Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ՝

Ապրիլ 22,2006 00:00

ՀԱՅԵՐԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԿՈՒՄԲՆԵՐՈՒՄ Սոչիի «Դագոմիս» առողջարանային համալիրում մեկնարկել են շախմատի ՌԴ տղամարդկանց 13-րդ եւ կանանց 7-րդ ակումբային առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարն ընթանում է երկու խմբով՝ պրեմիեր եւ բարձրագույն: Այս, ինչպես նաեւ կանանց մրցաշարում հանդես են գալիս 12-ական ակումբներ, որոնք 11 տուրից բաղկացած շրջանաձեւ մրցակարգով պայքարում են չեմպիոններին ու մրցանակակիրներին որոշելու համար: Բացի դա, պրեմիեր լիգայի 4 լավագույն կոլեկտիվները եկող տարի Ռուսաստանը կներկայացնեն Եվրոպայի ակումբային առաջնությունում, իսկ բարձրագույն լիգայի առաջին երեք տեղերը գրավողները 2007-ին կփոխարինեն պրեմիեր լիգայի երեք անհաջողակներին: Ռուսաստանի ակումբային այս առաջնությունները հայ մարզասերներին հետաքրքրում են նրանով, որ այնտեղ լեգեոներականի կարգավիճակով հանդես են գալիս նաեւ մեր մի ամբողջ շարք առաջատար գրոսմայստերներ՝ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սմբատ Լպուտյանը, Կարեն Ասրյանը, Լիլիթ Մկրտչյանը, ինչպես նաեւ օրերս Դուբայում կայացած ՖԻԴԵ-ի համաժողովում գրոսմայստերի կոչում ստացած Նաիրա Մովսիսյանը: Տղամարդկանց պրեմիեր լիգայում մեկնարկային տուրում, ինչպես եւ սպասվում էր, հաղթողի գլխավոր հավակնորդ ակումբները հաղթանակ տարան: Անցած տարվա չեմպիոն «Տոմսկ 400»-ը, առանց առաջատար Լեւոն Արոնյանի, 5:1 հաշվով ջախջախեց «Էկոնոմիստին», «Յուժնի Ուրալը», որի կազմում են Կարեն Ասրյանն ու Սմբատ Լպուտյանը, շնորհիվ Սմբատի տարած միակ հաղթանակի (Կարենը ոչ-ոքի արեց Էմիլ Սուտովսկու հետ), 3,5:2,5 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Մերիայի» նկատմամբ, նույնպիսի հաշիվ գրանցվեց նաեւ «Ուրալ»-ՖԻՆԷԿ մրցամարտում: «Ուրալի» հաղթանակում կարեւոր դեր խաղաց Վլադիմիր Հակոբյանը, որը պարտության մատնեց Բրոդսկուն: Մյուս զույգերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Տերմոստեպս»-«Լադա»՝ 4:2, Մոսկվայի շախմատի ֆեդերացիա-«Յունիլայն»՝ 4:2, «Լադյա Կազան»-ՏՊՍ՝ 3:3: Կանանց մրցաշարի առաջին տուրում միմյանց դեմ ելան «Դեբյուտը», որի կազմում Նաիրա Մովսիսյանն անհաջողության մատնվեց, եւ Լիլիթ Մկրտչյանի «Յուժնի Ուրալը» (Լիլիթը այդ օրն ազատ էր): Պայքարն ավարտվեց ուրալցիների համոզիչ առավելությամբ՝ 3,5:0,5: ԱԲՑ-ն հաղթեց «Էկոնոմիստին»՝ 3:1, «Լադյան»՝ «Նեֆտեխիմ-Տոմիչկային»՝ 3:1, Չիգորինի անվան ակումբը՝ ՌԳՍՈՒ-ին՝ 2,5:1,5, ՖԻՆԷԿ-1-ը՝ ՖԻՆԷԿ-2-ին՝ 3:1 եւ միայն «Չեռնոզեմյե»-ԳՇԿ հակամարտությունում ոչ-ոքի՝ 2:2 ավարտվեց: Երեկ Սոչիում պետք է մեկնարկեր նաեւ մանկական ակումբների Ռուսաստանի անդրանիկ բաց առաջնությունը, որին հաշվարկից դուրս մասնակցելու նպատակով մրցավայր են մեկնել Երեւանի շախմատի ակադեմիայի եւ քաղաքային ֆեդերացիայի մինչեւ 16 տարեկանների թիմերը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել