Բնակիչները կարծում են, որ հենց այդ պատճառով են օրը ցերեկով հայտնվել մթի մեջ
Այգեստան 5-րդ փողոցի 13 բնակարանի նոր տերերն արդեն մեկուկես տարի է՝ իրենց հարեւան 15 տան բնակիչներ, 1-ին կարգի հաշմանդամ, աշխատանքի վետերան Մառլեն Խաչատրյանի եւ թոշակառու բժշկուհի Նվարդ Քանքարյանի համար դարձել են մեծ գլխացավանք: Տիկին Քանքարյանի ներկայացմամբ՝ «ես իրենից ոչինչ չեմ պահանջում, միայն խնդրում եմ, որ ինձ բնական արեւի լույսից չզրկի, օրը ցերեկով բնակարանում լույս ենք վառում, թե չէ՝ մութ-մութ է, բան չի երեւում»: Թիվ 15 տունը պատուհաններ ունի միայն մի կողմից, իսկ նոր հարեւանները, հաշվի չառնելով այս հանգամանքը, ուղիղ այդ պատուհանների դիմաց այնպիսի մետաղե ճաղավանդակով պարիսպ են կառուցել, որը բնակարանը զրկվել է արեւի վերջին ճառագայթներից: Ըստ տիկին Քանքարյանի, քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչությունը «փող ա կերել, դրա համար էլ տասը ձեռով պաշտպանում ա, հակառակ դեպքում մի հատ աչքերը կբացեր-կտեսներ՝ ստեղ ինչ է կատարվում»:
Ի պատասխան 15 տան բնակիչների բողոքների՝ այդ վարչությունից տվել են հարցի հետ այնքան էլ առնչություն չունեցող մի վերացական պատասխան. «Այգեստան 5-րդ փողոցի 13 տունը սեփականության իրավունքով պատկանում է Տարոն Վիրաբյանին եւ Վեներա Նուգումանովային: Սեփականության վկայականի համաձայն, այդ փոփոխություններն ընդգրկված են այդ վկայականում»: Իսկ թե խախտում կա-չկա՝ վարչությունը ոչինչ չի պատասխանել: Բացի բաժանարար խուլ պարսպից, Ն. Քանքարյանը մտավախություն ունի նաեւ հարեւանի ավտոտնակի հետ կապված. «Իրենք գարաժի հետեւի պատը չեն կառուցում, դժվար չէ կռահել, թե ինչ հեռահար նպատակներ ունեն. մեքենաները դալան դարձած գարաժի դռնով կմտնեն ու կկանգնեն ուղիղ մեր պատուհանների առջեւ, հետագայում էլ հո մեքենաները արեւի, անձրեւի տակ չեն մնա, մի հատ ծածկ կանի ու էդ ժամանակ արդեն ինչքան էլ ես ձենս գլուխս գցեմ, ոչ մեկը ինձ չի լսի»:
Այժմ մեր ձեռքի տակ է թիվ 13 տան նախագիծը, ըստ որի, իսկապես միջշենքային տարածքում նախատեսված է ծաղկանոց, իսկ ավտոտնակը պետք է լինի 3 պատով եւ դարպասով, իսկ տանտերը համառորեն ձգձգում է 3-րդ պատի կառուցումը:
Ինչ վերաբերում է միջշենքային պարսպին, հետաքրքիր է, որ դիմումի պատասխաններից մեկում հողի վերահսկողության վարչությունը գրում է՝ «նախատեսված է ցանցապարիսպ», մեկ այլ տեղ՝ «երկաթե ճաղավանդակով պարիսպ»: Սա էական նշանակություն ունի հատկապես այն առումով, որ երկաթե հաստ ճաղավանդակները ստվեր են գցում բնակարանի վրա ու լույսի ներթափանցման առումով համարյա թե չեն տարբերվում խուլ պարսպից: «Ցանցն ու երկաթե ձողը մե՞կ ա, ոնց որ վանդակում լինենք, եթե նույն բանը լիներ՝ հենա նախագծում հատուկ չէին շեշտի՝ ցանցապարիսպ»,- դժգոհեց տիկին Քանքարյանը: Այս հարցի հետ կապված բնակչի հարցին կոնկրետ պատասխան տալու փոխարեն վարչությունը գրում է, թե «պարիսպը պետք է դիտարկել որպես 5-րդ փողոցին նայող գլխավոր ճակատի դիմաց նախատեսված պարսպի մի հատված»:
Մեր այցելության պահին փողոցի էլեկտրամատակարարումը խափանվել էր, իսկ Քանքարյանի տանը ցերեկվա ժամին իսկապես մութ էր:
Բողոքի առնչությամբ մեզ չհաջողվեց խոսել նաեւ երկրորդ կողմի՝ 13 տան նոր բնակիչների հետ, քանի որ նրանք տանը չէին, վերջին օրերի անբարենպաստ եղանակի պատճառով չէին աշխատում նաեւ շինարարները:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ