Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈԲԵՐՏ

Ապրիլ 26,2006 00:00

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ Կոալիցիան պատրաստ է «բացատրություններ լսել» ԱԺ նախագահի հարցազրույցը գերմանական «Frankfurter Allgemeine» թերթին (որի թարգմանությունն ամբողջությամբ տպագրվել է մեր թերթում) բավականին բուռն արձագանք ստացավ Հայաստանի ներքին քաղաքական կյանքում: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը անձամբ պատասխանեց Արթուր Բաղդասարյանին։ Կոալիցիոն գործընկերները եւս դժգոհ են ՕԵԿ ղեկավարից: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը գնահատեց որպես «քաղաքական կոնտուրից դուրս իրողություն»։ Ըստ նրա, խիստ վիրավորական եւ անընդունելի է, երբ նույն այդ հարցազրույցում ուղղակի կերպով ասվում է, որ 2003-ի ընտրությունները կեղծված են (այդպես է պարոն Սահակյանն ընկալել ԱԺ նախագահի խոսքերը). «Ասվեց ճիշտ այնպես, ինչպես ասաց Սպարտակ Եղիազարյանը, եւ բնական է, որ այստեղ նախագահը պիտի արձագանքեր: Ըստ էության, Արթուր Բաղդասարյանը կոալիցիայի շրջանակներում նույն թիմի ներկայացուցիչն է, եւ նրա հայտարարության ուղղությունը դեպի նախագահն էր, եւ նախագահն էլ պիտի պատասխաներ»: ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այն կարծիքին է, որ արտաքին քաղաքականության հետ կապված եւ նախագահական ընտրությունների նման գնահատական տալուց առաջ պետք է, որ այդ խնդիրները քննարկման նյութ դառնային կոալիցիայի ներսում, սակայն Արթուր Բաղդասարյանը նման հարց երբեք չի բարձրացրել. «Առաջին անգամ եմ նման կտրուկ տարբերվող մոտեցման մասին իմացել թերթից եւ համարում եմ, որ եթե կուրսի առումով կա այդպիսի կտրուկ տարբերություն, ապա կոալիցիան այդպես չի կարող աշխատել»: Արմեն Ռուստամյանը նկատեց նաեւ, որ եթե տարբերություններն ավելի խորացվեն, կարող են առաջանալ ազգային անվտանգության հետ կապված հարցեր. «Որովհետեւ կուրսի փոփոխությունն առաջին հերթին ԱԱ խնդիր է, եւ այո, ես համարում եմ, որ պետք է այդպիսի քննարկումներ տեղի ունենան»: Չբացառվեց, որ առաջիկայում կոալիցիան կքննարկի Արթուր Բաղդասարյանի հայտարարությունների հարցը։ Ընդդիմության ներկայացուցիչ Ստեփան Զաքարյանի գնահատականը կատարվածին հետեւյալն էր. «Պարզապես առջեւում խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ են, եւ մի նոր իշխանական կուսակցություն է ստեղծվել՝ «Բարգավաճ Հայաստան» անունով, եւ պարզ է, որ նա զբաղեցնելու է իշխանական սանդղակ եւ մեծ հավակնություններ ունի, եւ սրա հետ կապված կոալիցիայի մաս կազմող ուժերը, պարզ է, մտահոգ են, եւ նրանց պետք են լրացուցիչ հեռանկարներ: Գաղտնիք չէ, որ Արթուր Բաղդասարյանը ոչ առանց հաջողության փորձում է ստանալ Արեւմուտքի աջակցությունը առաջիկա ընտրություններում»: Նաեւ նկատեց, որ Արթուր Բաղդասարյանի՝ այս պահին երկրում չլինելը (ԱԺ նախագահը գտնվում է Ֆրանսիայում) ամենեւին նրան չի փրկելու, քանի որ Քոչարյանը երբեք հենց այնպես չի ասում՝ կգա եւ կպարզենք. «Կարծում եմ՝ հասկացողը հասկացավ եւ հիշեց հայտնի «ականջ քաշելու» մասին նույն Ռոբերտ Քոչարյանի սպառնալիքները եւ դրանց իրականացումը: Եվ պիտի ասեմ, որ ինչպես տեսել ենք միշտ, սովորաբար Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցողների վազքը մինչեւ մարագն է լինում, եթե այս անգամ այդպես չլինի, ես հաճելիորեն կզարմանամ»: Աղմկահարույց հարցազրույցի եւ նրանից հետո կատարվածի մասին ստացանք նաեւ ՕԵԿ դիրքորոշումը, որը ներկայացրեց Մհեր Շահգելդյանը: Նրա ներկայացմամբ, Արթուր Բաղդասարյանի հարցազրույցում ոչ մի արտառոց նոր բացահայտում չկար. «Խնդիրը հետեւյալն է. Եվրաատլանտյան հարաբերությունների խորացումը, եվրաինտեգրացիան, ԵՄ-ի եւ եվրոպական այլ կառույցների հետ սերտ հարաբերությունները միշտ էլ եղել են ՕԵԿ-ի դիրքորոշումը, միաժամանակ դա չի նշանակում, որ մենք դեմ ենք Ռուսաստանի հետ հարաբերություններին, դրանք բարեկամական են, եւ այդպես էլ կլինի։ Ըստ էության, վերջերս նաեւ ՌԴ-ն է իր հարաբերությունները խորացնում ՆԱՏՕ-ի հետ։ Այդ մասին վերջերս խոսել է Ռուսաստանի ԱԳ նախարարը»: Իսկ կեղծված նախագահական ընտրությունների մասով նկատեց, որ նույն հարցազրույցի որոշակի տարընթերցում կա։ Թերթերից մեկը թյուրիմացությամբ սխալ թարգմանություն է ներկայացրել նախքան բուն հարցազրույցի հրապարակումը, եւ հենց այդ պատճառով էլ հրապարակվեց հարցազրույցն ամբողջությամբ: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել