Դրա հերթական «զոհը» դարձան հայ երիտասարդը եւ հայաստանցի ռեժիսորը
Կիրակի օրը ռուսաստանյան իշխանությունների բարեհաճությունը ակնհայտորեն վայելող «օտմորոզոկները» հարձակվել են Ազգային կինեմատոգրաֆիայի համաժողովին մասնակցող հայաստանցի ռեժիսոր Միքայել Դովլաթյանի վրա։ Համաժողովի մասնակիցները միջադեպի հետ կապված երեկ դիմել են Մոսկվայի եւ Ռուսաստանի իշխանություններին. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Միքայել Դովլաթյանի հետ կատարվածը եւ նման դեպքերը կարող են ամենաբացասական կերպով անդրադառնալ հումանիտար համագործակցության զարգացման վրա: Դիմում ենք Ռուսաստանի եւ Մոսկվայի իշխանություններին՝ նման դեպքերը թույլ չտալու կոչով»: Բաց նամակը ստորագրել են Կինեմատոգրաֆիստների միության կոնֆեդերացիայի ղեկավարները, ինչպես նաեւ Վրաստանի, Ղրղըզստանի, Լիտվայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների միությունների նախագահները:
Հիշեցնենք, սակայն, որ սա Մոսկվայում ազգությամբ հայերի եւ ընդհանրապես այլազգիների նկատմամբ առաջին հարձակման դեպքը չէ: Մի քանի օր առաջ Ռուսաստանի մայրաքաղաքի մետրոյի «Պուշկինսկայա» կայարանում ազգայնամոլների կողմից սպանվել էր 17-ամյա Վահան Աբրահամյանցը: Մոսկվայի իրավապահները, սակայն, ինչպես այլ նմանատիպ դեպքերում, այս անգամ էլ հանցագործության բացահայտման համատեքստում ի սկզբանե հերքել են ազգային հողի վրա կատարված սպանության վարկածը: Երեկ գիշեր մոտ 100 հայեր դուրս են եկել Մոսկվայի Նովի Արբատ Սադովոյե կոլցո խաչմերուկ եւ փակել փողոցը՝ բողոքելով 17-ամյա հայ տղայի սպանության հետաքննության արդյունքների դեմ: Հայերին վրդովեցրել է այն, որ սպանվածն, իբր, մետրոյում մի աղջկա է հետապնդել, ինչն էլ դարձել է սպանության պատճառ: Նրանք համոզված են, որ իրավապահները փորձում են թաքցնել ազգային հողի վրա կատարված սպանության իրական պատճառները: «Ռադիոլուրի» փոխանցմամբ, երեկ հայ երիտասարդի մահը սգում էր ոչ միայն հայ համայնքը, այլեւ նրանք, ովքեր դատապարտում են իրենց երկրում ազգայնամոլ դրսեւորումները:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Ռադիոլուր»-ին ասել է, որ անհանգստացնող է հանգամանքը, որ ազգային հողի վրա օրեցօր աճող հանցագործությունները Ռուսաստանի իշխանությունների եւ ուժային կառույցների կողմից չեն արժանանում համապատասխան արձագանքի: Որ ՌԴ իշխանություններն ու իրավապահ մարմինները պետք է փորձեին կատարվածը որակել որպես «կենցաղային հողի վրա տեղի ունեցած հանցագործություն»՝ արդեն պարզ է, նախեւառաջ նկատի ունենալով մինչ այդ եղած նախադեպերը, բայց որ կատարվածի առնչությամբ լռում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը՝ տարօրինակ է եւ վրդովեցուցիչ: Ներողամտություն հայցելու, ցավակցության որեւէ խոսք չի հնչել ո՛չ դեսպան Արմեն Սմբատյանի, ո՛չ էլ ՀՀ-ում ՌԴ դեսպանության կողմից: Լռում են նաեւ հայաստանյան այն քաղաքական ու հասարակական կազմակերպությունները, որոնք շատ նախանձախնդրորեն ու օպերատիվ կերպով արձագանքում են աշխարհի որեւէ այլ երկրում, այդ թվում՝ Վրաստանում, հայազգիների դեմ կատարվող ոտնձգություններին: Հայտնի չէ՝ ռուսների նկատմամբ հայերի թերարժեքության բարդո՞ւյթն է սրա պատճառը, թե՞ կան այլ շարժառիթներ եւս, ասենք՝ ստրկամտության զգացումը կամ ռազմավարական դաշնակցի թանին թթու չասելու մտայնությունը:
Այդուհանդերձ, երեկ կատարվածի վերաբերյալ մեր հարցադրմանն ի պատասխան «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն ասաց. «Այսօրվա չեկիստական Ռուսաստանում ոտնահարվում են նաեւ ՌԴ քաղաքացիների, էլ ուր մնաց՝ ազգային փոքրամասնությունների՝ հայերի իրավունքները: Այն, ինչ կատարվում է պուտինյան Ռուսաստանում, օրինաչափ է, որովհետեւ այս երկիրը վաղուց է շեղվել ժողովրդավարությունից, իսկ իշխանություններն առաջնորդվում են կայսերական նկրտումներով: Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների լռությանը, ապա ամեն ինչ ակնհայտ է. գուբերնիայի կարգավիճակում հայտնված մի երկրի նախագահը, ինչպիսին մերն է, չի կարող բողոքել իր տիրոջ երկրում տեղի ունեցող անօրինականությունների դեմ: Մյուս կողմից, փորձը ցույց է տալիս, որ ՌԴ այսօրվա իշխանությունները անկանխատեսելի են ու հաշվետու չեն ՌԴ, առավել եւս՝ այլ երկրների հասարակությունների առջեւ: Ի վերջո, որքան էլ մեզ համար ստորացուցիչ է՝ վասալից ներողություն չեն խնդրում»:
«Ազատագրված տարածքների պաշտպանություն հասարակական նախաձեռնության» անդամ Արմեն Եղյանն էլ հավելեց. «Ռուսաստան մեկնած հայերը բախվել են մի իրավիճակի հետ, որը կապված է ռուսների համար ցավոտ՝ դեմոգրաֆիական խնդրի հետ: ՌԴ իշխանությունները խրախուսում են աշխատուժի, այդ թվում՝ հայերի ներհոսքը Ռուսաստան, որի արդյունքում փոխվում է ռուս հասարակության դիմագիծը: Սրա հետ չեն հաշտվում ռուսների մի մասը: Սա ցավալի իրողություն է, որի հետ հնարավոր չէ հաշվի չնստել: Այս ամենի համար առաջին հերթին պատասխանատու են ՀՀ իշխանությունները՝ այն պատճառով, որ ոչինչ չեն անում Հայաստանից արտագաղթը կանխելու համար: Ավելին, նրանք ամեն կերպ վանում են մեր ժողովրդին իր հայրենիքից»:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ