Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂՆԵ՞ՐՆ ԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ

Ապրիլ 26,2006 00:00

Երեւանի
պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանը երեկ չէր համաձայնում հանդիպել
իր բուհի շուրջ 400 հնդիկ ուսանողների հետ, մինչեւ որ դահլիճից դուրս չգան լրագրողները։
Ռեկտորի այս պայմանն անհասկանալի էր բուհի դահլիճում հավաքված հնդիկների եւ
հատկապես «Հետք»-ի արտասահմանցի թղթակցի համար։ Մինչ այդ միջազգային կապերի գծով
պրոռեկտոր Երվանդ Սահակյանն ու անգլախոս ուսանողների դեկան Աննա Սարգսյանը պատասխանեցին
հնդիկ ուսանողների հարցերին՝ կապված իրենց ընկերոջ մահվան հանգամանքների հետ։ Որից
հետո պրն Սահակյանը հայտարարեց, որ հիմա կգա ռեկտոր Գ. Քյալյանը եւ կարեւոր հայտարարություն
կանի։ Ռեկտորը չէր իջնում։ Քիչ հետո պրոռեկտորը պարզեց, որ ռեկտորը կգա, եթե միայն
լրագրողները լքեն դահլիճը։ Մենք համաձայնեցինք՝ ավելորդ լարվածությունից խուսափելու
համար, եւ դուրս եկանք միջանցք։ Պարզվեց, դա էլ բավարար չէր ռեկտորին։ Պրն Սահակյանը
մեզ ասաց, որ կտա իր առանձնասենյակի բանալին, միայն թե մենք գնանք այնտեղ՝ կողքի
մասնաշենք, այսինքն՝ դուրս գանք այդ շենքից։ Հետո առաջարկվեց մտնել ուսանողական խորհրդարանի
տարածք, որ գտնվում էր նույն հարկաբաժնում։ Մենք մտանք այնտեղ։ Քիչ հետո իրար ետեւից
դահլիճն ազատեցին հնդիկ ուսանողները։ Նրանցից մեկը եկավ մեր ետեւից եւ ափսոսանք հայտնեց,
որ դուրս ենք եկել դահլիճից, իսկ մեկ ուրիշն ավելացրեց, որ ռեկտորն իրենց ասել է,
թե թերթերը սուտ են գրում։ Խոսքը մեկ օր առաջ թերթերի այն անդրադարձի մասին էր, որտեղ
ռեկտորն արտահայտվել էր հնդիկ ժողովրդի մասին։ Կոնկրետ մեր թերթը չէր ներկայացրել
ռեկտորի այդ արտահայտությունը՝ ազգամիջյան լարվածություն չստեղծելու համար։ Բայց
մենք պատրաստ ենք պաշտպանել մեր գործընկերներին, որոնք մեջբերել են ռեկտորի բառերը,
եւ որի համար երեկ բժշկականում որոշ պաշտոնյաների կողմից քարկոծվում էին եւ մեղադրվում
սուտ ասելու մեջ: Պաշտոնյաները չէին հավատում (կամ ձեւացնում էին, թե չեն հավատում),
որ իրենց ռեկտորը նման բան կարող է ասել, մինչեւ որ նրանց ցույց չտվեցինք ձայնագրությունները։
Այս հրապարակումներից հետո, շաբաթ օրը հնդիկ ուսանողները շարունակել են իրենց
բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում։ Ավելի ուշ նրանցից մի քանիսը հանդիպում
են ունեցել բուհի ղեկավարների հետ եւ որոշակի համաձայնության եկել։ Սակայն երեկվա
հանդիպման ժամանակ որոշ ուսանողներ ընդվզում էին. նրանց չէր բավարարում մի քանիսի
հանդիպումը ռեկտորի հետ։ Դրա համար էլ նախատեսված էր երեկվա հանդիպումը՝ ավելի լայն
շրջանակների հետ, ինչը չկայացավ, եւ որի համար պրոռեկտորները եւ մյուս պաշտոնյաները
մեղադրում էին դարձյալ լրագրողներին։ Ի վերջո, մի քանի հնդիկ ուսանող դրսից
ետ բերվեցին եւ բարձրացվեցին ռեկտորի մոտ։ Մինչեւ ուշ երեկո բանակցություններից հետո
հնդիկ մի քանի ուսանողներ դուրս եկան ռեկտորի մոտից եւ հայտարարեցին, որ իրենք պրոբլեմ
չունեն ռեկտորի հետ։ Իսկ պրոռեկտոր Ե. Սահակյանը պնդում էր, որ նրանք ռեկտորի հետ
պարզապես ուսխորհրդի ընտրությանը վերաբերող հարցեր են քննարկել։ Ի՞նչ է, այդ հարցերը
քննարկելու համա՞ր էր այս ողջ պատմությունը։ Ընդհանրապես, պրն Սահակյանը, որ այս
օրերին անընդհատ հաշտեցնողի, «խաղաղության աղավնու» դեր էր կատարում, շարունակ ներողություն
էր խնդրում բոլորի անունից, եթե այս գործում կան մեղավորներ։ Ինչ վերաբերում
է 6-րդ հարկից իրեն վայր նետած Պրաշան Անչալյայի մահվան հարցում դեկան Աննա Սարգսյանին
ուղղված մեղադրանքներին, ապա պետք է ասել, որ երեկ Ա. Սարգսյանը հոգեկան անհավասարակշիռ
վիճակում պատմում էր, թե ինչպես է ինքը հասել դեպքի վայր, որ Պրաշանի մարմնի մոտ
եղել է 2 ուսանող միայն, եւ որ ինքը, գերազանց ավարտելով բժշկականը, գիտի, որ այդ
վիճակում մարմինը շարժել պարզապես չի կարելի, եւ իրեն մնում էր զանգել շտապօգնություն,
որտեղից էլ հայտնել են, թե արդեն գալիս են։ Ներկա 2 ուսանողներից մեկն էլ հաստատում
էր, որ տիկին Սարգսյանն այդ վիճակում ոչինչ անել չէր կարող։ Մեկը դահլիճից նույնիսկ
դժգոհում էր, թե ինչու է դեկանը «մարշուտկայով» գնացել դեպքի վայր եւ ոչ՝ տաքսիով։
Տիկին Սարգսյանն ի լուր բոլորի հայտարարեց, որ ինքը տաքսիներով չի շրջում եւ որ նույնիսկ
բջջային հեռախոս չունի։ Դահլիճից հնչած մեղադրանքները մոտավորապես այս բնույթի էին
եւ, փաստորեն, անհիմն։ Իսկ դեպքի հանգամանքները եւ մեղավորներին հայտնաբերելը իրավապահ
մարմինների գործն է։ «Մեր իրավապահ մարմինները հիմա պարզում են, թե ինչու է ուշացել
շտապօգնությունը, ինչու այնտեղ համապատասխան սարքավորումներ չեն եղել։ Եթե երիտասարդը
մահացել է, մեղավոր ենք բոլորս, որովհետեւ դա բնությանը հակառակ բան է, որ 21 տարեկան
երիտասարդը նման քայլի դիմի»,- ասում էր Ե. Սահակյանը։ Նա տեղեկացրեց, որ այսուհետ
հանրակացարանին կկցվի մեկ շտապօգնության մեքենա, որի ծախսերը պատրաստ է հոգալ համալսարանը։
Երեկ առավոտից մենք փորձում էինք վերջին օրերի իրադարձությունների մասին պարզաբանում
ստանալ նաեւ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատնից։ «Ռիսեփշընի» Աստղիկը մեզ փոխանցեց,
որ դեսպանատունն այդ կապակցությամբ որեւէ ասելիք չունի եւ մամուլի հետ շփվելուց ձեռնպահ
է մնում։ ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել