Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՄ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»

Ապրիլ 26,2006 00:00

Եվրոպայի
խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը
– Հետեւո՞ւմ եք ղարաբաղյան կարգավորման բանակցություններին: – Իհարկե,
ես ուշադիր հետեւում եմ այն ամենին, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ:
Ես քննարկում եմ այդ հարցը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ ամեն անգամ,
երբ հանդիպում եմ նրանց հետ: Ափսոս, որ այս հարցի կարգավորումն այսքան երկար է տեւում,
քանի որ կարգավորումը բխում է Հայաստանի, Ադրբեջանի եւ հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի
ժողովրդի շահերից: – Հնարավո՞ր է տարածաշրջանային համագործակցություն ծավալել
Հարավային Կովկասում չլուծված հակամարտությունների պայմաններում: – Ցավոք,
Հարավային Կովկասում հակամարտությունները շատ են՝ Աբխազիայում, Հարավային Օսիայում
եւ Լեռնային Ղարաբաղում: Իմ կարծիքով, համագործակցությունը միշտ հնարավոր է, բայց
հակամարտությունների առկայությունը սահմանափակում է համագործակցության մակարդակն
ու ծավալը: – Եվրոպական խորհուրդը կարո՞ղ է ավելի ակտիվ դեր խաղալ ղարաբաղյան
կարգավորման գործընթացում: – Առաջատար դերն այս գործընթացում պատկա նում է
ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ես անկեղծորեն հաջողություն եմ մաղթում ռուսաստանյան, ամերիկացի
եւ ֆրանսիացի համանախագահներին այն բարդ գործում, որով նրանք զբաղվում են: Հակամարտության
կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ ողջ աշխարհի շահերից:
Սակայն, կրկնում եմ, առաջատար դերը պատկանում է ԵԱՀԿ-ին եւ ոչ թե Եվրոպայի խորհրդին:
– Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է եվրոպական ինտեգրման գործընթացը լրացուցիչ շարժառիթ
ապահովել Հայաստանի եւ Ադրբեջանի համար՝ փոխզիջումների գնալու հարցում: –
Իմ կարծիքով, փոխզիջման լավագույն շարժառիթը պետք է լինի Հայաստանի եւ Ադրբեջանի
ժողովուրդների բարեկեցությունը: – Կա՞ն արդյոք լուրջ խնդիրներ Հայաստանի եւ
Եվրոպայի խորհրդի միջեւ հարաբերություններում: – Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում:
Երբեմն ինձ զարմացնում է այն, որ մենք անընդհատ ինչ-որ խնդիրներ ենք փնտրում: Իհարկե,
Հայաստանում կան որոշակի երեւույթներ, որոնք մենք կցանկանայինք փոխված տեսնել: Մենք
կոչ ենք անում Հայաստանին անել ամեն հնարավորը՝ Եվրոպայի մնացած մասին «հասնելու»
համար: Ժամանակ առ ժամանակ մենք ստիպված ենք ասել մեր հայաստանցի ընկերներին, որ
մենք դեռ սպասում ենք իրենց կողմից ստանձնած այս կամ այն պարտավորությունների կատարմանը:
Դա օգտակար է: Այնպես որ, Հայաստանի եւ Եվրախորհրդի հարաբերություններում ես որեւէ
լուրջ խնդիրներ չեմ տեսնում: Հայաստանը, ընդհանուր առմամբ, ներդրում ունի
եվրոպական քննարկումներում, բայց պետք է անկեղծ ասեմ. Հայաստանը կարող էր ավելի նշանակալի
ավանդ ունենալ, եւ պատճառը, որ դա տեղի չի ունենում, կայանում է Լեռնային Ղարաբաղի
խնդրում: Կարծում եմ, դուք կարող եք շատ արժեքավոր ներդրում ունենալ՝ հիմնվելով հայ
ժողովրդի պատմության, ավանդույթների եւ մշակույթի վրա: – Ինչպիսի՞ քայլեր
կարելի է ակնկալել Եվրոպայի խորհրդից՝ կապված Նախիջեւանում հայկական հուշարձանների
ոչնչացման հետ: – Մենք փորձում ենք կազմակերպել փաստահավաք առաքելություն,
որը կայցելի ոչ միայն ձեր նշած տարածաշրջանը, այլեւ բոլոր այն տարածքները, որտեղից
հաղորդագրություններ են ստացվում մշակութային եւ կրոնական հուշարձանների ոչնչացման
մասին: Նշանակություն չունի՝ դրանք հայկակա՞ն են, թե՞ ադրբեջանական: Մենք քաղաքակիրթ
մարդիկ ենք, եւ մեզ պետք է մտահոգի ցանկացած հուշարձանի ոչնչացումը: Կարեւորը մարդկանց
համատեղ աշխատանքի համար պայմանների ստեղծումն է: Հուսով ենք, որ փաստահավաք առաքելության
կազմում համատեղ կաշխատեն հայերը եւ ադրբեջանցիները, եւ դա կնպաստի այն ճշմարտության
գիտակցմանը, որ մենք պետք է հարգենք եւ պաշտպանենք միմյանց կրոնը եւ մշակույթը: –
Եվրոպայի խորհուրդը հետեւելու է 2007 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական
ընտրություններին, եւ ի՞նչ եք ակնկալում այդ ընտրություններից: – Ես սպասում
եմ, որ Եվրոպայի խորհրդին կհրավիրեն ընտրություններին հետեւելու համար: Եվրոպայի
խորհուրդը հետեւել է Հայաստանի վերջին ընտրություններին, եւ ես կզարմանամ, եթե մենք
հաջորդ տարի հրավեր չստանանք: Ի՞նչ եմ ակնկալում առաջիկա ընտրություններից:
Ակնկալում եմ նախորդ ընտրություններից ավելի լավ ընտրություններ, իրական առաջընթացի
ապահովում, որը թույլ կտա համոզված լինել նրանում, որ այս ընտրությունները կլինեն
ազատ եւ արդար: Յուրաքանչյուր անձ պետք է հնարավորություն ունենա առաջադրվել որպես
թեկնածու եւ չպետք է ենթարկվի ճնշումների եւ բռնության, օգտվել արտահայտման եւ խոսքի
ազատություններից: Այլ կերպ ասած՝ ես Հայաստանում ակնկալում եմ ավելի լավ ժողովրդավարություն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալություն՝ հատուկ «ԱՌԱՎՈՏ»-ի համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել