հարաբերությունները: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել