Իսկ
վնասը չի փոխհատուցվել 2003թ. փետրվարի 15-ին Երեւանի Ալեք Մանուկյան փողոցի
5ա հասցեում գտնվող, ՀՀ ռադիոտանը կից «Պիկուբո» ՍՊԸ-ին պատկանող երկհարկանի ծաղկանոց-սրճարանում
առավոտյան ժամը 6-ի սահմաններում հրդեհ բռնկվեց: Հրդեհի պատճառով ամբողջությամբ այրվեց
սրճարանը՝ գույքով, եւ ՍՊԸ-ին հասցվեց 19.755.150 դրամի վնաս: Մինչեւ երեկ
դատարանական տարբեր ատյաններում շարունակվում էր ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»
ՓԲԸ-ի դեմ ՍՊԸ-ի հայցի քննությունը: Հրդեհի պատճառը, ըստ փորձագիտական եզրակացության,
եղել է էլեկտրական սնուցման համակարգում ստեղծված վթարային ռեժիմը, ինչի հետեւանքով
առաջացել է էլեկտրական հաղորդալարերի կարճ միացում: Կարճ միացման պատճառ, ըստ փորձագետների,
կարող էր հանդիսանալ «էլեկտրական սնուցման համակարգում էլեկտրական հոսանքի լարման
կտրուկ բարձրացումը»: Սակայն փորձագետները չեն կարողացել պատասխանել, թե արդյոք գրանցվե՞լ
էր հոսանքի տատանում հրդեհի օրը: 2004թ. ապրիլի 1-ին ստացվել էր գրություն, ըստ որի՝
2003-ի փետրվարի 15-ին «հայկական էներգահամակարգի 110 կվ եւ բարձր լարման ցանցում
կարճ միացման դեպք չի արձանագրվել»: Չնայած «Պիկուբո» ՍՊԸ-ն, ըստ 2004թ. մայիսի
17-ի վճռի, շահել էր դատը տնտեսական դատարանում, սակայն վնասն առայժմ չի փոխհատուցվել:
Պատասխանող կողմը դատարան էր ուղարկել իր առարկությունները, գտնելով, որ փորձագետների
եզրակացությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ, ըստ ենթակայանի
օպերատիվ դիսպետչերական ծառայության մատյանների, «վթար տեղի չի ունեցել»: «Էլցանցերը»
գտնում է, որ «հայցվորը էլեկտրաէներգիայի սնուցում է ստացել այլ ուղղությունից, որի
միացումը կատարվել է իր նախաձեռնությամբ, ապօրինի լարանցման միջոցով»: Ընդսմին, բացառում
էին էլցանցերի կողմից անորակ էլեկտրաէներգիայի մատակարարումը: «380 վոլտ եռաֆազ էլեկտրաէներգիայի
օգտագործման համար հայցվորը չի ստացել էլեկտրաէներգիայի շահագործման թույլտվություն,
չի կնքել եռաֆազ էլեկտրաէներգիայի առքուվաճառքի պայմանագիր»: Երեկ ՀՀ քաղաքացիական
գործերով վերաքննիչ դատարանին ծաղկանոց-սրճարանի ներկայացուցիչը ներկայացրել էր Հայաստանի
հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Ա. Ամիրյանին ուղղված դիմումը (2001թ. հուլիսի
7), խնդրելով թույլատրել օգտվել իրենց բարձր լարման վահանակից, եւ կնքվել էր համատեղ
պայմանագիր կողմերի միջեւ: Առկա էր նաեւ 1147/01 թույլտվությունը՝ էներգիայի պետական
հսկողության գլխավոր վարչության կողմից, որով թույլատրվել էր «Պիկուբո» ՍՊԸ-ին էլեկտրաէներգիայի
օգտագործումը: Այն ակնարկին, թե «Պիկուբոն» չի ունեցել էլեկտրասնման տեխնիկական պայմանագիր,
բացառվում է մեր տրամադրության տակ եղած 23.07.2001թ. «Երեւանի էլեկտրացանց» ՊՓԲԸ-ի
պայմանագրով, ուր սահմանված են էլեկտրասնման պայմանները՝ «հաշվի առնելով ՀՀ ռադիոյի
ղեկավարության գրավոր համաձայնությունը, իրականացնել եռաֆազ էլեկտրաէներգիայի հաշվարկը»
ցուցումով: Գործին խառնվել է նաեւ Կոլորադոյի (ԱՄՆ) հայոց ժառանգական կենտրոնը, որը
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին
իր մտահոգությունն է հայտնել ֆինանսական ներդրումներ անող «Պիկուբո» ՍՊԸ-ի գործունեության
հետ կապված: Նրանք գտնում էին, որ չի վերականգնված ներդրողի ֆինանսական փոխհատուցումը:
Երեկ վերաքննիչ դատարանը մերժեց ՍՊԸ-ի հայցը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ