Լրահոս
Օրվա լրահոսը

Էժանին են վազել

Ապրիլ 22,2006 00:00

Էժանին են վազել Մասնագետների խոսքերով՝ Հայաստանի պաշտոնական կայքերը քանդելը 10 րոպեի գործ է Որպես տեղեկատվության աղբյուր՝ մեր պաշտոնական կայքերը զուտ ձեւական բնույթ ունեն. այնտեղ ոչ մի պետքական ինֆորմացիա չես գտնի: Նախարարության կայքերում զետեղում են, թե տվյալ նախարարն ում հետ է աշխատանքային հանդիպում ունեցել, ոլորտին առնչվող մի քանի օրենքներ, աշխատակազմի անուններն ու կոորդինատները եւ՝ վերջ, իսկ այն տեղեկատվությունը, որը թափանցիկ պետք է դարձնի գերատեսչության գործունեությունը, բացակայում է: Ինչ վերաբերում է կայքերի տեխնիկական վիճակին, ծրագրավորողներն ու վեբ-դիզայներները հավաստիացնում են, որ դրանք շաբլոն մոդելների վրա են կառուցված, ուստի բացարձակապես անվտանգ չեն, եւ եթե հակերները մտքներին դնեն՝ ցանկացած կայք կարող են 10 րոպեում ոչնչացնել: Ըստ մասնագետների, ինտերնետային կայք ստեղծելը թանկ հաճույք չէ, այն կարժենա մոտ 5000 դոլար, բայց մեր ղեկավարները, ափսոսելով մի քիչ ավելի գումար ծախսել, գործը հանձնարարել են ոչ պրոֆեսիոնալների, երբեմն՝ ուսանողների, որի արդյունքում սրանից լավ կայքեր դժվար է պատկերացնել: Բացի այդ, հանրապետության շատ պաշտոնական կայքեր ստեղծվել են դրամաշնորհներով, իսկ դա ունի իր բացասական կողմը: Օրինակ՝ Ազգային ժողովի կայքը կառուցվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ. այս մասին նշված է նաեւ «parliament.am» էջի վերջում, ինչը մեղմ ասած՝ տարօրինակ է, քանի որ բացի այն, որ կայքի ողջ ինֆորմացիան, փաստորեն, վերահսկվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից, տպավորություն է ստեղծվում, թե ԱԺ-ն 5000 դոլար չունի՝ իր կայքը ունենալու համար: Ընդհանրապես, միջազգային կազմակերպությունների մատը խառն է մեր բոլոր նախարարությունների պաշտոնական կայքերի կառուցման գործում, պարզապես մերոնք դրա անունը դնում են՝ «գաղափարական աջակցություն»: Մեր տեղեկություններով՝ արտգործնախարարության վեբ կայքը նույնպես կառուցվել է դրամաշնորհներով, սակայն նախարարությունից մեզ պարզաբանեցին, որ իրենք իրենց ուժերով են այն ստեղծել. «Ոչ մեկը ոչ մի օգնություն չի ցուցաբերել, պարզապես ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն աջակցել է ներդնել «էլեկտրոնային վիզա» համակարգը, այն էլ՝ գաղափարապես»: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության կայքը արդեն 6 ամիս է՝ «վերազինվում» է: Մարզերում վիճակն ավելի ահավոր է: 2003-2005-ին նորից ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցներով բոլոր մարզերն ունեցան իրենց կայքերը, բայց դրանք բացարձակապես չէին ծառայում հասարակությանը տեղեկացնելու իրենց գործառույթին, քանի որ ամիսը մեկ էին թարմացվում: Այս տարվա հունվարի 1-ից, երբ ծրագիրը մոտեցավ իր ավարտին ու ՄԱԿ-ը դադարեց ֆինանսավորել, բոլոր կայքերը փակվեցին, իսկ դրանց վրա ծախսված 600 հազար դոլարը ջուրը լցվեց: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել